Որպես իր ներկայացրած փաստարկների հիմնավորում՝ ՍԴ դիմած պատգամավորը նշել էր, որ ժողովրդավարական հասարակություններում հանրային հաշվետվողականության եւ վերահսկողության կառուցակարգերն առանցքային նշանակություն ունեն, իսկ վիճարկվող կարգավորումներն ուղղակիորեն դուրս են մղում հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողության իրականացումը, արգելափակում են պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը:
Սեպտեմբերի 27-ին ՍԴ-ն հրապարակել է որոշումը, որը պաշտոնապես կայքում տեղադրվել է հոկտեմբերի 5-ին: Դիմողն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդեւանյանն էր, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված էր ԱԺ ներկայացուցիչ՝ ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանը: Դիմողը խնդրել է. «…որոշել Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 42, 51, 78 եւ 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Տեղեկացնեմ, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2017 թվականի հունվարի 14-ին եւ ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 25-ից: ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Դիմողի հարցադրումներն էին՝ արդյո՞ք Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները հանդիսանում են սահմանափակման ենթակա տեղեկատվություն, եւ արդյո՞ք նման տեղեկատվության սահմանափակումը համապատասխանում է համաչափության սկզբունքին: Արդյո՞ք Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները հանրությունից գաղտնի պահելը չի խախտում տեղեկատվության ազատության եւ հասանելիության Սահմանադրի կամքը:
Ըստ դիմումատուի՝ Սահմանադրության 51 եւ 42-րդ հոդվածների տեսանկյունից ակնհայտորեն առկա է սահմանափակում, եւ պարզ չէ, թե օրենսդիրն ինչ իրավաչափ նպատակ հետապնդելով է վիճարկվող նորմի միջոցով ուղղակիորեն սահմանափակել Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի՝ պետական միջոցների հաշվին իրականացվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը: Դիմողի գնահատմամբ՝ «Վիճարկվող կարգավորումը որեւէ կերպ չի առնչվում նաեւ հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի հիմքերի հետ»:
Կարդացեք նաև
Պատասխանող կողմը՝ Ազգային ժողովը նշում է, որ «Պետական գաղտնիք» պարունակող գնումների պլանում ներառվում են Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ կարգավիճակը, այն է՝ պետական պահպանության օբյեկտներ հանդիսանալը, ինչը համահունչ է տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակման՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ նպատակին:
Ըստ ՍԴ իրավական դիրքորոշման, պետական գնումների ոլորտում թափանցիկությունը կենսական անհրաժեշտություն է յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության համար: Միեւնույն ժամանակ՝ պետությունը մի կողմից՝ պաշտպանում է յուրաքանչյուրի տեղեկություններ ստանալու իրավունքը, անհրաժեշտ կառուցակարգեր է նախատեսում տվյալ իրավունքի պատշաճ իրականացման համար, մյուս կողմից՝ տեղեկության այն մասը, որն իր բնույթով գաղտնի տեղեկություն է եւ որի բացահայտումը կամ կորուստը կարող է վնաս հասցնել հանրային շահերին կամ այլոց հիմնական իրավունքներին եւ ազատություններին, կարող է սահմանափակվել:
Ըստ ՍԴ-ի. «Տեղեկություններ ստանալու իրավունքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն երաշխիք է պետական մարմինների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության համար: Տեղեկություններ ստանալու իրավունքը սերտորեն կապված է կարծիքի արտահայտման ազատության հետ, քանի որ հասարակությունը նախ պետք է հնարավորություն ունենա ստանալ տեղեկություններ պետական մարմինների գործունեության վերաբերյալ, ապա վերլուծելով առկա տեղեկատվությունը եւ ձեւավորելով որոշակի համոզմունք՝ արտահայտել իր կարծիքը: Վերոգրյալից բխում է, որ հանրության համար տեղեկությունը, որպես կանոն, պետք է մատչելի լինի, ինչի միջոցով էլ հնարավոր է արդյունավետ իրականացնել ժողովրդավարական պետություններին բնորոշ հասարակական վերահսկողությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ սահմանադիրն ամրագրել է նաեւ այն իրավաչափ նպատակները, որոնց առկայության պարագայում խնդրո առարկա հիմնական իրավունքը/ազատությունը կարող է սահմանափակվել»:
Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ վիճարկվող դրույթում առկա է ոչ հստակ ձեւակերպում, մասնավորապես, ի տարբերություն կեցության, սննդի եւ տրանսպորտային միջոցների՝ օգտագործվում է «արարողակարգային ծախսեր» ձեւակերպումը, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ գնման պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց ոչ թե արարողակարգի, այլ արարողակարգային ծախսերի ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները:
Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող համարելով նշյալ օրենքի վիճահարույց հոդվածները՝ արձանագրել է, որ արդեն իսկ ավարտված գործարքներով գնումներին վերաբերող հարցերն ուղղակիորեն առնչություն չունեն վիճարկվող իրավակարգավորումների հետ. «Վիճարկվող դրույթով ծախսերի բացվածքը պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում դասելը Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատության ու Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման 20 մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունքի համաչափ սահմանափակում է»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.10.2022