Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր աղքատ է նաև աշխատողների զգալի մասը. հայտարարություն

Հոկտեմբեր 07,2022 15:10

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄերի աշխատողների արհմիության հայտարարությունը Հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ

Հոկտեմբերի 7-ը արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրն է։

Այսօր ամբողջ աշխարհում կտրուկ աճում են էներգիայի, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների գները, այդպիսով, աշխատող մարդկանց մղելով աղքատության։ Հայաստանում սոցիալական խնդիրները հետ չեն մնում աշխարհից՝ սպառողական գներն այստեղ նույնպես հասել են իրենց գագաթնակետին։

Աշխատողները, օրեցօր աշխատելով բնապահպանական աղետի, հանրային տրանսպորտային ենթակառուցվածքի բացակայության, երկրի վտանգված անվտանգությամբ պայմանավորված հոգեբանական լարվածության, մատչելի ու որակյալ առողջապահության բացակայության պայմաններում, ստանում են չնչին աշխատավարձեր և կենսաթոշակներ, ինչով հնարավոր չէ ապահովել նույնիսկ նվազագույն կենսամակարդակ։ Հնարավոր չէ նաև պլանավորել մոտ ապագան՝ կապված Ադրբեջանի կողմից անվերջանալի կամայական հարձակումների ու ՀՀ պետական տարածքների օկուպացիայի հետ։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա «ռելոկանտների» ներգաղթի ազդեցությամբ, վարձատուները դուրս են շպրտում այդ նույն աշխատողներին իրենց տներից, օգտվելով այն փաստից, որ վարձակալության շուկան հարկային ու պետական կարգավորման դաշտից դուրս է գործում։ Այս ամենին գումարած՝ աշխատողների աչքի առջև կրճատվում են կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերում նրանց խնայողությունները։

Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ աշխարհում ամենաբարձրերից մեկը։ Սակայն, ստեղծվել է իրավիճակ, երբ պարտադիր չէ լինել գործազուրկ՝ աղքատ լինելու համար։ Այսօր աղքատ է նաև աշխատողների զգալի մասը։

Քանի դեռ բազմաթիվ պետություններում սոցիալական ճգնաժամը թուլացնելու միջոցներ են ձեռնարկվում՝ աշխատողներին միանվագ գումարների վճարում, կոմունալների և դեղորայքի սուբսիդավորում, էժանացված գնացքի տոմսերի տրամադրում, Հայաստանում անդադար հարկային ու մաքսային արտոնություններ են տրվում ոչ միայն միջին, այլ նաև խոշոր ընկերություններին։ Անընդհատ գովերգվում է սոցիալապես  անարդար և բոլոր երկրներում իր անկենսունակությունն ապացուցած համահարթ հարկման համակարգը, որը հանրային բյուջեի հաշվին արտոնություն է տալիս սակավաթիվ բարձր վարձատրվող աշխատողներին և պատժում սովորական աշխատողներին։ Ավելին՝ ակնարկվում է, որ աշխատողներն իրենց ցածր գիտելիքի պատճառով են քիչ վարձատրվում։

Չնայած կառավարության ծրագրերում և ռազմավարություններում ամրագրված պարտավորություններին՝ գործնականում պետական պաշտոնյաների կողմից շարունակվում են խախտվել աշխատողների հիմնարար իրավունքները, ներառյալ՝ միավորվելու և կոլեկտիվ բանակցելու իրավունքները․ դրա մասին է վկայում նաև ITUC Գլոբալ իրավունքների ինդեքսը, որում Հայաստանի վարկանիշը 2022 թվականին անկում է գրանցել։ Ի տարբերություն բիզնեսի և մամուլի ազատության զեկույցների՝ նշված զեկույցը, ցավոք, չի հայտնվում կառավարության ուշադրության կենտրոնում։

Այսօր աշխարհի արհմիությունները կարևորում են իշխանությունների ու հանրությունների միջև նոր սոցիալական պայմանագրի անհրաժեշտությունը, որի հիմքում պետք է լինի աշխատավարձային, հարկային ու սոցիալական արդարությունը և կենսունակ տնտեսությունը։

Որպես  հազարավոր աշխատողներ միավորող արհմիություն՝ կոչ ենք անում իշխանություններին․

  • Քաղաքականություն մշակելիս առաջին հերթին առաջնորդվել մարդկանց, այլ ոչ թե՝ խոշոր ընկերությունների, ներդրողների, ներկրողների, շինարարական ծրագրերի, բնական ռեսուրսներ շահագործողների և բանկային համակարգերի շահերով
  • Ավելի գործուն քայլեր ձեռնարկել քաղաքացիական ու համայնքային ծառայողների վարձատրության ավելացման ուղղությամբ
  • Առաջխաղացնել աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ամրապնդումը և զարգացնել այդ իրավունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական ինստիտուտների կարողությունները
  • Վարել ավելի համարձակ և ճկուն արտաքին քաղաքականություն՝ երաշխավորելու համար, որ մեր պետությունը ոչ միայն շարունակելու է գոյություն ունենալ, այլև լինելու է քաղաքակիրթ, ազատ, ժողովրդավար և սոցիալական աշխարհի մաս։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31