Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը խնդրել է՝ իրեն չստորացնել» եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը նոյեմբերի 9-ին չստորագրել

Հոկտեմբեր 07,2022 14:00

«Էրդողանի հետ պատմական, Նիկոլի համար՝ տոնական հանդիպումից առաջ, նա իր հիմնական գործընկեր Էրդողանին եւ Ալիեւին ասաց՝ ձեր բոլոր հրահանգները կատարել եմ, Արցախը՝ բանծիկով հանձնում եմ Ադրբեջանի կազմ եւ Հայաստանի սուվերենության հետ էլ ինչ ուզում եք՝ արեք»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

– Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումից առաջ, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց «քարը-քարին» չթողնելով՝ հիմնավորել, որ նախկիններն արդեն հանձնել էին Արցախը, ավելին, նաեւ Հայաստանի կապիտուլյացիայի «հարցն էին լուծել» ու հստակեցրեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չէր: Նախօրեին էլ, իր վերջին հարցազրույցում, հստակ ասել էր՝ գնացքը՝ տվյալ դեպքում պետությունը, գնում է անդունդ եւ այդ ընթացքը անհնար է կասեցնել: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ավելի վաղ պնդել էր՝ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի կապիտուլյացիան այլընտրանք չունեն: Փակո՞ւմ ենք Հայաստանի վերջին էջը:

– Նախօրեին, Նիկոլ Փաշինյանի շոուն ԱԺ-ում, երկու հասցեատեր ուներ. հասցեատեր առաջին՝ դա Նիկոլի ընտրազանգվածն է, որը Մադրիդը «Մադրիդյան սկզբունքներից» չի տարբերում, էլ ուր մնաց, թե հասկանար՝ ինչպիսի անամոթ եւ լկտի սուտ էր ամբիոնից շաղ տալիս Նիկոլ Փաշինյանը: Ընդհանրապես, ես կարծում եմ, առաջիկայում, հոմանիշների բառարանում ստի ու մանիպուլյացիայի հոմանիշը պիտի ավելացնել եւս մեկով. կա սուտ, կա տիեզերական սուտ եւ կա դրա հոմանիշ՝ Նիկոլ Փաշինյան: Իր ընտրազանգվածին՝ հերթական սպասվող կապիտուլյացիայի եւ դավաճանության համասեփականատեր սարքելու համար, Նիկոլ Փաշինյանն աղավաղեց ամբողջ բանակցային գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման բոլոր տարիներին, չարաբաստիկ հեղափոխությունից հետո երեք անգամ կառավարության ծրագիր է ներկայացրել, երեք ծրագրում էլ «Մադրիդյան սկզբունքները» որպես Արցախի հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներ ներառված են եղել: Այդ տապալված, Արցախը 2007-ին եւ դրանից առաջ էլ «Ստամբուլյան խարտիայով» իբր հանձնած իշխանությունների բանակցային փաթեթը Նիկոլ Փաշինյանը ներառել է սեփական կառավարության ծրագրում: Բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը հիմնականում կազմված է մեսրոպյան այբուբենի հետ լրջագույն խնդիրներ ունեցող սեկտայից, բնականաբար, նրանք տեղյակ չեն, որ նույն «Մադրիդյան սկզբունքները», որը նախօրեին Նիկոլ Փաշինյանը քացու տակ էր գցում, ասում էր, որ դա Արցախի հանձնման փաստաթուղթ է եղել, ներառել էր իր կառավարության ծրագրում:

Նիկոլ Փաշինյանի ելույթի երկրորդ հասցեատերը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն էին, որոնց հետ Պրահայում հանդիպում է տեղի ունենալու եւ, որոնց Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ ուղղարկեց՝ ինքը ստանձնում է Արցախի ինքնիշխանությունը եւ Հայաստանի սուվերենությունը հանձնելու պատասխանատվություն:

