Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ստիպեցին, որ ոստիկանությունը բարեփոխվի»․ ո՞վ է ԿԸՀ անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածուն

Հոկտեմբեր 07,2022 13:22

ԿԸՀ անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է նաեւ Ժիրայր Կարապետյանի թեկնածությունը, որն այսօր ներկայացվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Իրավագետի կրթություն ունեցող Ժիրայր Կարապետյանը, որը նախկինում «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար է եղել, աշխատել է նաեւ մշակույթի նախարարությունում՝ որպես մասնագետ, իսկ մի շարք կազմակերպություններում՝ որպես իրավական խորհրդատու։

Ոստիկանության համակարգում էլ աշխատել է ավագ տեսուչ, իսկ մինչեւ այս առաջադրումը եղել է ՃՈ՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթի իրականացման բաժնի պետի տեղակալ։ Դասախոսել է ՀՀ փաստաբանական դպրոցում, ոստիկանության կրթահամալիրում, հիմնադրել «Արդարություն» երիտասարդական կազմակերպությունը, մասնակցել միջազգային կրթական ծրագրերի։

Ժիրայր Կարապետյան

Կարապետյանի կենսագրությունը ներկայացնող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը մինչեւ 2018թ․-ը ոստիկանության պաշտոնյա էր, հայտարարեց, որ թեկնածուին մոտ քսան տարի ճանաչում է․ «Նա զբաղվում էր իրավապաշտպան գործունեությամբ եւ բավականին լուրջ աշխատանք տանում վարորդների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար։ Այն ժամանակ այս ոլորտում լուրջ խնդիր կար։ Ժիրայր Կարապետյանի եւ երջանկահիշատակ Էդուարդ Հովհաննիսյանի այդ գործունեությունը մեծ էր։ Նրանք ստիպեցին, որ ոստիկանությունը, պետությունը, գնան բարեփոխումների, որովհետեւ այլ տարբերակ չկար։ Այդ ճնշումը եկավ իրավապաշտպան գործունեությունից։ 2007թ․-ից փորձել ենք Ժիրայրին անպայման ներգրավել ոստիկանության բարեփոխումների ծրագրում, ինչը մեծ դժվարությամբ ստացվեց 2008թ-ին։ Այսպես նա աճեց մինչեւ բաժնի պետի տեղակալ»։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Ժիրայր Կարապետյանը շատ աշխատասեր է, հարգված գործընկերների կողմից․ «Իրավաբանական բաժնում դեռ այն ժամանակ շատ մեծ բեռ էր վերցրել իր վրա։ Դատական գործընթացները, վարչական վարույթները ոստիկանության դեմ, այդ ամբողջին նա էր մասնակցում։ Օրական մինչեւ հինգ դատական նիստի էր մասնակցում, որոնք հիմնականում հաջողություն էին ունենում»։

Ժիրայր Կարապետյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իր թեկնածությունը շատ պարտավորեցնող է․ «Լինելով իրավաբան՝ շատ եմ կարեւորում իրավական անվտանգությունը, եւ այդ գործում ԿԸՀ-ն մեծ դեր ունի։ Ամեն իրավական ակտ սկսվում է այն ընդունողի ընտրությունից։ Որքան դա լինի բաց ու արդար, այնքան մեծ կլինի իրավական ակտի արժեքը։ Պատրաստ եմ անձնական ներդրում ունենալ այդ գործում ԿԸՀ-ի համար»։

Թեկնածուին հարցեր չհնչեցին։ Նիստին մասնակցում էին հանձնաժողովի միայն ՔՊ-ական թեկնածուները։ Առաջիկայում Ժիրայր Կարապետյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ նիստում։

Սիլվա Մարկոսյան

Նշենք, որ ԿԸՀ անդամների պաշտոններում ՔՊ-ի առաջադրած մյուս թեկնածուները ԿԸՀ-ի գործող եւ երկարամյա անդամներն են՝ Արմեն Սմբատյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Նունե Հովհաննիսյանը։

Նունե Հովհաննիսյան

Վերջինիս կենսագրությունը լսելուց հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կատակով ասաց՝ կարի ֆաբրիկայում աշխատելը պարտադի՞ր էր իրավաբանության ֆակուլտետ ընդունվելու համար։ Նունե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ ժամանակ ընդունվելու համար երկու տարվա բանվորական ստաժը պարտադիր էր։

Արմեն Սմբատյան

Արմեն Սմբատյանից էլ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց ընտրական գործընթացում առկա մարտահրավերներից։ Արմեն Սմբատյանը պատասխանեց, որ ընտրական օրենսդրությունը բարելավվել է եւ այդ ընթացքը պետք է շարունակական լինի․ «Նոր մարտահրավերներ կան, որոնց դիմակայելու համար կատարելագործումն այլընտրանք չունի։ 11 տարի մասնակցել եմ ընտրական օրենսդրության փոփոխություններին եւ պատրաստ եմ շարունակել»։ Արմեն Սմբատյանը նշեց, որ «խաղաղ պայմաններում» ԱԺ-ն ավելի հետեւողական պետք է աշխատի ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, եւ Վլադիմիր Վարդանյանը նկատառման հետ համաձայնեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31