Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Օրու ախտանիշը

Հոկտեմբեր 07,2022 15:48

Դարերով զրկված լինելով պետականությունից, հայ ժողովուրդը հեծում էր տարբեր երկրների տիրապետության տակ։ Իրոք, երբ կարդում ես այդ ժամանակաշրջանի ոչ միայն հայ, այլ նաև օտար ճանապարհորդների նոթերը, սարսափում ես, թե ինչ հալածանքների և նվաստացումների է ենթարկվել հայ ժողովուրդը։ Աղբյուրը չեմ մտաբերում, կարդացել եմ խորհրդային տարիներին, մի ֆրանսիացի ազգագրագետի հուշերը։ Կարդում և սարսափում էի։ Նկարագրեմ միայն մեկ դրվագ, հիմնական բովանդակությամբ․ «Ժամանակ առ ժամանակ զինյալ ձիավորները ասպատակում էին հայկական գյուղերը, առևանգում դեռահաս աղջիկներին։ Ամիսներ, կամ տարիներ անց, նրանց ետ էին վերադարձնում, մեկ, երկու, նույնիսկ՝ երեք երեխաների հետ։ Մեր հարցին, թե ինչու չեք բողոքում ապստամբում, գեղջուկները պատասխանեցին․ «Մեր գյուղի քահանան ասում է, դուք հնազանդ եղեք, Աստված նրանց կպատժի»։

Ահա այս իրավիճակում, 17-18-րդ դարերում հայ քաղաքական միտքը նշանավորվում է Իսրայել Օրու գործունեությամբ։

Իսրայել Օրին իր գործունեությունը ծավալում է Եվրոպայում՝ Դյուսելդորֆ, Վենետիկ, ապա Ռուսաստան։ Նա խնդրում, աղաչում էր եվրոպական, ռուսական իշխաններին, հոգևորականներին, զորք հավաքել, գալ և փրկել բազմաչարչար, քրիստոնյա հայ ժողովրդին։ Թերևս, եթե ես ապրեի այդ դարաշրջանում, ոգևորված կլինեի Իսրայել Օրու գործունեությամբ, նրան համարելով ազգային հերոս։

Ինչևէ, արդեն 19-րդ դարում շարունակվեցին հայ գործիչների կողմից դեպի առաջադեմ Եվրոպա և Ռուսաստան խնդրանք-աղերսանքները։ Նույնիսկ 1878թ․ հայտնի Բելինի համաժողովի բանաձևը խրատ չեղավ հայ գործիչների համար։ Հայ գործիչները շարունակում էին նույն Իսրայել Օրու «հանճարեղ» քաղաքականությունը, նաև հիանալով, այսպես ասած, արևմտյան հայասեր գործիչներով, Ուիլյամ Գլադստոնից սկսած՝ Վուդրո Վիլսոնով շարունակած։

Հարց է առաջանում, իսկ արդյոք եղե՞լ են այլ կերպ մտածող հայ գործիչներ։ Այո՛, եղել են, սակայն նրանց խոսքը մնացել է «ձայն բարբառո յանապատի»։ Իմ իմանալով՝ նման առաջին գործիչը եղել է Հրայր Դժոխքը, որը կարծում էր, թե հայ ժողովուրդը պետք է հույսը դնի իր ուժերի վրա և ամեն հայկական բնակավայր պետք է դարձնել պաշտպանված, զինված ամրոց, պատրաստ ոչ միայն ինքնապաշտպանության, այլև հարմար իրավիճակի պայմաններում, բարձրացնել համազգային ապստամբություն։ Հետագայում ունեցանք Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ, ովքեր կերտեցին անկախ Հայաստան և․․․վերջ։

Ինչո՞ւ հիշեցի այս ամենը։ Այսօր Հայաստանի համար ճակատագրական պահին շարունակվում է նույն, Իսրայել Օրու քաղաքականությունը։ Նայում, կարդում ես օրվա լրահոսը և ․․․Հայաստանի վարչապետ, արտգործնախարար կոչեցյալները, բոլոր այլ պաշտոնյաները, ընդդիմադիր գործիչները, քաղհասարակության ներկայացուցիչները, բոլոր, բոլորը դիմումներ, հայտարարություններ, խնդրանք-աղաչանքներ, պահանջներ են ներկայացնում տարբեր միջազգային կազմակերպություններին, արևմտյան, առաջադեմ, ժողովրդավար երկրների ղեկավարներին․ «Հասեք, փրկեք, դատապարտեք, պատժամիջոցներ կիրառեք և այլն և այլն»։ Նաև հիանում են այսօրվա հայասեր գործիչների մտահոգ հայտարարություններով, պահանջներով։ Կարծես գտնվում ենք 17-19 դարերում, չունենք պետություն, պետական կառույցներ, պետական մտածողություն։

Լավ, մի՞թե այսքան ժամանակ չհասկացանք, որ միջազգային իրավունք, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, պատերազմական հանցագործություններ, ժողովուրդների ինքնորոշում և այլ հռչակված արժեքներն ունիվերսալ չեն և որպես կանոն, գործում են բազմակի ստանդարտներով, քաղաքական տարբեր ուժերի շահերից ելնելով։

