Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դրամը արժեւորվում է, ինչո՞ւ են ապրանքները դրամով թանկանում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2022 10:55

Ցանկացած քաղաքացի, որն առօրյա գնումներ է կատարում, նկատել է, որ դեռ մեկ տարի առաջ 5 հազար դրամը բավարար էր, որպեսզի 1 անձը 4-5 օր սնվեր, բայց երեւանյան միջին սուպերմարկետում այսօր դա 1 օրվա սննդի ծախս է։

Թանկացել են պանիրը, կաթը, կարագը, ձավարեղենը, հացը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ սեպտեմբերին ալյուրի գինը 0,6 տոկոսով աճել է՝ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, հացը՝ 20, մակարոնեղենը՝ մոտ 30-31, կարագը՝ մոտ 3, բրինձը՝ 11 տոկոսով։

Ինչպե՞ս կարող են դոլարի ցածր փոխարժեքի պայմաններում՝ 400-410 դրամ, գները դրամով այդքան բարձր լինել, եթե դրամը արժեւորվում է, ինչո՞ւ են ապրանքները դրամով թանկանում։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ դրամի արժեւորումը ներմուծվող հումքի ու ապրանքների վրա դրական է անդրադառնում, եւ ապրանքների գինը պետք է որ նվազեր, բայց կան այլ «էֆեկտներ», որոնք չեզոքացնում են դրամի կուրսի գործոնը։ «Ապրանքների եւ ծառայությունների գների վրա անդրադառնում են բարձր պահանջարկը եւ այն սպեկուլյացիոն քաղաքականությունը, որը տնտեսվարողները կարող են վարել բարձր պահանջարկի պայմաններում։ Արդյունքում ստացվում է, որ թեեւ դոլարն էժանացել է, բայց մյուս էֆեկտներն ավելի ուժեղ են, ու գները ոչ միայն չեն նվազում, այլեւ բարձրանում են, ու տնտեսվարողները հավելյալ շահույթներ են ստանում»։ Մյուս գործոններն են՝ մեծ ներհոսքը եւ սպեկուլյատիվ երեւույթները, որոնք այսօր անհամեմատ ավելի ակնհայտ են ու շատ, քան երբեւէ։

«Այսօր Հայաստանում ձեւավորված բարձր գների վրա մեծ ազդեցություն ունի օտարերկրացիների ներգաղթը Հայաստան։ Այդ մարդիկ գնողունակ են, իրենց հետ կապիտալ են բերել, հետեւաբար, թե՛ առեւտրի ոլորտում, թե՛ սպասարկման ու ծառայությունների, պահանջարկի մեծացում է նկատվում, ինչը չի կարող չանդրադառնալ գների վրա։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ թողնել շուկայի ինքնակարգավորվող մեխանիզմի վրա։ Դա անթույլատրելի է։ Չի կարելի ասել՝ բազմաթիվ փոքր խանութներ կան, ո՞ր մեկին հետեւենք։ Սա կնշանակի բառացիորեն ասել՝ հարգելի առեւտրով զբաղվող կազմակերպություններ, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, արեք։ Իսկ դա այսօրվա իրավիճակում, երբ տնտեսությունը բավարար չի զարգանում, երբ բազմաթիվ մարտահրավերներ կան տնտեսությունում, ավելի է խորացնում սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն ունենք»։

Ըստ Կառլեն Խաչատրյանի, գների վերահսկողության հարցում մեծ անելիք ունի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը մեր երկրում, կարելի է ասել, չի աշխատում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31