Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը Հայաստանը վերացնելու կոչ էր անում. Քրիստինե Գրիգորյան

Հոկտեմբեր 07,2022 12:51

2020 թվականի պատերազմից հետո տեղեկատվական դաշտում պատկերը չի փոխվել, նույն ձեռագրով մենք տեսնում ենք նույն տեղեկատվական հարձակումները. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով «սեպտեմբերի 13-ից մեկնարկած ադրբեջանական զինված հարձակման ու դրան հաջորդող օրերի ընթացքում» ՄԻՊ-ի գրասենյակի կողմից իրականացրած փաստահավաք առաքելության արդյունքում ՄԻՊ-ի զեկույցը:

«Երբ ադրբեջանական կողմը՝ սկսած խոշտանգումների տեսանյութերի մասսայականացման ծավալներից, մինչեւ կոնկրետ ինչ-որ հայատյացության հայտարարությունների տարածման իր մասշտաբայնությամբ, շատ հետեւողական քաղաքականություն է վարում»,- իր միտքը մանրամասնեց Քրիստինե Գրիգորյանը:

Առաջին զեկույցը ՄԻՊ գրասենյակը հրապարակել էր սեպտեմբերի 16-ին՝ ներկայացնելով սեպտեմբերի 13-15-ի իրադարձությունները: Այսօր Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ այդ զեկույցն ուներ նաեւ փակ հատված, որում ամփոփված էին այդ օրերին արձանագրված խոշտանգումների դեպքերը: Երկու օր առաջ հրապարակված զեկույցն  ավելի ամբողջական է: Այն ևս երկու հատված ունի՝ առաջինում ներկայացված են քաղաքացիական բնակչության թիրախավորման դեպքերը, առանձին հատվածով անդրադարձ է կատարվել հայատյացության դեպքերին: Զեկույցի փակ հատվածը դարձյալ խոշտանգումների դեպքերին է վերաբերվում: Զեկույցում ներկայացված բոլոր փաստերը համակողմանի ճշտված են:

ՄԻՊ գրասենյակի արձանագրած հաջորդ կարեւոր դրվագը վերաբերվում է նրան, որ եվրոպական եւ միջազգային այն կառույցները կամ անհատները, ովքեր որեւէ կերպ անդրադարձել են ադրբեջանական ագրեսիային, թվիթերյան հարձակումների են ենթարկվել. «Կան հատուկ խմբեր: Կոնկրետ ապացույցներ ունենք մենք՝ իրենց ստացած ինստրուկցիաների, թե ո՞ւմ էջերն է պետք հարձակման ենթարկել, ինչպիսի՞ թվիթին է պետք ինչպե՞ս արձագանքել: Սրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ հիբրիդային պատերազմը շատ իրական է: Այն կեղծ թեզերը, որ իրենք ներմուծում են տեղեկատվական միջավայր, հետո դրանք, ցավալիորեն, շատ դեպքերում նաեւ արձագանք են գտնում հայկական միջավայրում, ուռճացվում եւ դառնում են նաեւ շատ հաճախ հարազատներին, ընտանիքներին, եւ ընդհանրապես, բնակչությանն ու հանրությանն ավելի տեռորի ենթարկելու, հոգեբանական ճնշումն ավելացնելու առումով»:

Հայատյացության մասով, ՄԻՊ-ը հատկանշական է համարում, որ հենց սեպտեմբերի 13-ին՝ հարձակման օրը, ադրբեջանական խորհրդարանի իշխանական պատգամավորների կողմից հայկական պետականությունը վերացնելու կոնկրետ կոչ է հնչում: Այդ բոլոր ապացույցները՝ կոնկրետ թարմացված ելույթներով, ՄԻՊ-ի զեկույցում կան:

Մի քանի օր հետո ՄԻՊ գրասենյակը առանձին զեկույց կհրապարակի նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք, Նորաբակ բնակավայրերի վերաբերյալ, որոնք ևս սեպտեմբերյան հարձակման թիրախ էին, հոգեբանական ճնշման մասին: Այս առումով ՄԻՊ գրասենյակի հունիս-հուլիսյան փաստահավաք առաքելությանն ավելացել են նաեւ սեպտեմբերյան դեպքերը. «Ադրբեջանական զինված ուժերը, տարբեր ուղղություններում, սա չի կարող լինել պատահականություն, դա ձեռագիր է, հրամանատարական մի կետից կառավարվող, կոնկրետ գործողությունների շարք, գիշերվա ժամերին, բնակելի տների պատուհաններից, իրենց դիրքերից իրենք ուժեղ լույսեր են միացնում մարդկանց տների պատուհանների միջոցով: Սա ուղղակի շարունակական հոգեբանական տեռորի օրինակ է: Կամ շատ համայնքներում ենք տեսել, երբ իրենք՝ իրենց բարձրադիր դիրքերից, անիվներ են այրում եւ այդ այրվող անիվները բաց են թողնում դեպի ներքեւ՝ դեպի գյուղեր, համայնքներ: Շատ դեպքերում, կոնկրետ թիրախավորելով եւ վնաս տալով, օրինակ, հավաքած խոտն են այրում, իսկ նման բնակավայրերում, մարդկանց միակ ապրուստը անասնապահությունն է կամ հողագործությունը: Կամ գողանում են մարդկանց ընտանի կենդանիներին, կամ բարձրախոսներով սպառնալիքներ են հնչեցնում՝ դաշտում աշխատող հայ խաղաղ բնակիչների նկատմամբ»:

