Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Հայկ Վարդանյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը:
Կալանավորը քսանհինգ օր գտնվել է հացադուլի մեջ՝ ունենալով առողջական խնդիրներ: Մի քանի վիրահատություններ տարած Վարդանյանի հարազատներն ահազանգում էին, որ նա բժշկական օգնության կարիք ունի, հացադուլի ընթացքում կորցրել է քաշը՝ տասնհինգ կիլոգրամ:
Նոնա Նավիկյանը նաեւ ասաց. «Հայկ Վարդանյանին պարբերաբար տարել են քաղհիվանդանոց՝ բուժհետազոտումների, իսկ երեկվանից արդեն գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների մշտական հսկողության տակ»:
Սոցիալական ցանցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր էջում գրել էր. «Արդարադատության նախարարությունն արձագանքել է մեր գրառմանը՝ 25 օր հացադուլի մեջ գտնվող, առողջական բարդ իրավիճակում հայտնված դատապարտյալի խնդրին։ Չնայած ուշ ժամին, դատապարտյալ Հայկ Վարդանյանին տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ նա բուժզննում է անցել։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը դատապարտյալին կտեղափոխեն նույն հիվանդանոց բուժման նպատակով։ Նշենք, որ դատապարտյալն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ հացադուլի պահանջը հենց բուժում ստանալն էր»:
Կարդացեք նաև
Իրապապաշտպանը շնորհակալություն էր հայտնել ԱՆ փոխնախարար Ա. Սարգսյանին՝ արագ արձագանքման համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.10.2022