Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեց արդի հայ թատրոնին նվիրված երկօրյա գիտական նստաշրջանը

Հոկտեմբեր 07,2022 22:44

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկել է «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով միջազգային գիտական նստաշրջանը։

Այսօր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում համանախագահությամբ Կարինե Խոդիկյանի և Ջերալդ Փափազյանի կայացել է նստաշրջանի երկրորդ նիստը՝ «Արդի հայ դրաման» խորագրով։

Զեկուցումներով հանդես եկան Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բ․գ․դ․, Վարշավայի համալսարանի դոցենտ Անդրեյ Մոսկվինը, «Թատրոն» ամսագրի խմբագիր, թատերագետ, «Կոմերսանտ» թերթի հեղինակ. ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական միջազգային ֆորումի էքսպերտ, Դիզայնի բարձրագույն Բրիտանական դպրոցի դասախոս, Թատերագետների միջազգային ասոցիացիայի անդամ Ալլա Շենդերովան, Սաթէ֊Աթղը ֆրանսիական թատերական միություն, ռեժիսոր, բ․գ․թ․ Սաթե Խաչատրյանը, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, բ․գ․թ․, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը, դերասան, բեմադրիչ, դասախոս Ջերալդ Փափազյանը և ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս, ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Կարեն Մանուչարյանը։

Երկօրյա գիտական նստաշրջանն ամփոփեց արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, հայտնելով, որ բոլոր զեկուցումներում իշխում էր գիտական բարձր մակարդակը։ Գիտաժողովը նպաստեց, որպեսզի արդի դրամատուրգիայի մասին գիտական խորքային վերլուծություններ հնչեն։

Մեզ հետ զրույցում Անուշ Ասլիբեկյանն ասաց, որ երկօրյա նստաշրջանի ընթացքում մի շարք նոր գաղափարներ առաջացան, նաև հեռանկարային համագործակցության եզրեր գտնվեցին թե՛ արտասահմանյան գործընկերների հետ, թե՛ տեղացի։

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը նշեց, որ գիտաժողովի երկու օրերին էլ զեկուցողների և ներկաների միջև երկխոսություններ ու քննարկումներ ծավալվեցին, ինչը շատ կարևոր է։

Նշենք, որ «Արդի հայ թատրոն. նոր միտումներ և հիմնախնդիրներ (1990-2022)» խորագրով առաջին միջազգային գիտական երկօրյա նստաշրջանը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտությունների կենտրոնն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Վ․ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31