«Մեր թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական դաշտը, թե՛ մասնագիտական շրջանակները փոքր-ինչ գերագնահատում են տեղեկատվության քաղաքականության արդյունավետությունը և դերակատարությունն այն իրավիճակում, որտեղ մենք գտնվում ենք,- «Հոդված 3» ակումբում հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ նկատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (ՊՈԱԿ) տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Նրա կարծիքով՝ ունենք այնպիսի խնդիրներ, անվտանգային մարտահրավերներ, որոնք գոյություն ունեն իրական դաշտում, ֆիզիկական անվտանգությանն են վերաբերվում, բայց շատ հաճախ մենք ակնկալում ենք, որպեսզի տեղեկատվական անվտանգությունը կարողանա փոխարինվել ֆիզիկական անվտանգությամբ: Նա օրինակ բերեց. «Այսինքն՝ սահմանային բնակավայրում քաղաքացին իրականում ունի ֆիզիկական անվտանգության խնդիր, մենք շատ հաճախ ակնկալում ենք, որ տեղեկատվական անվտանգությունը կարողանա հանգստացնել այդ քաղաքացիներին, ընդհանուր մեր երկրի բնակչությանը տրամադրել, որ որևէ խնդիր չկա, մի լարվեք: Զարմացած էի, երբ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ԱԺ-ում վարչապետին առաջինն ուղղեցին հարց, որը վերաբերում էր տեղեկատվական անվտանգությանը: Հնարավոր չէ Վերիշեն գյուղի բնակչին ապահովել տեղեկատվական անվտանգությամբ, երբ իր կամ կողքի բնակարանը հրթիռակոծվում է: Իմ համոզմամբ՝ սրան պետք չէ վերաբերվել՝ որպես ցավազրկողի: Եթե քո մարմնի մի մասը ցավում է, պետք չէ ակնկալել, որ տեղեկատվական անվտանգությամբ կամ հանրային իրազեկմամբ կարելի է վնասված այդ մասը բուժել: Սրանք տարբեր հարցեր են»:
Ըստ Գոռ Ծառուկյանի՝ շատերն ունեն գերագնահատված ակնկալիքներ, չնայած կա ֆիզիկական վտանգ, բայց ուզում են՝ իրենց անհոգ կյանքով ապրել: Նա շարունակեց. «Եվ դրանում մեղադրում են տեղեկատվական անվտանգություն ապահովողներին, թե ինչու չեք ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունն իրական խնդիրներից: Պետք է պարզապես խուսափել սրանից»:
Ըստ Գոռ Ծառուկյանի՝ ՀՀ-ում տեղեկատվական խնդիրներն ավելի խորացան պաշտոնական տեղեկատվության նկատմամբ ճգնաժամի ձևավորումից, որը ստեղծվեց 2020-ի պատերազմից հետո. «Պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահության խիստ անկում նկատվեց, և մենք ստիպված էինք մանր քայլերով վերականգնել որոշակի վստահություն: Իրականում, եթե լիներ կատարյալ իրավիճակ, գուցե կարճ ժամանակում հնարավոր լիներ վերականգնել»:
Կարդացեք նաև
Գոռ Ծառուկյանը մտահոգություն հայտնեց, որ այս ոլորտում պետական ռեսուրսները անարդյունավետ են օգտագործվում ու նշեց. «Պետական համակարգը շարժվում է իներցիայով: Կան 90-ականներից դեռ ընդունված օրենքներ, որոնք պարտադրում են պետական ինստիտուտներին, և ինչ-ինչ լուսաբանումների, իրազեկումների վրա ու դրանց ուղղված տասնյակ միլիոնավոր դրամներ են ծախսվում, մինչդեռ ներկայիս տեխնոլոգիաների միջոցով փոքր ռեսուրսներով կարելի էր հստակ այդ իրազեկումն իրականացնել: Պետական բյուրոկրատիան դանդաղ է, իներցիան էլ է իրենն ասում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