Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկզբունքներիցս չհրաժարվելու համար անգամ ֆիզիկական սպառնալիքների եմ ենթարկվել»․ ԿԸՀ նախագահի թեկնածու

Հոկտեմբեր 07,2022 15:09

«Ես եւ Դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներ ենք։ Դուք նաեւ վարչության անդամ եք։ Այն քաղաքական կենսագրությունը, որն ունեք, մարդկանց թույլ  է տալիս հնչեցնելու գլխավոր քննադատությունը․ սա չի կաշկանդելո՞ւ ձեզ հետագայում որպես ԿԸՀ նախագահ ազատ աշխատելու հարցում։ Եթե ոչ, ապա որո՞նք են հիմնավորումները, որոնք ձեզ թույլ են տալու ազատ գործել՝ որպես ԿԸՀ ղեկավար»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում այսօր ՔՊ-ի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովակիմյանը, որը եղել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, նաեւ դուրս եկել ՔՊ կուսակցությունից, ինչպես օրենքն է պահանջում։

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ ըստ սահմանադրության՝ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք չունեն լինել քաղաքական ուժի անդամ, հրապարակային հայտարարություններում պետք է դրսեւորեն քաղաքական զսպվածություն․ «Եթե սահմանադրի կամքը լիներ այն, որ ԿԸՀ նախագահ չի կարող լինել երբեւէ կուսակցական գործունեություն ծավալած անձը, նկարիչը կամ երաժիշտը, ապա հենց այդպես էլ կսահմանվեր։ Իմ համոզմամբ, եթե ցանկացած պաշտոնի համար չկա իրավական խոչընդոտ, ապա անձը պետք է ընտրվի՝ իր սկզբունքներն ու կենսագրությունը հաշվի առնելով։ Կրկնում եմ, որ 98թ․-ից պայքարել եմ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար։ Իմ սկզբունքներից չհրաժարվելու համար անգամ ֆիզիկական սպառնալիքների եմ ենթարկվել։ Եթե որեւէ մեկը կապացուցի, որ կեղծիք եմ արել կամ հրաժարվել սկզբունքներիցս, ապա երբեք չէի հավակնի այս պաշտոնին, եւ ՔՊ-ն երբեք չէր առաջադրի իմ թեկնածությունը։ Ինձ պարտավորեցնում է այն, որ քաղհասարակությունն ինձ քննադատել է այս թեկնածության համար։ Նրանցից շատերի հետ ճանապարհ եմ անցել եւ ավելի հետեւողական եմ լինելու նրանց հետ համագործակցելու ուղղությամբ, որպեսզի համատեղ ջանքերով ընտրական համակարգը լինի ավելի լավը, իսկ նրանց բարձրաձայնած խնդիրները լուծվեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31