Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ասում եմ՝ ընդառաջ այն քննադատությանը, որը հնչել է իմ թեկնածության վերաբերյալ»․ Վահագն Հովակիմյան

Հոկտեմբեր 07,2022 14:20

Ժողովրդավարությունը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն, եւ վերջին տարիներին ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումները ողջ աշխարհի կողմից բնորոշվում են որպես ժողովրդավար։ Այս մասին այսօր ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովակիմյանը, որը եղել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, նաեւ դուրս եկել ՔՊ կուսակցությունից, ինչպես օրենքն է պահանջում։

«ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է։ Այդ զարգացման համար անկյունաքարային է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կայացումը։ Եթե դա չկա, ուրեմն չի կարող լինել ժողովրդավարություն։ Կյանքի վերջին 24 տարում պայքարել, գործել եմ, որպեսզի ՀՀ-ում ընտրությունները լինեն ազատ եւ թափանցիկ, որովհետեւ միայն այդպես է հնարավոր ունենալ ժողովրդավարական երկիր»,-հայտարարեց Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ արդար, թափանցիկ ընտրությունների դեմ ցանկացած ոտնձգությունը ՀՀ-ի դեմ ոտնձգություն է։ Ըստ Հովակիմյանի՝ 25 տարում ՀՀ ընտրական համակարգն անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին ՝առավել քան առաջընթաց է ապրել շնորհիվ ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ում գործող քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների, ԿԸՀ-ի․ «Վերջին տարիներին ընտրական համակարգի հանդեպ վստահությունը էական բարձրացել է։ Օրենսդիր մարմնի ջանքերը պետք է ուղղված լինեն այդ վստահության բարձրացմանը, իսկ ընտրական համակարգի բարեփոխումները պետք է անընդհատ լինեն»։

Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ընտրական բարեփոխումների առանցքում պետք է շարունակի մնալ գործընթացի թափանցիկության ամրապնդումը, որպեսզի քաղաքացին չկասկածի, թե իր քվեն կարող է կորել, որ իր քվեով է որոշվելու, թե քաղաքական ուժերից որն ինչպիսի ներգրավվածություն է ունենալու պետության կառավարման գործում․ «Մյուսն ընտրական համակարգի թվայնացման շարունակականությունն է։ Քաղաքացիների համար այն ավելի մատչելի պետք է լինի։ 3-րդ խնդիրը, որը հնարավոր է լուծել օրենսդրական լուրջ բարեփոխումներով, ընտրական ցուցակների շուրջ բանավեճի հանգուցալուծումն է։ Այն կարող է լինել պետական կառավարման համակարգի թվայնացման շնորհիվ, որպեսզի դրա արդյունքում հնարավոր լինի ճշգրտել ընտրական ցուցակները։ Տարիներ շարունակ հարց է հնչում՝ ընտրական ցուցակներում կա՞ն ընտրողներ, որոնք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, բայց այդ մասին իրավական արձանագրում չկա, այսինքն՝ թաքցվել է այն փաստը, որ իրենք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, թեեւ թարմացրել են անձնագիրը»։

Վահագն Հովակիմյանի բնորոշմամբ՝ գործող օրենսդրությունը չի տալիս այս հարցի պատասխանը, ուստի բարեփոխումների տրամաբանությունը պետք է միտված լինի սրան։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն օրերս միասնական հայտարարությամբ մատնանշել են․ «Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը»։

Վահագն Հովակիմյանը նշեց․ «Այս բարձր ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի՝ նպաստելու, որպեսզի ՀՀ-ում ժողովրդավարությունը կայանա։ Ըստ այդմ, ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ ՀՀ-ի եւ ընտրական համակարգի։ Սա հայտարարում եմ՝ ընդառաջ այն քննադատությանը, որն այս օրերին հնչել է իմ թեկնածության վերաբերյալ»։

ԿԸՀ անդամների պաշտոններում ՔՊ-ի առաջադրած թեկնածուների մասին՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31