Իսկ ինչ վերաբերում է «Մադրիդյան սկզբունքներին», եթե շատ հակիրճ ձեւակերպեմ, այդ փաստաթղթով, որը ըստ իս՝ Արցախի հարցով բանակցված լավագույն փաստաթուղթն էր, 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուց հետո, Քարվաճառը եւ Լաչինը մնում էին հայկական վերահսկողության տակ, Արցախը ստանում էր միջազգայնորեն ընդունված, պաշտպանված եւ երաշխավորված միջանկյալ կարգավիճակ՝ սեփական դատական համակարգով, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակով, ՄԱԿ-ի բոլոր ինստիտուտներում ներգրավվածությամբ, ինչը չի պահանջում պետության վերջնական ճանաչում, ինչպես Պաղեստինի դեպքում է: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը ծղրտում է՝ ասելով, որ Արցախի կարգավիճակի վերջնական ճանաչման հանրաքվեն չէր լինելու, անգամ եթե տեսականորեն դա ընդունենք, այս միջանկյալ կարգավիճակով մենք պաշտպանելու էինք Քարվաճառը եւ Լաչինը, Շուշին, Հադրութը, Արցախն էլ ունենալու էր միջանկյալ կարգավիճակ՝ միջազգային տարբեր կառույցներում՝ տարբեր աստիճանի մասնակցությամբ: «Մադրիդյան սկզբունքները» միակ փաստաթուղթն է, որտեղ իրավաբանորեն ամրագրված է ազգերի ինքնորոշման սկզբունքը, միակ փաստաթուղթն է, որտեղ երեք հիմնական սկզբունքներ են ամրագրված՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման բացառում: Սա է այն «Մադրիդյան» փաստաթուղթը, որը Նիկոլը համարում էր Արցախի տապանաքար եւ նախօրեին, անամոթաբար հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի փաստաթուղթ:

Եվ, այո, Էրդողանի հետ պատմական, Նիկոլի համար՝ տոնական հանդիպումից առաջ, նա իր հիմնական գործընկեր Էրդողանին եւ Ալիեւին ասաց՝ ձեր բոլոր հրահանգները կատարել եմ, Արցախը՝ բանծիկով հանձնում եմ Ադրբեջանի կազմ եւ Հայաստանի սուվերենության հետ էլ ինչ ուզում եք՝ արեք:

– Քաղաքական ուժերի եւ հասարակության արձագանքն այս իրողություններին համարժե՞ք են. առաջինները, այդ թվում նաեւ ընդդիմադիր խորհրդարանական երկու ուժերի ներկայացուցիչները, հերթական ֆեյսբուքյան պարզաբանումներով հանդես եկան ընդամենը, երկրորդները շարունակում են իրենց առօրյայով ապրել:

– Այս հարցում, ինչպես ասում են՝ «նո քոմենթ»: Ես չգիտեմ, ընդդիմությունն ինչո՞ւ այս պահին, բացի ֆեյսբուքյան ճակատամարտերից, գրառումներից, որոնցում զայրույթն, իհարկե, իրավացի է, արդարացի է, այլ՝ ավելի կոնկրետ քայլերի չի դիմում: Միգուցե հասկանում են այլեւս իրավիճակի անշրջելիությո՞ւնը: Իրենց հաշվարկներով, միգուցե մենք այլեւս հատել ենք անդառնալիության կե՞տը, ոչինչ այլեւս վերադարձնել հնարավոր չէ՞, որովհետեւ, այն, ինչ հիմա անում է Նիկոլը, ցավոք, մեր տարածաշրջանում ունի աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոնների համաձայնությունը, աջակցությունը: Իհարկե, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, կարող է Իրանի, ՌԴ-ի շահերի հարցում որոշակի համընկնումներ չլինեն, բայց, խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանն այն պերսոնան է, ով հարմար է՝ մեր տարածաշրջանում շահեր ունեցող աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, եւ ինքը, այո, պատրաստ է շպագատ իջնել բոլորի առաջ՝ սպասարկելով բոլորի աշխարհաքաղաքական շահերը՝ ի հաշիվ Հայաստանի եւ Արցախի շահերի:

– Ի վերջո, ինչի՞ են սպասում երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, հերթական ֆորս-մաժորի՞, բայց դա արդեն կարող է եւ վերջինը լինել:

– Ես չգիտեմ՝ ինչի՞ է սպասում խորհրդարանական ընդդիմությունը: Այդ հարցը պետք է ուղղել իրենց: Ես ընդամենն իմ եզրակացությունը ներկայացրեցի, որ իրենց քաղաքական հաշվարկներով մենք անդառնալիության կետում ենք եւ իմաստ չունի քաղաքական անկանոն շարժումներ անել, ինչի հետ ես կտրականապես համաձայն չեմ: Կարծում եմ, իրենք բացատրություն կունենան եւ խորհրդարանական ուժերի քաղաքական կուսակցությունները, քաղաքական խորհուրդների լալահառաչ հայտարարություններ չեն անի, որովհետեւ դա անգամ չի լինի՝ «մանանեխ՝ ճաշից հետո», այլ կլինի անպատվություն՝ ՀՀ մտածող եւ ադեկվատ քաղաքացիների հասցեին: Ավելի լավ է՝ ոչինչ չանեն, քան անեն նման հայտարարություններ եւ ֆեյսբուքյան ահասարսուռ գրառումներ:

