Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդեն ադրբեջանական թվիթերյան մի խրախճանք է սկսվել, որ վերջ, ՀՀ-ն ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում». Գայանե Աբրահամյանը՝ հիբրիդային պատերազմների մասին

Հոկտեմբեր 07,2022 14:04

«Այսօր մեր հասարակությունը բացարձակ մեդիագրագետ չէ, կամ հասարակության խիստ մեծ մասը մեդիագրագետ չէ. ամբողջովին տրվում ու դառնում է զոհը այն կեղծ նարատիվների, որոնք տարածվում են»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ի համար հիբրիդային պատերազմի տեսանկյունից շատ ավելի դժվար է, քանի որ և՛ արտաքին, և՛ ներքին, և՛ տարբեր երկրներից եկող կեղծ լուրերի, կեղծ նարատիվների մեխանիզմն է կիրառվում: Գայանե Աբրահամյանը մտահոգություն հայտնեց, որ անգամ կեղծ փաստերի ստուգման հարթակներ կան:

Ըստ ԱԺ նախկին պատգամավորի՝ այս հարցում կարևոր է նաև պետական մարմինների կողմից իրականացվող կանխարգելիչ մեխանիզմների իրականացումը: Այս առիթով ասաց. «Այսօր պատրաստվում է մշակվել ռազմավարություն, բայց սա երևի արդեն ուշացած է: Իսկապես հնարավորինս արագ պետք է իրականացվի սա: Երկրորդ հարցը, որ պետք է քննարկել, հիբրիդային պատերազմի մեկ կարևոր ուղղությունն է, որին կարծես մեր պետական մարմիններն ուշադրություն չեն դարձնում: Դա ապատեղեկատվությանը զուգահեռ արվող հուսալքության, հանրային գիտակցության մեջ այդ բացարձակ անելանելիության և դատապարտվածության զգացողությունը ներարկելն է: Hope based communication-ի (հույսի վրա հենված հաղորդակցություն․–խմբ․) անհրաժեշտություն ունենք»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կին զինծառայողների դիակները խոշտանգելու, հայ զինծառաողներին գնդակահարելու տեսանյութերի տարածմանը՝ Գայանե Աբրահամյանն ասաց. «Սրանք բոլորովին պատահական չէ, որ տարածվում են: Պետք է հասկանանք՝ ո՞րն է Ադրբեջանի կողմից հիմնական պատճառը: Իհարկե, Ադրբեջանը հասկանում է՝ սա երկարաժամկետ կտրվածքում իրավական դիվանագիտության տեսանկյունից իրենց վնաս է: Սա լինելու է մեր կարևոր հիմքերից մեկը ՄԱԿ-ի դատարանում, ՄԻԵԴ-ում: Իրավական տեսանկյունից այստեղ շահած ենք դուրս գալու, բայց ես հասկանում եմ, որ Ադրբեջանը լուծում էր կարճաժամկետ խնդիր: Այս տեսանյութերը տարածելով՝ հուսահատություն, սարսափ է տարածում մեր բնակչության շրջանում: Եվ մենք դրա մաս ենք կազմում. մենք ինքներս տարածում ենք»:

Գայանե Աբրահամյանը նաև կարևորեց կանխարգելիչ հաղորդակցության մեխանիզմների կիրառումը և հարցրեց՝ արդյոք դրանք կիրառվո՞ւմ են: Այնուհետև նշեց. «Պրահայում հրապարակված հայտարարությունը, բնականաբար, բազում հարցեր առաջացրեց: Արդեն ադրբեջանական թվիթերյան մի խրախճանք է սկսվել, որ վերջ, ՀՀ-ն ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Հասկանալի էր, որ սա կլիներ, բայց սրան նախընթաց պետք է որոշակի գործողություններ արված լինեին. գուցե չեմ տեսել»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31