Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկը»՝ երազանքի հետևից

Հոկտեմբեր 07,2022 15:35

Անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի լավագույն ժամանակներին ենք ականատես լինում։ Դեռ մի քանի ամիս առաջ շատերը թերահավատորեն էին մոտենում Երևանի «Փյունիկի» եվրագավաթային հնարավոր պայքարին։

Չեմպիոնական մրցաշրջանից հետո նռնագույնների կազմը լուրջ կորուստներ կրեց։ Շատերը տեղափոխվեցին դեպի մրցակցի ճամբար, ոմանք էլ առաջարկ ստացան արտերկրից և հեռացան։ «Փյունիկը» մինչև եվրագավաթային պայքարը հասցրեց թիմ հրավիրել մեկ տասնյակից ավելի ֆուտբոլիստների։ Սակայն կար խաղակցվածության լուրջ խնդիր, որը աչք էր ծակում խաղադաշտում։ Այդ խնդիրը փորձեց մեղմել հայ խարիզմատիկ մասնագետ Եղիշե Մելիքյանը։ Ռոտացիան հասել էր առավելագույնին, շատ ֆուտբոլիստներ խաղում էին ոչ իրենց հիմնական դիրքերում։ Եվ տակտիկական մանեւրները տվեցին իրենց արդյունքը։ ՉԼ որակավորման փուլերում «Փյունիկը» հաղթահարեց նախ կարգով ավելի բարձր «Կլուժի», հետո նաև «Դյուդելանժի» արգելքը։ Եվ այդ ֆորսմաժորային իրավիճակում «Փյունիկը» պատմություն գրեց. Հայկական ակումբը այլևս Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում է։ Հայտնվեցինք այնտեղ, որտեղ երբեք չէինք եղել և հասկացանք, որ դեռ բավականաչափ ռեսուրս չունենք այնտեղ պայքարելու համար։ ՉԼ կրկնակի գավաթակիր «Ցրվենա Զվեզդան» առանց լուրջ խնդիրների պարտության մատնեց հայկական ակումբին։ Կրկին հայտնվեցինք ԵԼ փլեյ-օֆֆ որակավորման փուլում և կրկին ձախողեցինք։ Պատճառը նույնն էր՝ մարզական բախտի պակաս և անփորձություն։

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը, եթե «Փյունիկի» համար նորություն էր, ապա հայ երկրպագուի համար երկրորդ փորձ։ Անցած մրցաշրջանում «Ալաշկերտն» էր հայտնվել խմբային փուլում, սակայն անգույն և անատամ խաղի պատճառով ոչ մի հաջողության չհասավ. Խմբային փուլի ավարտից հետո մեկ միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Այս անգամ պայքարելու շանսեր կան. Թիմի ղեկին է Եղիշե Մելիքյանը, որը չի սիրում բավարարվել արդյունքով, պայքարում է լավագույն արդյունքի համար և ստիպում է ֆուտբոլիստներին անել նույնը։ Եվ ահա արդյունքը. «Փյունիկը» երեք մրցափուլերից հետո ունի երկու հաղթանակ և խմբում առաջին հորիզոնականը կիսում է շվեյցարական Բազելի հետ։ «Սլովանին» և «Ժալգիրիսին» հաղթելը հայ երկրպագուների մոտ հույսեր է արթնացնում, որ խմբից դուրս գալը անիրականալի երազանք չէ։ Իհարկե դեռ շատ գործ ունի անելու «Փյունիկը» և արդյունքի հասնելը ամենևին էլ հեշտ չի լինելու։

Ի՞նչ է պետք «Փյունիկին» խմբից դուրս գալու համար. հաղթել ևս երկու խաղ։ Մեկ շաբաթ անց կրկին կմրցենք «Ժալգիրիսի» հետ արդեն մրցակցի դաշտում, հետո էլ «Սլովանի» հետ նույնպես արտագնա խաղ կունենանք։ Եթե «Փյունիկին» չհաջողվի վեց միավոր վաստակել առաջիկա երկու խաղերում, ապա, լավագույն դեպքում, անկյունաքարային և վճռորոշ կլինի վերջին տուրի դիմակայությունը, որտեղ Երևանում կընդունենք խմբի ֆավորիտ «Բազելին»։

Ի զորո՞ւ է «Փյունիկը» խմբից դուրս գալու. հոգեբանական և ֆիզիկական լուրջ պատրաստվածության դեպքում՝ այո, հնարավոր է։ Իհարկե, պետք է չմոռանանք նաև մարզական բախտի մասին, որը բազմիցս երես է թեքել մեզնից ամենավճռորոշ պահերին…

 

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31