Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում բոլոր տեսակի․ Էրդողան

Հոկտեմբեր 07,2022 15:06

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիս է տվել։

Նախքան հարցուպատասխանը Էրդողանը մեկնարկային խոսքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել ամբողջական կարգավորման մեր նպատակին»,- շեշտել է Էրդողանը։

Թուրքիայի պետական լրատվամիջոցի՝ «TRThaber»-ի լրագրողը Թուրքիայի ղեկավարին հղել է հետևյալ հարցը. «Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ մի քանի անգամ հանդիպել եք։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում ի՞նչ տեսակ ուղերձներ տվել»։

Ի պատասխան Էրդողանն ասել է. «Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրեցինք։

Հանդիպման ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտգործնախարարներին տվել ենք հանձնարարականներ։

Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչներինը՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը»։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողը խնդրել է պարզաբանել «որոշ պահանջները» արտահայտությունը և հարցել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանն ու երբ կկարգավորվեն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը արդեն լուծվել է։

Պատասխանելիս Էրդողանը կրկին հիշեցրել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների ու արտգործնախարարների կողմից տարվող աշխատանքների մասին։

«Հատկապես բեռնափոխադրումներից /կարգոյից/ մինչև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, բոլոր այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցանկանում ենք րոպե առաջ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ջերմացնել և այս հարցը լուծել»։

Հայ-եվրոպական ամսագրի լրագրողը հարցրել է, թե ինչ նախապայմաններ ունի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք, որ ձեր և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասունացրեք և խաղաղության վերաբերյալ պայմանագիրը անհապաղ կնքեք։

Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային»,- արձագանքել է Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31