Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Իոաննիսյանի ամենաանհաջող համեմատությունն էր». Վիգեն Խաչատրյան

Հոկտեմբեր 07,2022 20:55

Ինչպես հայտնի է, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրելու հետ կապված կա լուրջ քննադատություն, որ չլսված ու չտեսնված բան է ՀՀ պատմության մեջ, որ ակնհայտ կուսակցականին, թիմակցին այդ պաշտոնում դնեն:

Դանիել Իոաննիսյանը օրինակ էր բերել. «Սա նույնն է, ինչ եթե երկու ֆուտբոլային թիմերի խաղի մրցավարը, նախքան մրցավար դառնալը, լիներ այդ թիմերից մեկի խաղացող և իր ամբողջ կարիերայի համար պարտական լիներ այդ թիմին: Այդպիսի ֆուտբոլը չի կարող ազնիվ լինել, այդ խաղի արդյունքները չեն կարող կասկած չհարուցել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց. «Դա Իոաննիսյանի ամենաանհաջող համեմատությունն էր: Նախ, ֆուտբոլիստը մի բան է, մրցավարը լրիվ ուրիշ բան է, լրիվ ուրիշ գիտելիքներ է ուզում: Եթե որեւէ մի ֆուտբոլիստ մրցավարական դասընթացներն անցած լինի, քննությունները հանձնած լինի, փայլուն մրցավար կլինի, քան այն, որը ֆուտբոլիստ չի եղել: Երկրորդը՝ երբ մեզ օրինակ են բերում, որ նախորդ իշխանությունները ԿԸՀ նախագահի նշանակում էին ոչ կուսակցականներ, մոռանում են նշել, թե ինչ էին ասում նրանց մասին: Ես չեմ ուզում անուններ տամ, բայց ինչե՜ր էին խոսում, ամենավերջին վիրավորանքներն էին հասցնում ու կասկած էին հայտնում, որ դա հանձնաժողով չի: Հիմա ՔՊ-ն ստանձնել է պատասխանատվություն ՀՀ-ն զարգացնել ժողովրդավարության ուղով:

Դրա մեջ մտնում է ընտրությունների ամբողջ համակարգը եւ իր քաղաքական դեմքերից մեկին գործուղում է՝ երաշխավորելու այդ ամբողջ ընթացքը: Քանի որ մեր մոտ սովորություն կա՝ վերմակն ամեն մեկն իր վրա է քաշում, ասում են՝ դե ուղարկում են՝ իրենց շահերը սպասարկելու: Գնում է՝ ՔՊ-ի այն մյուս շահը սպասարկելու, որ մենք Հայաստանում ժողովրդավարությունը դարձնելու ենք անշրջելի ու այսուհետ ընտրությունները պետք է լինեն ժողովրդի կամքով: Նախորդ նախագահների ժամանակ, երբ ԿԸՀ նախագահը կուսակցական չէր, ասում էին, որ ընտրությունները անցնում են թափանցիկ, մրցակցային, ազատ՝ առանց ընտրողի կամքը հաշվի առնելու, սա անեկդոտ էր: Հիմա հիմքում դրել ենք՝ ընտրողի կամքը: Ու այն թեկնածուն, որ ՔՊ-ից գնում է, նրա համար է գնում, որ ընտրողի կամքը հաստատի Հայաստանում: Մարդ կա դրան հավատում է, մարդ կա՝ չի հավատում, բայց ընտրական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը վերջում կապվելու է ՔՊ-ի պատասխանատվության հետ, ասելու են՝ դուք էիք իշխանության, այս ի՞նչ եք արել:

Դանիել Իոաննիսյանին պետք է հիշեցնել՝ ասում է՝ անգամ այս ու այս իշխանությունները իրենց կազմից ԿԸՀ նախագահ չէին ընտրում, ճիշտ է ասում ու թող մի հատ հիշի՝ ի՞նչ էին խոսում նրանց մասին: Այսինքն, խնդիրն այն չի՝ կուսակցական է, թե չէ: Խնդիրն այն է՝ պատասխանատվություն ու աջակցություն կստանա՞, որ այդ ամենը կյանքի կոչի: ՔՊ-ն խոստացել է ժողովրդավարությունը դարձնի անշրջելի: Կդարձնի՝ մի հատ էլ վստահության քվե կստանա, չի դարձնի՝ ուզում է 7 նախագահ էլ լինի, փորձը ցույց տվեց, որ եթե ժողովրդի ոսկորին դանակը հասնում է, ոչ մի բան չի փրկում: Մենք ուղարկում ենք Վահագն Հովակիմյանին՝ համակարգ ստեղծելու, ոչ թե շահեր սպասարկելու: Այս իշխանությունը մեզ համար չի, ժողովրդինն է, մենք էլ սպասարկելու համար ենք: Հիմա քաղաքական ֆիգուր է ընտրվել, որը այդ քաղաքական թիմի մեջ ամենալավն է տիրապետում այդ համակարգին, որովհետեւ մեջն է եղել, մասնակցել է, ապացուցել է իր փորձով, որ կարող է կազմակերպել: Որպես լրջագույն պատասխանատվություն գործուղվում է՝ այդ դաշտը մաքուր պահելու: Ես հոգեբանությունը հասկանում եմ, որ դժվար է դրան հավատալ»:

