Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը չի նշանակում, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»․ Արմեն Բաղդասարյան

Հոկտեմբեր 07,2022 18:07

Պրահայում՝ Ֆրանսիայի հանրապետության նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը հաջորդած քառակողմ հայտարարությունն այնքան էլ մտահոգիչ չէ, այստեղ խնդրահարույցն այն է, որ դրանով խաղաղության պայմանագիրը չի սահմանափակվելու։ Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Նշենք, որ քառակողմ հայտարարության մեջ գրված է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Արմեն Բաղդասարյան

Բաղդասարյանի ներկայացմամբ՝ սրանով չի լինելու միայն պետությունների տարածքների փոխադարձ ճանաչումը, որովհետեւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր, որպես հավաստի աղբյուր, ասում, որ Ադրբեջանն իրականում հինգ կետ է ներկայացնում՝ շատ ավելի ծանր ու շատ ավելի լուրջ պահանջներ․ «Եվ եթե այդ պահանջները չներառվեն խաղաղության պայմանագրի փաստաթղթում, ապա Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, չի ստորագրի որեւէ փաստաթուղթ։ Մտահոգիչը սա է։ Նաեւ այդ համատեղ հայտարարությունը կարդալով՝ տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագրի մասին խոսք չկա, ընդամենը այն մասին է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ դրա հիման վրա շարունակեն սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ քայլերը։ Եթե խաղաղության համաձայնագիրը հիմնված լիներ միայն դրա վրա, մենք կարող էինք առանձնապես մտահոգություն չունենալ։ Մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը շարունակելու է ներկայացնել պահանջներ, պնդել նորանոր կետեր ներառվեն համաձայնագրում։ Իսկ Հայաստանի մերժման դեպքում իրենք էլ միջազգային հանրության առաջ ամբողջ մեղքը բարդելու են հայկական կողմի վրա եւ փորձելու են ռազմական էսկալացիայի միջոցով լուծել այդ խնդիրը»։

Քառակողմ հայտարարության մեջ նաեւ նշված է՝ Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Մեր հարցին՝ քաղաքացիական այս առաքելությունն ի՞նչ արդյունք կտա, հատկապես, որ երկու ամսով է լինելու, Բաղդասարյանը պատասխանեց՝ ինչ-որ ժամանակահատվածում կարող է ունենալ ինչ-որ զսպող դեր, բայց դրա հետ առանձնապես հույսեր կապել պետք չէ․ «Հատկապես եթե հաշվի առնենք, որ, որպես կանոն, Եվրամիությունը միշտ ձգտում է հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել։ Օրինակ՝ մեր ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ արձագանքը։ Այնպես որ, քաղաքացիական առաքելությունը երաշխիք չէ»։

Արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ անկլավների հարցը ներառվելո՞ւ է, մեր այս հարցին ի պատասխան քաղաքական վերլուծաբանը դրական պատասխան տվեց․ «Մենք չենք կարողանալու խուսափել այդ անկլավների հարցի քննարկումից։ Բայց, հարցի քննարկում չի նշանակում, որ այդ անկլավները տալու ենք։ Դրանից գուցե կարելի է խուսափել, օրինակ, ինչ-որ տարածքների փոխանակմամբ։ Բայց ընդհանրապես հարցից խուսափել մեզ չի հաջողվի, որովհետեւ, այո, 1991-ի դեկտեմբերին, երբ ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, նկատի են առնվել Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի սահմանները, որոնցում այդ անկլավները կան»։

Տարածքային ամբողջականության ճանաչումն արդյոք նշանակո՞ւմ է, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, մեր այս հարցին ի պատասխան էլ Բաղդասարյանն ասաց․ «Ոչ չի նշանակում։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը առաջ էլ միմյանց տարածքային ամբողջականությունն ուղղակիորեն չէր կապում Արցախի հիմնախնդրի հետ։ Որովհետեւ, եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչեր, դա կնշանակի, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններ ունի։ Մինչդեռ հայկական կողմը դա ներկայացրել է որպես ինքնորոշման իրավունքի հարց, որը միջազգայնորեն ճանաչված է։ Ճիշտ էր այդ ուղղությամբ գնալը։ Հիմա խնդիրն այն է, որ մենք չենք կարող ասել՝ մենք ձեր տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, բայց Արցախի ինքնորոշման իրավունք․․․ եւ այլն։ Որովհետեւ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում է քննարկել որեւէ մեկի հետ Արցախի խնդիրը։ Ասում է, որ դա իր ներքին խնդիրն է։ Իսկ առաջ այդպես չէր, հակառակը, Ադրբեջանը պատրաստակամություն էր հայտնում քննարկել Ղարաբաղի հարցը, կարգավիճակը, ամենաբարձր ինքնավարություն եւ այլն։ Հիմա դիրքորոշումը փոխվել է, նրանք ասում են՝ եթե դուք ճանաչում եք տարածքային ամբողջականությունը, ուրեմն վերջ, դրանից հետո մեր գործն է»։

Բաղդասարյանի կարծիքով՝ հիմա խնդիրը ճանաչելուց հետո Հայաստանի անելիք քայլերն են, որոնք պահին չունենք։

Ի վերջո, քաղաքական վերլուծաբանի ներկայացմամբ, քանի դեռ խաղաղության համաձայնագրի տեքստը չկա, քանի դեռ Ադրբեջանի այդ պահանջները հստակ արձանագրված չեն, իսկ Բաղդասարյանը վստահ է, որ Հայաստանը կմերժի, որովհետեւ ըստ նրա, այդ հինգ առաջարկները խաղաղության համաձայնագիր չեն, դա համաձայնագիր է Հայաստանը, որպես պետություն, վերացնելու մասին, եւ քանի դեռ սեղանին չկա այդ փաստաթուղթը, չենք կարող ասել ՝ վերջ․ «Այդ պահանջներն ավելացնելու է Ադրբեջանը։ Այսպես, թե այնպես, չեմ կարծում, որ կհաջողվի այս խնդիրը վերջնականապես լուծել բանակցությունների սեղանի շուրջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քառակողմ հայտարարության ենթատեքստը – Թոխմախ գյոլում ընդունում են ցեխի բուժիչ վաննաներ, որ բուժվողները հողին կամաց-կամաց սովորեն։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31