Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ 8-9 անդամների հետ աշխատելով՝ բավականին բան Կարեն Անդրեասյանի մեջ էլ կփոխվի, ներսից արդեն այլ աչքերով կնայի դատական իշխանությանը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 07,2022 10:13

Երեկ ԱԺ-ն որոշեց ԲԴԽ գործուղել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին։ ԲԴԽ-ն կդառնա գործադիր իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կամակատարը։ Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց հետո ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Սերգեյ Չիչոյանն է, ով չէր կարող դառնալ ԲԴԽ նախագահ, քանի որ գործող դատավոր է, իսկ այս փուլում ԲԴԽ նախագահ պետք է ընտրվի գիտնական-անդամ, թեեւ ՔՊ կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին դժվար է գիտնական անվանել։

Չիչոյանը, ով նախկինում քննադատել էր Անդրեասյանին՝ դատական համակարգի մասին հայտարարությունների համար, երեկ ասաց, որ «շատ նորմալ է վերաբերվում» նրա՝ ԲԴԽ անդամ դառնալուն, իսկ կնշանակվի նա ԲԴԽ նախագահ, թե ոչ՝ արդեն խորհուրդն է որոշելու։

– Ինչի՞ց ելնելով եք նորմալ վերաբերվում նրա՝ ԲԴԽ տեղափոխվելուն։

– Որովհետեւ 1 տարի է՝ Կարեն Անդրեասյանի հետ աշխատում եմ, իսկ 3 ամսից ավելի՝ որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, շատ հարցերով առնչվել եմ, շփվել եմ Անդրեասյանի հետ եւ նրա պրոֆեսիոնալ մոտեցումը նորմալ եմ գնահատում։

– Հատկապես ո՞ր հարցում է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, ԲԴԽ ուղարկած վարույթների՞, թե՞ դատական համակարգի հասցեին արած կոպիտ, քաղաքական արտահայտությունների հարցում։

– Արած արտահայտություններն իր սուբյեկտիվ կարծիքն են եղել, իսկ ինչ վերաբերում է կարգապահական վարույթներ ուղարկելուն, ապա խորհուրդը միաձայն չի որոշում կայացրել՝ ընդհանուր ձայներով է եղել։

– Այս մեկ տարվա ընթացքում քանի՞ վարույթ է ուղարկել Անդրեասյանը ԲԴԽ, եւ դրանցից քանի՞սն է մերժվել ձեր կողմից։

– Կդժվարանամ ասել, բայց բավականին շատ էին։ Կարող եմ ասել՝ մեծ մասը մերժվել է։

– Իսկ պրոֆեսիոնալ անձը կարո՞ղ է իրեն թույլ տալ քաղաքական գնահատականներ հնչեցնել դատական համակարգի հասցեին, այն էլ՝ անպատասխանատու ձեւով՝ «40 կոռումպացված դատավորներ» եւ այլն, վիրավորելով ողջ համակարգը եւ հիմքեր չներկայացնելով։

– Դա արդեն էթիկայի հետ է կապված, եթե ինքը գործող դատավոր կամ խորհրդի անդամ լինի, իրավունք չունի նման արտահայտություններ անելու։ Բայց որպես քաղաքական գործիչ՝ կարծում եմ, որ ազատ է իր արտահայտությունների մեջ։

– Այսինքն, այդ քաղաքական գործիչը որ վաղը դառնա ԲԴԽ անդամ, նախկինում նրա արած հայտարարություններն ի չի՞ք են դառնալու։

– Ես լսել եմ պարոն Անդրեասյանի ելույթը, որ ասում է՝ ինքը մի կողմ է դնում իր քաղաքական գործունեությունը եւ անցնում է արդեն համակարգին ուրիշ աչքերով նայելուն։

– Իսկ, պարոն Չիչոյան, մարդը կարո՞ղ է այդպես արագ տրանսֆորմացվել։

– Արա՞գ։ Ես կարծում եմ, որ Անդրեասյանը ԲԴԽ-ում 8-9 անդամների հետ աշխատելով՝ շատ շուտ հունի մեջ կընկնի։

– Համառորեն պաշտպանում եք Կարեն Անդրեասյանին ու նրա՝ ԲԴԽ տեղափոխվելը։

– Ես չեմ պաշտպանում, իրողությունն եմ ասում, պաշտպանելու խնդիր չունեմ, եւ ինքն էլ, կարծում եմ, էս պահին պաշտպանվելու խնդիր չունի։ Ես մտածում եմ, որ ներսում աշխատելով՝ բավականին բան պարոն Անդրեասյանի մեջ էլ կփոխվի, ներսից արդեն այլ աչքերով կնայի դատական իշխանությանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31