Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը որոշում է ստորագրել Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի իր լիազորությունները հոկտեմբերի 7-ից դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով գործող օրենսդրությունն ու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ Սիսիան համայնքի ավագանի ընտրվելու մասին։
Չնայած այս պահին Սիսիանը դե յուրե չունի համայնքի ղեկավար, բայց դե ֆակտո՝ պարտականությունների կատարումն իրականացնում են համայնքի ղեկավարի տեղակալները։
Նախնական տեղեկություններով, Սիսիան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը հրավիրվելու է հոկտեմբերի 12-ին։
21 մանդատից 8 մանդատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է հատկացվել։ Կառավարող ուժից մանդատներ են ստացել Արմեն Հակոբջանյանը, Արմենակ Միրզախանյանը, Անիկ Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը, Հովսեփ Առաքելյանը, Անահիտ Պետրոսյանը, Երվանդ Եղիազարյանը, Բելլա Թամրազովան։
Կարդացեք նաև
«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի 5 մանդատները ստացել են Հայկ Առաքելյանը, Նվեր Մարտիրոսյանը, Գալյա Հովհաննիսյանը, Հարություն Խաչատրյանն ու Սոնա Խառատյանը։
«Ապրելու երկիրը» Սիսիանի ավագանու կազմում կունենա 4 ներկայացուցիչ՝ Արա Զաքարյանը, Տիգրան Իվանյանը, Իսկուհի Բաղդասարյանը, Արմիդա Վարդանյանը։
«Հանուն Հանրապետության» երկու մանդատը ստացել են Սեւակ Մուսաթյանն ու Նախշուն Յազուլյանը, իսկ «Մեկ Հայաստան» կուսակցությունը կներկայացնեն Մարտին Հարությունյանն ու Անի Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մանդատ ստացած ոչ մի ուժ չունի բացարձակ մեծամասնություն եւ համայնքի ղեկավար ընտրվելու համար պետք է համաձայնություն ուժերի միջեւ։ Սակայն մինչեւ այս պահը ուժերը որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին այդ ուժերի ներկայացուցիչները։ Եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չընտրվի, ապա կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի ավագանու լիազորությունները՝ նշանակելով արտահերթ ընտրություններ։
Ի դեպ, Սիսիան համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանն ուղարկել է մարզի դատախազություն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