ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում այսօր ՔՊ-ի կողմից ԿԸՀ անդամի պաշտոնում առաջադրված Նունե Հովհաննիսյանից ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե որպես ԿԸՀ երկարամյա եւ գործող անդամ` ի՞նչ խնդիրներ կմատնանշի ընտրական գործընթացի առնչությամբ։ Նունե Հովհաննիսյանը կոնկրետ օրինակ բերեց, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրական ցուցակներում ընդգրկվում են համայնքում վերջին վեց ամսում վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները․ «Սա չի նշանակում, թե քաղաքացին կորցնում է ընտրելու իրավունքը, պարզապես չի ընդգրկվում ցուցակում։ Ընտրական իրավունքն իրացնելու համար պետք է դիմի ոստիկանության անձնագրային բաժին, որպեսզի տեղեկանք ստանա եւ ընդգրկվի լրացուցիչ ցուցակում, տեղեկանքով ներկայանա տեղամաս»։
Նունե Հովհաննիսյանի խոսքով՝ ընտրողների ցուցակի էլեկտրոնային տարբերակը ԿԸՀ-ին, ինչպես օրենքն է պահանջում, տրամադրվում է քվեարկության օրից ութ օր առաջ․ «Եթե անձը մինչեւ այդ ունեցել է անվավեր փաստաթուղթ, դիմել է, իսկ ութ օր առաջ անվավեր փաստաթղթով ընդգրկվել է ընտրողների ցուցակում, դա օրենքով թույլատրելի է, բայց քվեարկությունից 6-7 առաջ ստացել է վավեր անձնագիր ու տեղամաս է ներկայանում արդեն նոր անձնագրով, որն էլեկտրոնային բազայում չկա։ Ստացվում է, որ նույն անձը կարող է հայտնվել միաժամանակ երկու ցուցակում՝ ընտրողների հիմնական եւ լրացուցիչ ցուցակում։ Կարծում եմ՝ այս խնդիրը համակարգային լուծում պետք է ստանա՝ ոստիկանության հետ համատեղ»։
Նունե Հովհաննիսյանը նաեւ շեշտեց, որ չնայած ԿԸՀ-ի ջանքերին, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից դեռեւս առկա են բացթողումներ, վրիպակներ, անգամ՝ խախտումներ․ «Ես չեմ խուսափի այդ բառը հնչեցնելուց։ Սա պրակտիկայում պետք է ունենա լուծում։ Նրանց համար ԿԸՀ-ն պարտավորություն ունի տարին առնվազն մեկ անգամ կազմակերպելու մասնագիտական դասընթացներ։ Ամեն անգամ դա բարելավում ենք, բայց քանի որ հանձնաժողովները ձեւավորվում են քվեարկությունից երեսուն օր առաջ, եւ մինչեւ հինգ օր առաջ իրավունք ունեն բացարկ հայտնելու եւ փոխարինվելու, հետեւաբար, համապետական ընտրությունների ժամանակ ունեցել ենք դեպքեր, երբ ԿԸՀ-ն գործնական պարապմունքներ է անցկացրել 12 օրում՝ 20 000 մարդու համար։ Դասերից հետո հանձնաժողովների անդամները կարող են փոխվել եւ միայն տեսականորեն իմանալ հանձնաժողովի անդամի գործունեության մասին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