– Գուցե պետք է ասպարեզը ա՞յլ ուժերի զիջել:

– Ցավոք, այս պահին, հականիկոլական դաշտում, ես չեմ տեսնում ռեսուրսակիր, կազմակերպված քաղաքական ուժ՝ բացի խորհրդարանական ընդդիմությունից: Ես խոսում եմ՝ այս պահին, ես չգիտեմ՝ վաղը կամ մյուս օրն ի՞նչ կլինի: Այս պահին՝ չկա եւ մենք պիտի խոսենք ռեալ-պոլիտիկի տեսանկյունից: Այս պահին միակ իրական պոտենցիալ ունեցող ուժը, ռեսուրսակիր, ենթակառուցվածքներով, կուսակցական կառույցներով, դա խորհրդարանական ընդդիմությունն է: Եվ սպասել, որ օդապարիկով մեկն իջնելու է՝ ով կարողանալու է իրավիճակ փոխել, դա կլինի քաղաքական ինֆանտիլիզմ:

– Վեհափառի մոտ նախագահներ-1՝ Լեւոն-Տեր-Պետրոսյան, ձեւաչափով հանդիպումներ հավանաբար շարունակվելու են, ի՞նչ ակնկալել կամ արդեն ունենա՞լ ակնկալիքներ, թե՝ անիմաստ է:

– Ես զուսպ լավատեսություն ունեմ, որ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, այդ ձեւաչափին մասնակցում էր, որպեսզի կոչ անի մյուս երկու նախագահներին եւ հասարակությանը՝ համախմբվել Հայաստանը հանձնող Նիկոլ Փաշինյանի, այն է՝ Հայաստանի դագաղի շուրջ: Եվ լավ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը գիտակցեց, որ իր առաջ քաշած օրակարգը մեռելածին է եւ իր հայտարարությամբ, ըստ էության, իրեն դուրս դրեց այդ ձեւաչափից: Ես կարծում եմ, մենք այլեւս ժամանակ չունենք: Հենց երեկ արդեն, այդ ձեւաչափը՝ հանած Լեւոն Տեր-Պետրոսյան, պիտի հանդիպած լիներ եւ առաջարկեին, Լեւոն Տեր-Պետրոսյանի տերմինն օգտագործեմ՝ ազգակործան պատուհասին կանգնեցնելու ազգային փրկության գործուն ծրագիր եւ կոնկրետ քայլեր: Կանե՞ն, թե՝ ոչ. մենք մեկ-երկու օր ժամանակ ունենք ընդամենը, որովհետեւ, ես ձեզ վստահեցնում եմ, որ նոյեմբեր ամիսը դա վերջնաժամկետն է, որի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Ավելին, եվրոպացի իմ գործընկերներն ինձ հետ զրույցում նշել են, որ Ալիեւը, եւս մեկ անգամ հայ ազգին նվաստացնելու համար, ցանկացել է, որ այդ պայմանագրի ստորագրումը հենց 2022 թվականի նոյեմբերի 9-ին լինի: Նիկոլը խնդրել է՝ իրեն չստորացնել՝ ասելով, որ պատրաստակամ է ստորագրել նոյեմբեր ամսվա մեջ, բայց ոչ ամսի 9-ին: Ամեն դեպքում, նոյեմբերը վերջնաժամկետն է՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու եւ Հայաստանի սուվերենությունը բզկտելու: Կամ մենք այսօր կանգնեցնում ենք ազգակործան պատուհասին, կամ՝ վաղվա լալահառաչ տեքստերը, հայտարարությունները, քաղաքում քայլելը եւ այլն, եւ այլն, լինելու են ընդամենն անարգանք:

– Գուցե իսկապե՞ս՝ Նիկոլը ճիշտ է, մենք ենք սխալվում…

– Նիկոլը չի կարող երբեք ճիշտ լինել, որովհետեւ Նիկոլը Հայաստանում ներկայացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, իսկ Հայաստանը եւ Արցախը կործանող թուրք-ադրբեջանական տանդեմը եւ նրա ամենափառահեղ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարող ճիշտ լինել: Այո, գուցե կարճաժամկետ այս փուլի համար, հերթական անգամ օգտագործելով իր ընտրազանգվածի տգիտությունը, խորհրդարանական ընդդիմության պասիվությունը եւ անգործությունը, հերթական անգամ կարողանա օգտագործել եւ ավարտին հասցնել իր դավադիր ծրագիրը, բայց, միեւնույն է, պատմության մեծ կտրվածքի համար, Նիկոլ Փաշինյանը մնալու է՝ որպես հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկը:

Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31