Վիգեն Խաչատրյանը հիշեց, որ երբ 1997-ին Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ էր ու Ընտրական օրենսգիրքն էին քննարկում, չլինելով իշխանության մեջ՝ պնդել է, որ ճիշտն այն է, որ ընտրությունները կազմակերպի պետությունը. «Նրանք ասում էին՝ ժողովուրդը մեզ չի հասկանա, կասի՝ մեզանով ենք անում ու չէին համաձայնվում: Ես այն ժամանակ վստահ էի, որ ընտրությունները պետք է պետությունը կազմակերպի, դա կուսակցությունների գործը չի: Բայց պետության կողմից ձեւավորվող հանձնաժողովները պիտի վայելեն քաղաքական մրցապայքարի մասնակիցների վստահությունը: Մեր մոտ այդ վստահության մթնոլորտը էլի չկա՝ կամ մեզանից է, կամ թշնամի է, հասկանո՞ւմ եք: Մարդիկ պիտի հասկանան, որ Հովակիմյանին նշանակելով՝ ՔՊ-ն մտնում է կրկնակի պատասխանատվության տակ, որովհետեւ լավ չաշխատեց՝ իրենք են խայտառակվելու: Մարդ կա, դա դիտում է որպես չարաշահման լծակ, ի՞նչ ասես այդ մարդուն»:

Հիշեցրինք, որ Տիգրան Մուկուչյանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, գլխավոր նկարիչ էր նրան անվանում, որովհետեւ կար կասկած, որ նա նկարչությամբ է զբաղվում ԿԸՀ-ում, հիմա որտեղի՞ց մարդկանց մոտ վստահություն լինի, որ Հովակիմյանը նկարչությունից լավ չի՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, պիտի վստահություն լինի: Այնպես չի, որ քաղաքական պատասխանատվություն կրող ուժերը, որոնք ընտրության մեջ էին մտել, արդար մրցապայքար էին տանում, Մուկուչյանը նկարում էր: Մուկուչյանին մեղադրում էին ոչ թե ինքնագործունեության մեջ, այլ՝ պատվեր կատարելու մեջ: Երբ որ պատվերը վերացավ այս նոր քաղաքական իշխանության օրոք, Մուկուչյանը որեւէ կշտամբանքի չարժանացավ, որովհետեւ նկարելու խնդիր չէր դրվել: Հիմա գործուղվում է քաղաքական թիմից մարդ, որի նպատակներից մեկը այդ պատվերը վերացնելն է:

Մեզ մոտ դա դիտվում է որպես լծակ՝ չարաշահելու: Տեսականորեն կարող է լինի, բայց դա պատասխանատվություն է: Որեւէ չեզոք մարդ որ գնա, ինչ ասես կարող է անի ու դու ես պատասխանատվություն կրում ու չես իմանում՝ ինչ կարող է անի: Այս դեպքում դու գիտես ում ես ուղարկել ու ինչ հանձնարարություն ես տվել: Ինքը դադարում է լինել կուսակցական, բայց կուսակցության հանդեպ բարոյական պատասխանատվությունը չի վերանում մարդու, չէ՞: Այն գլխից որոշես, որ սա դրա համար է՝ պետք է առիթ ունենաս»:

Հարցին՝ այսինքն, սպասենք, մի ընտրություն կեղծվի, նոր ասե՞նք՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Երկրում ընտրակաշառքը վերացել է, թաղի խուժանի վերարտադրումը, չնայած տեսանք ոնց է դա վերարտադրվում արտահերթ ընտրություններում, որ ասում էին՝ մենք փող չենք բաժանում, բայց 100 հատ շտաբ էին պահում, ամեն շտաբում 10 հոգի մարդ էին պահում՝ ըհը, եղավ քեզ 1000 հոգի: Բայց ի՞նչ անես, այդ քյանդրբազությունները լավ տեղ չեն տանում պետությանը: Բայց տեսնում եք, որ իշխող քաղաքական ուժը նման բան չի անում: Հնարավոր է լինի վարչական ռեսուրսի չարաշահում, դա 100 տոկոսով դժվար է բացառել, բայց ոնց որ թե գայթակղությունից իրենց հեռու են պահում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31