Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ 92-րդ համագումարի մասնակիցներին

Հոկտեմբեր 07,2022 19:03

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։

Նախքան հանդիպումը Նորին Սրբության նախագահությամբ ՀԲԸՄ անդամներն աղոթք բարձրացրին առ Աստված ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ և ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի շիրիմների առջև նրանց և ՀԲԸՄ–ի երջանկահիշատակ երախտավորների հոգիների հանգստության և խաղաղության համար։

Այնուհետև Վեհարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց հյուրերին։

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անունը և գործունեությունը իր սկզբնավորման օրվանից անքակտելիորեն կապված է մեր Սուրբ Եկեղեցու և ի մասնավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը:

․․․Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես իր զորակցությունն է բերել  հայրենի անկախ պետականության վերակերտմանը՝ առաջին օրերից գործուն մասնակցություն ունենալով պետականաշինության սրբազան առաքելության մեջ»:

Հայոց Հովվապետը հաստատեց, որ ՀԲԸՄ-ն այսօր էլ նույն նախանձախնդրությամբ և ուժականությամբ շարունակում է իր գործունեությունը, որի առանցքում մեր ժողովրդի  անվտանգության ապահովումն է, ինքնության անաղարտ պահպանությունը, նրա հոգևոր, բարոյական զորացումը և համազգային միաբանության ամրապնդումը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և նրան անդամակցող ազնիվ բարերարներին, որոնց շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո  վերակառուցված բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կառույցներ և շինություններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հավատքի ապրումն ու աստվածասեր ոգին, բազմաթիվ երեխաներ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում Հայորդյաց տներում, կարիքավոր բազմաթիվ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակություն, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սնունդ։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագույն մարտահրավերների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում՝ հայրենաբնակ մեր ժողովրդին զորակցության ու քաջալերանքի ևս մեկ կարևոր ուղերձ է:

«Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարևոր անդրադարձ պիտի կատարեք այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են մեր ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Վստահ եմ նաև, որ իր կոչմանը հավատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և նրա անդամները պիտի շարունակեն նոր հանձնառությամբ լծվել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը:

Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է պետականությունը պահպանելու և ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետությունն է, որ երաշխավորում է մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, հարատևությունն ու մեր ազգային, հոգևոր ինքնության անխաթար պահպանումը»,- ամփոփեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին ներկայացրեց Մայր Աթոռի տարբեր կառույցների գործունեությունը, հատկապես հովվական և սոցիալական, քարոզչական և կրթադաստիարակչական ոլորտում իրականացվող աշխատանքները։

Վեհափառ Հայրապետը պատասխանեց ՀԲԸՄ անդամների հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռի կողմից նախաձեռնված՝ զոհված և անհայտ կորածների ընտանիքների, վիրավորում ստացած զինվորականների և տեղահանվածների նյութական ու հոգեխնամ աջակցությանն ուղղված ծրագրերին, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, առկա մարտահրավերների դիմագրավման միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում գործադրվող ջանքերին։

Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը, ազգի միասնականության ամրապնդման գործում նրա կարևոր դերակատարությանը։ ՀԲԸՄ երիտասարդ անդամները նաև ստացան Հայոց Հայրապետի պատգամները սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքում իրենց գործուն ներգրավվածության, ազգային ինքնության պահպանման, իրենց ներուժը ազգի և հայրենիքի կարիքներին ծառայեցնելու առնչությամբ։

Հանդիպումը փակվեց Հայոց  Հովվապետի  «Պահպանիչ»  աղոթքով։

 

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31