Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվական վակուումը թույլ է տալիս, որ թատերաբեմ գան անհասկանալի դերակատարներ, որոնք ազգային անվտանգության սպառնալիք են դառնում». Աննա Նաղդալյան

Հոկտեմբեր 07,2022 17:47

«Հիբրիդային պատերազմներն օգտագործում են հասարակությունում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական և ենթակառուցվածքային խոցելիությունը: ՀՀ-ի պարագայում միացել է պետական գերատեսչությունների նկատմամբ հանրության վստահության անկումը»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ ասաց Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի ղեկավար Աննա Նաղդալյանը:

Նրա դիտարկմամբ՝ ընդհանրապես հայ հասարակությունում այժմ կա պետական քաղաքականության, ինչպես նաև մեդիավստահության անկում: Ըստ Աննա Նաղդալյանի՝ պետք է հասնել նրան, որ կառավարությունն ունենա միասնական վստահելի կերպար և առանձնանա իր պրոֆեսիոնալիզմով. «Անկախ նրանից, թե կառավարության որ պաշտոնյան ինչ հայտարարություն է անում, հանրության ընկալմամբ դա ընդհանրացվում է՝ որպես կառավարության հայտարարություն: Հանրությունը կառավարությանը մեկ ամբողջություն է դիտարկում, և այս օղակներից որևէ մեկի թուլությունը, կառավարությանը խոցելի է դարձնում»:

Աննա Նաղդալյանը փաստեց՝ հիբրիդային պատերազմում կիրառում են պայքարի ոչ ավանդական մեթոդները, ուստի դրա դեմ ուղղված քայլերն էլ պետք է նաև լինեն ոչ ավանդական: Այս հարցում պետությանը պետք է օգնի մասնավոր սեկտորը: Նա հավելեց. «Հիբրիդային հարձակումները համակարգված ու սինքրոնիզացված են: Դրա պատասխանը ևս պետք է այդպիսին լինի: Պետք հստակ մեխանիզմներ մշակվեն, և դրանք չպետք է վերցնել որևէ երկրի մեխանիզմներից և արտատպել, այլ պետք է տեղում աճեցված մեխանիզմներ գրվեն և դրանք պարբերաբար փորձարկվեն»:

Հիբրիդային պատերազմների դեմ պայքարում ըստ Աննա Նաղդալյանի՝ կարևոր է ինֆորմացիոն վակուումը վերացնելը: Այդ վակուումը թույլ է տալիս, որ թատերաբեմ գան անհասկանալի դերակատարներ, որոնց գործունեությունը անգամ ազգային անվտանգության սպառնալիք է դառնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31