Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կրկին կոչ է անում Բաքվին հետ քաշել զորքերը մինչև սեպտեմբերի 12-ը եղած դիրքերը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակություն

Հոկտեմբեր 07,2022 14:24

ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ուղղված ԵԱՀԿ մշտական խորհրդին.

ԱՄՆ-ը շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում խրախուսել է հետագա բանակցություններում վստահության ձևավորումը և առաջընթացը: Պետքարտուղար Բլինկենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի, այդ թվում և գլխավորապես, Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձի համար։

Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ չլուծված խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթվա վերջին սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ կերպով հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած տեսակի բռնությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հարուցված հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այդպիսի գերիների հետ վարվել համաձայն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների։

Սեպտեմբերի 13-ին և 14-ին և կրկին սեպտեմբերի 28-ին հրադադարի վերջին խախտումները խիստ մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին խստորեն պահպանել կայուն հրադադարը, հետ քաշել և հեռացնել իրենց զինված ուժերը և շարունակել բանակցությունները  սահմանազատման շուրջ՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադարձնել զորքերը մինչև սեպտեմբերի 12-ի գիշերվա ռազմական գործողությունների բռնկումից առաջ եղած նախնական դիրքերը: Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով։ Անցած շաբաթվա ընթացքում հայ զինվորների և ականներից ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահերը հստակ և ողբերգական կերպով ցույց է տալիս այս հակամարտության շարունակական մարդկային հետևանքները։

Վերջապես, պարոն նախագահ, ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմի ակտիվացմանը, այդ թվում Փաստահավաք առաքելության ստեղծմանը, ինչպես որ պահանջել էր Հայաստանը: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել թուլացնելու լարվածությունը, ամրապնդելու վստահությունը և հաշվետու լինելու իրենց միջազգային պարտավորությունների և հանձնառությունների հանդեպ։ Մենք խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգները աջակցում է համապարփակ խաղաղության գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի, այնպիսի սերտ գործընկերների հետ, ինչպիսին են Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31