Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Երվանդ Ազատյան. Մեր անելիքը պետք է մեկը լինի՝ պայքարել, մեր փրկությունը մեր զինվելու մեջ է. «Ազգ»

Հոկտեմբեր 07,2022 11:44

«Ազգ»-ի հարցազրույցը Երվանդ Ազատյանի հետ

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի հետ «Ազգ» շաբաթաթերթի այս հարցազրույցը փորձառու, աշխարհի անցուդարձին քաջատեղյակ, վերլուծական խորաքնին մտքով ու լայն աշխարհայացքով սփյուռքահայ հայտնի մտավորականի տեսակետն ու գնահատականը լսելու նպատակով է:

— Բազմիցս է ապացուցվել, որ մեր բողոքներն ու միջազգային կառույցների՝ առավելագույնը Ադրբեջանին բանավոր դատապարտելը ոչ մի օգուտ չեն տալիս, պատերազմական հանցագործությունները շարունակվում են, պետական ահաբեկչությունները՝ նույնպես: Ի՞նչ անել, շարունակ զոհի կերպարո՞ւմ ենք մնալու: Չունե՞նք հնարավորություն համագործակցելու այն երկրների հետ, որոնց շահերն ինչ-որ տեղ համընկնում են մեր շահերի հետ: Օրինակ՝ Իրանը:

— Գաղտնի ձեռքեր կան, որոնք արգելում են: Արեւմուտքը խեթ-խեթ կնայի, եթե մենք Իրանի հետ համագործակցենք: Մեր դաշնակից Ռուսաստանն էլ հեշտ ու հաշտ չի վերաբերվի դրան: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի միակ հենարանն ինքը լինի, մեր հույսը միայն իր հետ կապենք: Եթե հայությունն ուրիշ հեներան ունենա, կնշանակի, որ Ռուսաստանի դերն ու կշիռն է նվազելու: Բացի այդ, Ռուսաստանը եւս գազի արտահանման պայքարում Իրանի մրցակիցն է: Ռուսատանի դեմ կիրառվող պատժամիջոցները ռուսական գազը Եվրոպա չհասցնելու նպատակով է: Ռուսաստանն ինքն է որոշ ոլորտներում դաշնակցում Իրանի հետ, օրինակ՝ սիրիական հարցում: Սակայն Ռուսաստանի դաշնակցելն Իրանի հետ դեռ չի նշանակում, որ մենք էլ կարող ենք դաշնակցել Իրանի հետ:

Իրանը մեծաթիվ զորք է կանգնեցրել հայ-իրանակաան սահմանին, երկրի բարձրագույն ղեկավարների՝ գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի, նախագահ Ռաիսիի, արտգործնախարար Աբդոլլահիանի մակարդակով է հայտարարվել, որ Կովկասում սահմանային որեւէ փոփոխություն իրենց համար «կարմիր գիծ է»։ Իրանը, որ զենք ու բանակ ունի, կուզենա՞ դրանք գործածել մեզ համար: Հարց է:

— Միայն այն դեպքում, երբ մեր շահերը համընկնեն, իսկ միայն մեզ համար, անշուշտ, ո՛չ: Բայց Իրանին պատերազմական լայնածավալ գործողությունների մեջ ներքաշելու մեծ նպատակները նորություն չեն: Իրանի քայլերը որո՞նք կարող են լինել:

— Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատեհ առիթի են սպասում, որ Իրանը որեւէ ձեւով սահմանային խնդիր ունենա, արտաքին ճակատում ինքն էլ բռնկվի, որպեսզի այդ 4 երկները կարողանան երկար տարիների իրենց ծրագիրն իրագործել, առաջին՝ տապալել Իսլամական Հանրապետությունը, Երկրորդ՝ Իրանը մասնատեն, իսկ դրանում շահագրգիռ են հատկապես Ադրբեջանն ու Թուրքիան: ԱՄՆ-ին շահագրգռողն այն է, որ Միջին Արեւելքում Իսրայելի ամենաուժեղ թշնամիներից մեկն Իրանն է: Իսրայելին հաջողվեց ԱՄՆ-ի ձեռքով տապալել Լիբիայի, Իրաքի իշխանություններին, իսկ Սիրիայի իշխանությանը՝ ծնկի բերել: Այս երեք պետություններն Իսրայելի հակառակորդներն էին: ԱՄՆ-ին չհաջողվեց ջարդել Իրանին, բայց ամերիկյան օրակարգում դա եղել ու մնում է: Իրանցիները խելացի ու դիվանագետ են: Հայաստանի սիրույն համար զորքն ու զենքը գործի չեն դնի: Իսկ եթե հանուն իրենց անեն, շատ լավ գիտեն, որ դա հենց իրենց համար է թակարդ լինելու, Ադրբեջանի հետ սահմանային որեւէ բախում Իրանի համար կարող է ճակատագրական լինել: Իրանի իշխանությունները հայտարարում են, թե սահմանային փոփոխությունները չեն ընդունում, բայց հայտարարությունից անդին գործնական քայլերի չեն անցնի:

—Ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ. Հայաստանում այս բեւեռներն ավելի են աշխուժացել: Իրականում դրսի հետ հույս կապելով՝ հնարավո՞ր է այս օրհասական վիճակը մեղմել, փրկության օղակ գտնել:

-Հայաստանի արեւմտամետները ռուսամետներին մեղադրում են, թե 5-րդ շարասյուն եք: Արեւմտամետներն էլ ռուսամետների համար են 5-րդ շարասյուն: Երկուսն էլ վնասակար են։ Մեզ ազգային, հայամետ մտածելակերպով մարդիկ են պետք: Նրանք, ցավոք, շատ քիչ են: Օրինակ՝ Ավետիք Չալաբյանն ազգային մտածելակերպ ունի, բայց տեսեք, որ կալանորվեց: Ազգային գաղափարներով մարդիկ Հայաստանում քրեական հետապնդման են ենթարկվում, որպեսզի ավելի չհզորանան, նրանցից ազդեցիկ ուժ չգոյանա: Իսկ մեր փրկությունը հենց ազգային ուժ ստեղծելու մեջ է:

Հայաստանի այսօրվա իշխանությունները շատ սխալներ են գործել ու դեռ պիտի գործեն, որովհետւ շատ ինքնահավան են, կարծում են, թե որեւէ մեկի օգնության կարիքը չունեն: Մինչդեռ Հայաստանի նախկին արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը, Զոհրապ Մնացականյանն աշխարհում հարգված դիվանագետներ են: Իսկ այսօրվա իշխանության թմբկահարները ծաղրի առարկա են դարձել աշխարհում։ Իշխանությունները փոխանակ օգտվեն վերոնշյալ փորձառու դիվանագետների ծառայություններից, իրենք իրենց վնաս հասցնելով են զբաղված։ Կարող էին օգտագործել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքական, տնտեսական կապերը, բայց նրան ասացին՝ դու մեզ պետք չես։

ԱԺ-ն անգույն, միատեսակ, ինքնուրույն կարծիքից զուրկ պատգամավորների հավաքածու է, որ մեկ մարդու հրամաններն է կատարում։ Ի՞նչ արեց Անդրանիկ Քոչարյանը, որ խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Ապրիլյան քառօրյա պատերազմի փաստահավաք գործունեությամբ զբաղվեց, որպես վկա՝ կանչելով Սերժ Սարգսյանից մինչեւ զինվորականներ։ Հասկանալի է, որ այս ամենը նրանց վարկաբեկելու համար է, ոչ թե քառօրյայի հանգամանքները պարզելու։ Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը խելացի է, նա մեր անվտանգության խնդիրները լավ գիտե՝ ըստ իս։

—ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եկավ Հայաստան։ Շատերն այդ այցով ոգեւորվեցին՝ հատկապես արեւմտամետները՝ կարծես ձեռնոց նետելով ռուսամետներին։ Իսկ մեզ պետք է, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային հետաքրքրի հայկական շահի պաշտպանությունը։ Բայց այդպիսի ակնկալիքներ, բացի կոչերի մակարդակից, կարո՞ղ ենք ունենալ։

