Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջերս հակառակ կողմի քարոզչական էջերից մեկն էր գրել՝ ամեն ինչ իմանում ենք հայկական կողմից. այնպես չէ, որ չունենք որոշակի հաջողություններ». Վահան Հունանյան

Հոկտեմբեր 07,2022 17:27

«Միանշանակ ճգնաժամային կառավարում կա, բավական երկար ժամանակ այդ ճգնաժամային կառավարման մեջ ենք, և մեզ չկամեցողները նույնպես տեսնելով, որ ճգնաժամը մեզ լավ խանգարում է, շարունակում են այդ ճգնաժամն էլ ավելի պահպանել»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նա լուրջ խնդիրներ է տեսնում պետական կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից: Այս առնչությամբ ասաց. «1990-ականներից սկսած՝ մենք ունեցել ենք տարբեր շերտեր: Ամեն նոր կառավարություն որոշակի փոփոխություններ է արել, տարբեր շերտեր են բերել: Ուստի համակարգը անկանոն է»:

Վահան Հունանյանը վստահեցրեց՝ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն իրականացվում է: Մինչդեռ ըստ նրա՝ ամբողջ աշխարհում կա պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պակաս: Նաև բարդ է նոր տեխնոլոգիաների հետևից գնալը:

Վահան Հունանյանը նկատեց. «Մինչև նոր օրենք ես մշակում, ՏիկՏոկը, Ինստագրամը նոր թարմացումներ են անում: Դժվար է հասցնել այդ փոփոխությունների հետևից«:

ՀՀ ԱԳՆ խոսնակը, հղում կատարելով այն քննադատություններին, թե ամեն բան ադրբեջանական ալիքներից ենք իմանում, ասաց. «Վերջերս հակառակ կողմի քարոզչական գործիքներից՝ էջերից մեկն էր գրել՝ ամեն ինչ իմանում ենք հայկական կողմից: Բազմաթիվ խնդիրներ կան, բայց այնպես էլ չէ, որ չունենք որոշակի հաջողություններ: Ռեսուրսներն անհավասար են: Մենք միանգամից երկու-երեք պետության, մեզնից բազմակի անգամ ավելի ֆինանսական, մարդկային ռեսուրսներ ունեցող ախոյանի հետ ենք կռվում»:

Վահան Հունանյանի կարծիքով՝ կրեատիվ լուծումներ են պետք, մինչդեռ կարծիք հայտնեց. «Կրեատիվ լուծումներին սովորաբար պետական բյուրոկրատիան դեմ է լինում, որովհետև մարդիկ սովոր են ամեն ինչ անել, ինչպես մշտապես արել են»:

ՀՀ ԱԳՆ խոսնակը կարևորեց այս բնագավառում քաղհասարակության հետ համագործակցությունը ու նշեց. «Պետությունն ունի իր դերը, քաղհասարակությունը՝ իր: Աշխատելու տեղ կա այդ լավ սիներգիային հասնելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31