Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գերիներին Ադրբեջանում վիրահատել են առանց ցավազրկման. Քրիստինե Գրիգորյան

Հոկտեմբեր 07,2022 16:17

Ադրբեջանի զինվորական հոսպիտալներում հայ ռազմագերիներին բժշկական միջամտություն է կատարվել առանց ցավազրկման. այսօր կայացած մամուլի ասուլիսում, խոսելով Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին, ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

«Խոսքը վիրահատությունների, վերքերը կարելու, վիրակապելու մասին է։ Այդ միջամտությունների ժամանակ պացիենտները բժշկական պրոտոկոլներով պետք է նախապես ցավազրկվեն։ Տղաները ենթարկվել են նաեւ հոգեբանական ճնշման, ներկա պահին նրանք անցնում են ֆիզիկական եւ հոգեբանական վերականգնում։ Ոմանց մարմինների վրա կան խոշտանգումների հետքեր։ Գրանցվել է դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց որը հետագայում մահացել է։ Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին։ Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսեւորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- մանրամասնեց ՄԻՊ-ը՝ պատասխանելով այս թեմայի վերաբերյալ լրագրողների տարբեր հարցերին:

Պատասխանելով սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո, հայ գերիների թվի մասին հարցին էլ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իրենք 17 հայ գերի են ունեցել, որոնց վերադարձրել են, սակայն, հայկական կողմում կարծում են, որ ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին գերեվարված մյուս հայ զինվորականները եւս Ադրբեջանում են. «Մենք կշարունակենք աշխատել, քանի որ այդ մարդիկ պետք է կարողանան իրավական օգնություն ստանալ։ Ավելի վաղ, ավելի քան 20 անձ պնդում էր, որ տեսել է իրենց որդիներին տեսանյութերում»:

ՄԻՊ-ը նաեւ հավելեց նաեւ, որ ավելի քան 40 անձ պնդում է, որ իր հարազատն անհետ կորել է, բայց թիվը կարող է փոխվել, քանի որ Հայաստանին փոխանցված մարմինների նույնականացման գործընթացն ավարտված չէ։ Կան մարմիններ, որոնք ունեն խոշտանգման դեպքեր եւ, առհասարակ, մարմիններն այնպես չեն պահվել, որ դրանք հեշտ ճանաչելի լինեն:

133 զոհված զինծառայողների մարմինների նույնականացման աշխատանքները դեռ չեն ավարտվել, ուստի զոհվածների հստակ տվյալ էլ ինքը չի կարող ասել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31