Լրահոս
Օրվա լրահոսը

«Փեթակ» առևտրի կենտրոնը չի գործում. Առևտրականները բողոքի ցույց են անում

Հոկտեմբեր 07,2022 14:58

Այսօր առավոտից «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում, որն այնուհետև տեղափոխվեց Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շենքի մոտ։

«Մենք չգիտենք՝ պատճառն ինչ է, երեկ նորմալ աշխատել ենք, երեկոյան մեր տաղավարները փակել՝ տուն ենք գնացել: Այսօր առավոտյան գնում ենք տոնավաճառ,  պարզվում է՝ փակ է, ինչ է եղել, չգիտենք: Անակնկալ, սյուրպրիզ, մեզ դիմավորեցին ԱԻՆ աշխատակիցները, տոնավաճառի տնօրեն Մասիս Դանիելյանն էլ ասաց, որ կառավարությունը փակել է տոնավաճառը՝ անժամկետ: Տնօրենն ասում է, ես չգիտեմ՝ ինչու են փակել, գնացեք կառավարություն, տեսեք, ինչ է եղել, հիմա մենք էլ եկել ենք կառավարություն»,-լրագրողների հետ զրույցում նշեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը: Այն հարցին ի պատասխան, թե լուրեր են պտտվում, իբր «Սուրմալուի» նման այս տոնավաճառում ևս պայթուցիկ նյութեր կան, տոնավաճառի աշխատակցուհին պնդեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությունը:

Տոնավաճառի աշխատակիցները պահանջում են, որ տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։

«Մենք 15 օր առաջ ժողով ենք արել ու հարց ուղղել տնօրենին, թե արդյոք ճիշտ են այն շշուկները, թե մի օլիգարխ պատրաստվում է տարածքը գնել, նա էլ պատասխանել է, որ ոչ, դա իր տարածքն է ու մտադրություն չունի վաճառելու։ Մեր պահանջն այն է, որ բացեն առևտրի կենտրոնը, ու բոլորս գնանք աշխատելու, օրվա հացի գումար հայթայթելու, առանց այն էլ հիմա առևտուր չկա, մի կերպ ենք գոյատևում»,–ասաց աշխատակիցը։ Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունից պարոն Ղազարյանն առաջարկել է նամակ ներկայացնեն կառավարությանը, որից հետո պարզաբանումներ կտրվեն:

Մի քանի ժամ ՀՀ կառավարության շենքի մոտ անցկացնելու հետո «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները գնացին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շենք։

Նրանք կառավարությունից պահանջում են վերանայել որոշումը, որի համաձայն առեւտրի կենտրոնը անորոշ ժամկետով փակվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր, որը պատճառ էր հանդիսացել «Փեթակի» աշխատակիցներին ու տնտեսվարողներին, օգոստոսի 22-ին հավաքվել կենտրոնի մոտ և պահանջել թույլտվություն՝ վերսկսելու աշխատանքը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն ավելի ուշ տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել՝ վերստուգման արդյունքների հիմքով․ «Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի հունիսի 𝟏𝟎-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։

Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։

Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։ 

Կարգադրագրի 𝟏𝟐 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։

Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 𝟐𝟎𝟐𝟐 թվականի հունիսի 𝟐𝟑-ը։

Տեսչական մարմնի ղեկավարի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի օգոստոսի 𝟐𝟐-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 𝟐𝟐-𝟐𝟓-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։

Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։

Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟎-րդ հոդվածի 𝟐-րդ մասի «ը» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 𝟑𝟖-րդ հոդվածի 𝟑-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 𝟏𝟕ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31