2003թ․ Վրաստանում «Վարդերի հեղափոխության» արդյունքում, իշխանության եկավ Միխաիլ Սահակաշվիլին և Վրաստանում հաստատվեց իրական «ժողովրդավարություն»։ Այլևս արևմտյան երկրները, միջազգային կառույցները չէին նկատում Վրաստանում մարդու իրավունքների խախտումները։ Վրացական ՀԿ-ները նույնպես՝ առանց նկատելու մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, սերտորեն համագործակցում էին իշխանության հետ։ Հիշում եմ Ստրասբուրգում հետխորհրդային ԵԽ անդամ պետությունների դատական համակարգերի քննարկման ժամանակ, Վրաստանի Փաստաբանական պալատի նախագահի բերած փաստերը վրացական բանտերում իրականացվող խոշտանգումների մասին։ Եվ ոչ մի արձագանք։ Այդ տարիներին Թբիլիսիում տեսա ցուցարարների խումբ՝ մի երիտասարդի դիմանկարով։ Պարզվեց, մեկ տարի առաջ ռեստորանում, ոստիկանների մի խմբի խրախճանքի ժամանակ, ոստիկանապետն առաջարկել է, որ ողջ սրահը հոտնկայս խմի Սահակաշվիլու կենացը։ Մի երիտասարդ ցուցադրաբար լքել է ռեստորանի սրահը։ Եվ ի՞նչ, նրա ետևից են վազել մի քանի ոստիկաններ և ծեծելով սպանել երիտասարդին։ Եվ ոչ մի ոստիկան չէր պատժվել։ Ծանոթ պատմություն է, չէ՞։

Այժմ համառոտ կերպով դիտարկենք Հայաստանը 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո․

-Հեռախոսային պատվերներ դատարաններին։

-Ասֆալտին փռելու սպառնալիքներ և իրականացումներ։

-Սահմանադրական դատարանի ջախջախում։

-Դատարանների շրջափակում։

-Շինծու քրեական , կամ ինչպես Գագիկ Ջհանգիրյանն է ասում «ս․․իմ» գործերի հարուցում։

-Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բացահայտ բռնություններ։

-Համատարած ընտրակեղծիքներ։

-Համատարած կոռուպցիա։

Եվ արևմտյան երկրներից ոչ մի, իսկ հայաստանյան ՀԿ-ներից երկչոտ արձագանքներ։

Բերենք նաև մեզ անմիջականորեն առնչվող մի քանի փաստեր, որոնք , որպես կանոն , արձագանքի չեն արժանացել, կամ ընդամենը կոչեր և մտահոգություններ են հնչել, նույն միջազգային կազմակերպությունների կողմից․

-Նախիջևանում հայկական խաչքարների ոչնչացումը։

-Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումը, հետագայում Սաֆարովին Ադրբեջան հանձնումն ու հերոսացումը։

-2016թ․քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական վայրագությունները։

-2020թ․ , արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ վայրագությունները։

-2021թ․ ադրբեջանական հարձակումներն ու վայրագությունները։

-2022թ․ հայ կնոջ նկատմամբ վայրագություններն ու գերիների գնդակահարումը։

Այո՛, միայն կոչեր, մտահոգություններ, ուրիշ ոչինչ։

Ճիշտ հասկացեք, չեմ մերժում նման վայրագությունների փաստահավաքությունը և դրանց ներկայացումը միջազգային կառույցներին։ Բայց այն պետք է լինի առաջին հերթին պետական կառույցների միջոցով և երկրորդ այն պետք է մաս կազմի պետական քաղաքականության։ Իսկ մեզ մոտ, մի կողմից փաստերը ներկայացնում են տարբեր կառույցներին, մյուս կողմից՝ նույն վայրագությունների հեղինակներից «խաղաղություն» աղերսում։ Այս դեպքում, նույնիսկ ամենաանաչառ կառույցը ձեռնպահ կմնա խիստ որոշումներ կայացնելուց, որպեսզի չխանգարի «խաղաղության» երկխոսությանը։ Ինչ վերաբերում է ոչ պետական՝ ընդդիմադիր, հասարակական գործիչների հայտարարություններին, ապա դրանք ընդունելի կլինեին, եթե հայտարարություններն ավարտվեին հետևյալ նախադասությամբ․ «Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի անկախ կարգավիճակն այլընտրանք չունի»։ Բնականաբար, այս թեզը չի մտնում նրանց ծրագրերում։

Հարց այսօրվա իսրայելօրիներին․ Ձեր հայտարարությունները, պահանջներն ու խնդրանք-աղաչանքները արևմուտքից և միջազգային կազմակերպություններից, անում եք հավատալո՞վ, թե՞․․․ Կարծում եմ, որ նրանց մեջ կան գործիչներ, ովքեր «գերազանցիկ» աշակերտի պես անգիր են արել միջազգային իրավունք, այլ արժեքներ և շարունակում են լացակումած իրենց գործունեությունը։ Բայց, նրանց մեջ գերակշռում են գործիչներ, ովքեր շատ լավ հասկանալով իրենց գործողությունների անիմաստությունը, գործունեության պատրանք են ստեղծում։ Դրանք այն նույն գործիչներն են, ովքեր 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին բռնապետիկի հրաժարականը, այլև պաշտպանեցին նրան և 2021թ․ ընտրական ֆարսը համարեցին ազատ և արդար և այժմ իրենց փուչ գործունեությամբ ինքնաարդարանում են։ Այսպիսով հայ քաղաքական միտքը հիմնականում մնացել է 17-19 դարերի մակարդակին, միամտաբար, կամ միտումնավոր՝ հանուն սեփական շահի։

Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տեղի ունեցան Պրահայի հանդիպումները։ Եվ ի՞նչ եք կարծում, այդ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, ո՞ր միջազգային կառույցը կամ ո՞ր պետությունը այլևս կքննադատի վայրագությունների հեղինակ Ադրբեջանին։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31