-Հիշում ենք, չէ՞, թե ինչպես Նենսի Փելոսին, Բարաք Օբամայի նախագահության շրջանում խոստացավ Ցեղասպանության ճանաչման բանաձեւը քվեարկության դնել Ներկայացուցիչների պալատում, բայց հետո հենց ինքն էլ հետ կանչեց այդ բանաձեւը, որովհետեւ քաղաքական հաշիվներ կային։

Նրա Հայաստան գալով՝ շատերը ոգեւորվեցին, բայց իրականում Փելոսին եկել էր՝ երկու պատգամ ուղարկելու, մեկը՝ Ռուսաստանին, մյուսը՝ Իրանին։ Այդ պատգամների ֆոնին հայաստանյան խնդիրը երկրորդական է դառնում։ Նրա լացը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հուզմունքը, պետական գործիչներին հատուկ բեմականացումներ են։

Փելոսիի Հայաստան գալն ու Թայվան գնալը նույն պատճառն ուներ՝ ամերիկյան ազդեցություն, հեղինակություն հաստատելու ցանկություն։

—Վաղ թե ուշ վճռական քայլ արվելու է, եւ Հայաստանն այդ քայլից դրդված՝ իր քայլն է անելու։ Շատ է խոսվում ցավալի կորուստների, մեր ճակատագիրը որոշող հայմաձայնագրի մասին։ Ձեր դիտարկումը ո՞րն է։

-Հայաստանի ու Արցախի հաշվին են լինելու կորուստները։ Դաշնագրի մի կետը վերաբերելու է Արցախից հրաժարվելուն, մյուսը միջանցքի հարցն է։ Հիմա հարց է՝ առաջին պահանջը կատարելով՝ կկարողանա՞նք մյուսից խուսափել։ Այսօրվա դրությամբ միջանցքի հարցի սրությունը հետզհետե կորչում է. չի անհետանա, բայց առաջնայինը կլինի Արցախի հարցը։ Արցախի հարցում Ադրբեջանն ու Թուրքիան անզիջում են։ Ռուսաստանն էլ է ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Պուտինը հին երգը երգեց, թե Արցախի կարգավիճակի հարցն ապագային է թողնված։ Ռուսաստանի նախագահն այս հարցը հետաձգելու, հետագա դեպքերի հետ կապված իրողություններին մատնելու քաղաքականություն է բանեցնում։ Կարող է լինել Արցախի հայաթափում, կարող է լինել եւ ամբողջ Արցախի կորուստ։ Պարզ չէ դեռ։

Մենք Ադրբեջանին երբեք չենք հարցրել՝ եթե հայտարարում ես, թե երկիրը բազմազգ է ու բոլոր ազգերի նկատմամբ այնտեղ հանդուրժողականություն է դրսեւորվում, այդ դեպքում Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայ բնակչությանն ինչո՞ւ տեղահանել տվեցիր, ինչո՞ւ հայերը չշարունակեցին այնտեղ ապրել։ Թող Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայերը վերադառնան իրենց տները եւ իրրենց իրավունքները վերահաստատեն։ Տեսնեմ՝ հանդուրժողականությունից խոսող Ալիեւը թույլ կտա՞, կհամաձայնի՞։

Եթե Ադրբեջանը հանդուրժողականության այդ քայլերը չի անում, ավելին՝ տեսնում ենք, թե ինչ բարբարոսություններ է անում հայերի նկատմամբ, ինչպե՞ս կարող ենք վստահել այդ երկրին։

Մեր անելիքը պետք է մեկը լինի՝ պայքարել, մեր փրկությունը մեր զինվելու մեջ է։ Զինվել այն չափով, որ թշնամուն մտածելու տեղիք տանք, որ նա հասկանա, թե ինչքան թանկ է վճարելու, եթե հարձակվի մեր երկրի վրա։

Նաիր ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31