Հոկտեմբերի 6-ին, ժամը 6.50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին խնդրել էր, որ Նուբարաշենի 6-րդ փողոց շտապ ոստիկան մոտենա, հնարավոր է տան տղամարդը բռնություն կիրառի կնոջ նկատմամբ: Ահազանգով մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Բնակարանի դուռը փակ էր, բացող չկար, տարածքում էլ արնանման հետքեր կային։ Ոստիկանության ծառայողները դիմում են հրշեջ-փրկարարների օգնությանը։ Վերջիններս էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում են տան դուռը։
Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվում է կնոջ 37-ամյա տանտիրուհու դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Դեպքի վայր են ժամանում նաև քննիչներ, փորձագետներ, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության ու Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ստորաբաժանումների ծառայողները։ Համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տվյալներ են ձեռք բերվում, որ կնոջը մարմնական վնասվածքներ է հասցրել ամուսինը։ Սկսվում են նրան հայտնաբերելու միջոցառումները։
Ոստիկանության ծառայողներին հաջողվում է կարճ ժամանակում պարզել, որ նա Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղ է գնացել։ Օպերատիվ խմբերը մեկնում են Արմավիրի մարզ։ Նրանց են միանում նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները։
Ժամը 10.40-ի սահմաններում ոստիկանության ծառայողները գյուղի տներից մեկում հայտնաբերում են կասկածվողին։ Վերջինս սպառնում է պայթեցնել իր մոտ եղած նռնակը: Բանակցություններն արդյունք չեն տալիս, և տղամարդը պայթեցնում է նռնակը: Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժում: 37-ամյա տղամարդը ձերբակալվում է: Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կնոջը սպանելու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն