Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուր է տանում «Վերելակը»

Հոկտեմբեր 08,2022 12:00

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի բեմում Ռումինիայի «Էմ» ստուդիայի (հիմնադրվել է 2005 թվականին) «Վերելակ» ժամանակակից պարային ներկայացումն էր (բեմադրիչ` Ֆեհեր Ֆերենց)։

Այսօրվա հոգեւոր-մշակութային իրականության համապատկերը՝ ժամանակակից աշխարհում կատարվող տարաբնույթ իրադարձությունների, հոգեւոր արժեհամակարգի որակափոխումների եւ մի շարք այլ երեւույթների հետ, արվեստն ամեն օր ռիսկի է մղում ինքն իրեն՝ բացելով նոր տարածություն, նոր աշխարհ, որտեղ մարդն ապրում է ուրիշ կերպ՝ մե՛կ ներփակված ինքն իր մեջ, մե՛կ լայն բացելով թռիչքի պատրաստ իր թեւերը, երբեմն՝ հուսահատված, երբեմն էլ՝ նոր որակներով ոգեշնչված։ Իսկ վերելակը, որը միշտ բարձրանում ու իջնում է, մարդու դինամիկ կյանքի ուրվապատկերն է՝ լի բազմաճյուղ բացահայտումներով։ Ահա «Վերելակ» ժամանակակից պարային ներկայացումը բեմում ցույց է տալիս կյանքի դինամիկան, թե ինչ է կատարվում, երբ կանգ է առնում վերելակը։


Բեմի մթության մեջ ուրվագծվում է վերելակը` մոտ մեկ քառակուսի մետր, երեք տղամարդկանց կանգնած դիրքերը, ապա հետզհետե արագացող շարժումը։ Ի սկզբանե թվում է՝ գեղագիտական ու փիլիսոփայական խնդիրներ չկան շարժումների մեջ, բայց երաժշտության միատոնության ու ժամանակակից խորեոգրաֆիկ մոտեցումների միջոցով ամբողջացած գիծը գալիս է խոսելու շատ մեծ խնդիրներից, որոնք ծառացած են մարդու կյանքի տարբեր փուլերում։ Խնդիրներ, որոնց բախվում ենք բոլորս։

«Վերելակ»-ում մարմինն ու շարժումը վստահաբար կարող են դիտարկել որպես խոսք։ Սակայն դրանք երբեմն դառնում են իրարից անկախ եւ ներկայանում են որպես ինքնաճանաչման գործիք։ Բեմադրիչը հստակ խնդիր է լուծել` դուրս չգալ մեկ քառակուսի մետր տարածքից, չխախտել այդ «սահմանը»։ Եվ այդ առումով հաջողվել է։

Իրավիճակներն ինչքան էլ բարդ լինեն, ելք միշտ լինում է, եթե անորոշությունը չի հասցնում խեղդել մարդկային կամքը։ Կամ՝ եթե անհոգ գործարարների միատեսակ ապրելակերպն ու մտածելակերպը չեն հասնում «փակ տարածք», չեն գիտակցում կյանքի լիարժեքությունը։ Գուցե սրանք «Վերելակի» ուղերձներից են, կարելի է տատանվել, որովհետեւ պարային ներկայացման ընթացքում պահ է գալիս, որ թվում է՝ ոչինչ էլ չի կատարվել։ Բայց ոչինչը հենց կեցությունն է, նրա մետաֆիզիկական ըմբռնումը, որը միջոց չէ իրական կեցության համար, բայց եւ նրա հիմքն է եւ մեզ ուղղված՝ այդպիսին մնալու միակ հիմնավոր առաջարկը։

«Վերելակ» ժամանակակից պարային ներկայացումը կարծես գծագրում է մարդկային կյանքի տիրույթները՝ գոյության եւ մենության տարբեր իրավիճակներում։ Սակայն կարեւոր եմ համարում ընդգծել, որ այս պարային ներկայացումը նախատեսված չէ մեծ բեմի համար։ Այս պարագայում բեմական մեծ տարածության պատճառով կարծես հանդիսատեսի մշտական կապը երբեմն-երբեմն խզվում է պարային ներկայացման ժամանակ եւ գեղագիտական միասնության շղթան ամուր հիմքեր չունի։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31