Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը». Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը ելույթ ունեցավ Երևանում

Հոկտեմբեր 07,2022 15:29

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Հայաստանում առաջին անգամ Ռուբեն Վարդանյանի  հիմնադրամի աջակցությամբ կայացան Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ​​ակադեմիական բալետի թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետի ներկայացումները։ Ներկայացումները, որոնք տեղի ունեցան Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, իրականացվել են «Հայֆեստ» Կատարողական արվեստի 20-րդ միջազգային փառատոնի ծրագրի շրջանակներում։

Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլիա Կլոդելի ճակատագրին ու գործունեությանը։ Նրանց սիրո պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական և ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջև եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը և դառնում է նրա մահվան պատճառ: Կիսամոռացված, աշխարհից մեկուսացված, աղքատության մեջ ապրող Կլոդելը խելագարվում է։ Նրա դեմ ուղղված դավադրության ցավոտ գաղափարը, որում Կամիլյան Ռոդենին տեսնում է որպես գլխավոր դերակատար, անընդհատ տանջում է հոգեկան խանգարումից թուլացած կնոջ միտքը։ Նրան վիճակված էր մի ամբողջ 30 տարի անցկացնել հոգեբուժարանում, որտեղ և 1943 թվականին մահանում է` լինելով բոլորի կողմից մոռացված և լքված:

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը արտացոլում է այն ահռելի գինը, որ հանճարները վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար։ Օգտագործելով ժամանակակից բալետի հոգեբանական եզակի պլաստիկ լեզուն՝ Էյֆմանը ոչ միայն ներկայացնում է Ռոդենի և Կլոդելի կողմից վարպետորեն ուսումնասիրված մարդկային կրքերի աշխարհի նոր ըմբռնումը, այլ ի ցույց է դնում ստեղծագործական գործընթացի անհասկանալի և առեղծվածային լինելը։

«Ռոդենի և Կլոդելի կյանքն ու սերը երկու արվեստագետների զարմանալի պատմություն է, որոնց բարդ, անհավանական դրամատիկ միության մեջ միահյուսված են կիրքը, ատելությունը, ստեղծագործական խանդը: Քանդակագործների միջև տեղի ունեցած հոգևոր և էներգետիկ փոխանակումը եզակի է. մտերիմ լինելով Ռոդենի հետ՝ Կամիլյան ոչ միայն ոգեշնչեց նրան, օգնեց ձեռք բերել նոր ոճ և ստեղծել գլուխգործոցներ, այլև անձամբ զգաց սեփական տաղանդի արագ հասունացումը՝ վերածվելով տաղանդավոր վարպետի։ Գեղեցկություն, երիտասարդություն, հանճարեղություն․ այս ամենը նա զոհաբերեց իր սիրելիին», – ասում է թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանը:

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բեմադրության պրեմիերան կայացել է 2011 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Մադրիդի, Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերաբեմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։

Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ​​ակադեմիական թատրոնը հիմնադրվել է Բորիս Էյֆմանի կողմից՝ 1977 թվականին (թատերախմբի սկզբնական անվանումը եղել է «Լենինգրադի նոր բալետ»)։ Կոլեկտիվի կոնցեպտը բավականին համարձակ էր. այն ստեղծվել էր որպես հեղինակային, ռեժիսորական թատրոն՝ կարծես լինելով մեկ պարուսույցի փորձարարական լաբորատորիա։ Այսօր Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հայտնի է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի պարարվեստի սիրահարներին հետևյալ ներկայացումներով՝ «Կարմիր Ժիզել», «Ռուսական Համլետ», «Աննա Կարենինա», «Եվգենի Օնեգին», «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը», «Մեղքից այն կողմ», «Ռեքվիեմ», «Up & Down», «Չայկովսկի. PRO et CONTRA», «Պիգմալիոնի էֆեկտը», «Կիրքը Մոլիերի նկատմամբ կամ Դոն Ջովանիի դիմակը», «Ճայը. բալետի պատմություն»։ Համընդհանուր ճանաչված այս գործերը ոչ միայն ներկայացնում են ժամանակակից ռուսական բալետի նվաճումները գեղարվեստական ​​ամենաբարձր մակարդակում, այլև հանդիսատեսին ներկայացնում են ռուսական և համաշխարհային մշակույթի անմահ հոգևոր ժառանգությունը՝ ոգեշնչելով պարուսույցին և նրա թատերախմբին: Բորիս Էյֆմանի թատերախմբի ցանկությունն է՝ հանդիսատեսին ներգրավել մարդկային կրքերի անսպառ աշխարհում, աշխույժ հոգևոր կապեր հաստատել հասարակության հետ, ապշեցնել նրան պլաստիկ լեզվի պայծառությամբ և դինամիկությամբ։ Այս ամենի արդյունքն այն հաջողությունն է, որն արդեն մի քանի տասնամյակ ուղեկցում է թատերական ներկայացումներին աշխարհի առաջատար բեմահարթակներում։

Բալետի ներկայացման գործընկերներն են՝ «TimeTo» ստեղծագործական գործակալությունը, «GoToArmenia» տուրիստական ​​օպերատորը:

GoToArmenia-ն զբոսաշրջային օպերատոր է, որը, տուրերի մշակման և վաճառքի միջոցով ստեղծում է Հայաստանի նոր իմիջը՝ առավելագույնս խորասուզվելով երկրի մշակույթի և կյանքի մեջ: GoToArmenia-ի կարգախոսն է՝ Հայաստանը որպես գիտակցված ընտրություն։

TimeTo-ն կրեատիվ գործակալություն է, որը մասնագիտացած է Հայաստանում խոշոր փառատոնների և ժամանցի այլ միջոցառումների կազմակերպմամբ:

Բալետը ստեղծվել է Մ.Ռավելի, Ս.Սենտ-Սանսի, Ժ.Մասնեի երաժշտության ներքո

Ձևավորումը՝ Զինովի Մարգոլին

Զգեստներ՝ Օլգա Շայշմելաշվիլի

Լուսավորություն՝ Գլեբ Ֆիլշտինսկի, Բորիս Էյֆման

Թատերախումբ

Հոկտեմբերի 5

Ռոդեն – Օլեգ Գաբիշև, Ռուսաստանի վաստակավոր արտիստ

Կամիլյա – Լյուբով Անդրեևա

Ռոզա Բերե – Մարիա Աբաշովա, Ռուսաստանի վաստակավոր արտիստ

 Հոկտեմբերի 6:

Ռոդեն – Իգոր Սուբբոտին

Կամիլյա – Վիկտորյա Մոկրուսովա

Ռոզա Բերե – Անժելա Պրոխորովա

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետի թրեյլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31