Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամուսինը կնոջը բռնացնում է օտար տղամարդու հետ, ասում է՝ բա դու խի՞ սահմանում չես»․ Վահրամ Սահակյան

Հոկտեմբեր 07,2022 16:34

«Կին թե տղամարդ՝ բոլորը լացելով էին դուրս գալիս, ես չէի սպասում, որ նման բան կլինի»,- «Հայելի» ակումբում այսպես արտահայտվեց Վահրամ Սահակյանը իր նոր ֆիլմ-ներկայացման մասին։ «Ես հասկացա, որ գաղափարականից բացի՝ մարդիկ շատ ազդվում են, որովհետեւ ֆիլմը հենց էսօրվա մասին է, մարդը գալիս է ֆիլմը նայելու եւ երեք օր առաջ կատարվածի կադրերն է տեսնում»,-ասաց նա։

Վահրամ Սահակյանը կարծում է՝ թեկուզ ամենածանր վիճակում մարդիկ ավելի լավ է ներկայացումներ գնան նայելու, քան գրառումներ անեն ֆեյսբուքում․ «Այսօր ես 7 հատ տեսել եմ՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», 8 հատ՝ «Այս իշխանությունները օր առաջ պիտի հեռանան»․․․ Այս արտահայտության ո՞ր տարին է լրանում, արդեն չորրորդ, չէ՞․․․Ու սա ասում են ոչ թե սովորական օգտատերեր, այլ 70 պլյուս տեսքով քաղտեխնոլոգներ, որոնք տարիքով անգամ ինձանից փոքր են․․․ Ու երբ ժամերով նստում-խոսում են, հարցնում ես՝ լավ, ի՞նչ ելք եք առաջարկում, ասում են՝ ո՞նց թե ինչ ելք, միակ ելքը՝ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, ու Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․․․Հիշո՞ւմ եք՝ Սովետական Հայաստանում չոր պեռաշկիներ կային, ոնց որ էդ պեռաշկու վրայի «կոռըչկեն» լինեն իրենք։ Իրենց հին արտահայտություններից հենց այդ հոտն է գալիս»։

Վահրամ Սահակյանը հավելում է․ «Ես ջազմեն տղա եմ, սիրում եմ իմպրովիզացիա, դրա համար ներկայացումը, որին հաջորդում է ֆիլմը, ամեն անգամ փոխվում է, ես չեմ նախապատրաստում դերասանին, թե ինչ է լինելու մյուս հատվածում։ Ես չգիտեմ՝ իրեն ասելու եմ՝ բա դու խի՞ սահմանում չես, բա դու խի՞ Մեղրին տվիր, բա դու խի՞ ես ամեն տարի Արցախը հանձնում․․․Անկեղծ չգիտեմ։ Հիմա վերջին 2 շաբաթվա ընթացքում ես բանահավաքություն եմ անում, որովհետեւ «բա դու խի՞ սահմանին չես»-ը արդեն մոդա չի․․․Ի դեպ, ներկայացման մեջ կա նման դրվագ․ ամուսինը գալիս է, կնոջը բռնացնում է օտար տղամարդու հետ ամենաթեժ պահին ու ասում է՝ «դու խի՞ սահմանում չես»։ Էն էլ ասում է՝ «բա դո՞ւ խի սահմանին չես», թե ինչ է լինում դրանից հետո՝ չեմ կարող ասել, պիտի գան, ներկայացումը նայեն․․․»։

Դառնալով ներկա վիճակին՝ Վահրամ Սահակյանն ասում է․«Վերջին շրջանում ես չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, որ հիմար բաներ ասեն, պաշտպանեն այս իշխանություններին․․․Բայց ավելի վատ բանի եմ հանդիպել։ Այդ նույն մարդիկ՝ նորմալ, կիրթ, սափրված արտաքինով, որոնք քսան վայրկյան ասում են՝ դե սա վիճակ չի, խայտառակություն է, մեկ էլ 21-րդ վայրկյանին՝ թե բա, դե նրանք էլ որ Մեղրին տվին․․․Ես իրենց ասում եմ՝ մի րոպե, ես քեզ շատ հարգում եմ, բայց դու վերջին անգամ հոգեբույժի մոտ ե՞րբ ես գնացել։ Ասում է՝ ինչի՞, ասում եմ՝ ուղղակի անհնար է, որ մտածող, երկու ոտքերի վրա կանգնող մարդը նման բան ասի»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31