Այս ամբողջը ՄԻՊ-ին հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի նպատակն այդ գյուղերի հայաթափումն է, որ մարդիկ վախից, ստիպված դուրս գան իրենց համայնքներից: ՄԻՊ-ին գնահատմամբ, սեպտեմբերյան հարձակումը ցույց տվեց, որ նման վարքագիծը հող էր նախապատրաստում՝ Հայաստանի սահմանի գրեթե ողջ երկայնքով, Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի համար:

«Մենք ունենք ապացույցներ, որ նման երեւույթները կառավարվող են, մեկ-երկու դիրքի զինծառայողի քմահաճությունները չեն»,- ամփոփեց Քրիստինե Գրիգորյանը:

Անդրադառնալով օրերս սոցցանցերում հայտնված եւ մեծ արձագանք գտած հայ զինծառայողների գնդակահարության  ու զինծառայող կնոջ անդամահատության դեպքերին էլ՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ դեռ օգոստոս ամսին ՄԱԿ-ի՝ խտրականության վերացման դեմ կոմիտեն, երբ Ադրբեջանի վերաբերյալ զեկույց հրապարակեց, արձանագրել էր, որ Ադրբեջանը Կոմիտեին որեւէ ապացույց չէր ներկայացրել այն մասին, թե ինչպե՞ս է կատարել Կոմիտեի նախկին հանձնարարականները՝ Ադրբեջանի նախադպրոցականից մինչեւ ԲՈՒՀ-ական կրթական ծրագրերում ներդրված հայատյացության քաղաքականության վերացման վերաբերյալ: Այդ նույն զեկույցում, ի պատասխան պատերազմական հանցագործությունների մասին հարցման, ադրբեջանական կողմը տեղեկացրել էր, որ 11 քրեական գործ է հարուցվել, մեղադրյալներ կան, բայց ՄԻՊ-ը մեդիազեկույցներ է գտել, որ այդ անձինք ընդամենը երկամսյա տնային կալանք են ստացել: Քրիստինե Գրիգորյանը սա անպատժելիության ապացույց է համարում, ավելին, կարծում է, որ Ադրբեջանում խրախուսվում են պատերազմական հանցագործությունները, այլապես ծանր հանցագործություն կատարող ստորաբաժանումների արարքները մշտապես չէին տեսանկարահանվի եւ սոցիալական ցանցերում տարածվի:

Քրիստինե Գրիգորյանը նաեւ կարծում է, որ հայ զինվորների զանգվածային գնդակահարության տեսանյութի վերաբերյալ Ադրբեջանի դատախազության հայտարարությունը քրեական գործ հարուցելու մասին ոչ թե քրեական գործի հարուցում էր, այլ ավելի շատ մեղադրանք, քանի որ իրենք խոսում են սադրիչների մասին ու դա միջազգային հանրության աչքին շղարշ մատուցելու նպատակ ունի ընդամենը, իբրեւ թե իրենց երկում արդարադատություն է գործում:

ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ իրենք ապացույց ունեն, որ պատերազմական հանցագործության համար իբր պատժված՝ երկու ամսով տնային կալանք կրած անձը հետագայում խրախուսվել է՝ պաշտոնական առաջխաղացմամբ, նաեւ այլ պարգեւատրում էր ստացել: Այդ տեղեկատվությունը հնարավոր է գտնել Ադրբեջանի ՊՆ կայքում:

Այն մասշտաբայնությունը, որով թիրախավորվել են հայկական քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները, Քրիստինե Գրիգորյանը համարում է միտում, որը հերքում է պաշտոնական Բաքվի այն հայտարարությունները, թե իրենք ռազմական օբյեկտներն են թիրախավորել, քաղաքացիական ենթակառուցվածքների վնասումը զուտ պատահականություն է: Մյուս կողմից էլ նկատում է, որ այլ պետության տարածքում ռազմական եւ ռազմավարական օբյեկտների թիրախավորումը ոչ այլ ինչ է, քան ագրեսիվ պատերազմ եւ տարածքային ամբողջականության դեմ նկրտում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31