Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հիմա հիշում Մադրիդյան սկզբունքների մասին

Հոկտեմբեր 07,2022 10:00

Քաղաքական գործչից պահանջել, որ նա ճշմարտությունն ասի՝ անիրատեսական զբաղմունք է: Կարծում եմ, աշխարհի ցանկացած քաղաքական գործչի ասածների 95-97 տոկոսը սուտ է: Նրանց նպատակը ոչ թե իրականությունը ներկայացնելն է, այլ՝ համոզիչ լինելը: Եթե հռետորական հնարքներով քաղաքական գործիչը կարողանում է համոզել իր ճառերի հասցեատերերին, ապա նա իր նպատակին հասնում է:

Օրինակ, Հայաստանի վարչապետը պնդում է, որ 2007 թվականին, համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին, Հայաստանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է:

Մադրիդյան սկզբունքները վաղուց հրապարակվել են, եւ ես ինձ թույլ տամ այդ 6 կետերը հիշեցնել.

1.Նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,

2.Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,

3.Հայաստանը Արցախին կապող միջանցք,

4.Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ հանրաքվեի միջոցով,

5.Ներքին տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,

6.Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

Բայց ո՞վ է հիմա հիշում Մադրիդյան սկզբունքների այս կետերը: Հայաստանի քաղաքացիներից ովքե՞ր են ծանոթ այդ սկզբունքներին: Կարծում եմ, հազիվ մեկ տոկոսը: Մնացածը ծանոթ է դրանց մեկնաբանություններին եւ ընդունելի է համարում այն մեկնաբանությունները, որոնք ավելի համոզիչ են թվում: Հետեւաբար, եթե հայտնվի մի գործիչ, որը հռետորական արվեստի լավագույն հնարքներն օգտագործելով, համոզի, որ այդ սկզբունքներով Մադրիդը մաս է կազմում Ավստրալիային, մարդկանց մեծամասնությունը դրան անվերապահորեն կհավատա:

Խոսքն այստեղ ոչ թե այդ դիվանագիտական գործընթացի լավը կամ վատը լինելու մասին է, այլ՝ քաղաքական գործիչների՝ ճիշտ կամ սխալ տեղեկությունները տալու մասին: Ճշմարտությունն ասելն ամենեւին էլ նրանց պարտականությունների մեջ չի մտնում: Իրար մեղադրելը՝ այո, դա իրենց «փեշակն» է:

«Ներկա-նախկինների» փոխադարձ մեղադրանքներն, իհարկե, լուսաբանման իմաստով շատ հետաքրքիր են՝ մի ամբողջ շեքսպիրյան դրամա է ծավալվում: Իրականությունն ավելի պարզունակ է, բայց՝ ոչ պակաս դրամատիկ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վճռականություն չունեցան՝ հարեւանների հետ փոխզիջման գալու: Նիկոլ Փաշինյանը նույնպես իր մեջ ուժ չգտավ դա անելու, բայց գումարած դրան՝ չկարողացավ խուսափել աղետալի պատերազմից:

Բայց այդ տխուր իրականության մասին գրեթե չի խոսվում: Փոխարենը՝ բանավեճը տարվում է այն ուղղությամբ, թե ով ում ինչ փաստաթուղթ է թողել: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ այսօր գոյություն ունի «ներկաների» եւ «նախկինների» յուրահատուկ սիմբիոզ, երբ կողմերն իրար երեսի սարսափելի մեղադրանքներ են շպրտում, բայց իրականում, համենայնդեպս, Արցախի հարցում լուրջ հակասություններ չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. սահակ հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Այսինքն ըստ Ձեզ նշված 6 կետերն ու այսօրվա խեղկատակի մոտեցումը նույնն են?
    Ես Ձեզ միշտ համարել եմ քիչ անաչառ լրագրողներից մեկը, բայց Ձեր ատելությունը հատկապես Քոչարյանի նկատմամբ արդեն շատ տեսանելի է։
    Խնդրում եմ եևս մեկ անգամ նայեք 6 կետերը, հատկապես 2-րդ և 4-րդ և նորից կրկնեք որ Խեղկատակի ու նախկին երկու նախագահների մոտեցումը նույնն են։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Կարծում եմ, աշխարհի ցանկացած քաղաքական գործչի ասածների 95-97 տոկոսը սուտ է:”

    Տոկոսի թիվը կարող է տատանվել ավելի լայն դիապազոնում, բայց դա չէ այստեղ կարեւորը: Իհարկե՝ բոլորն էլ այս կամ այն չափով ստում են, հարցն այն է, թե որքանով է այդ սուտը ծառայում քո երկրի շահերին: Նիկոլի դեպքում սուտը 100% է, իսկ Հայաստանի շահը՝ 0%: Մարդը բացահայտորեն սպասարկում է մեզ թշնամի երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը՝ ստելով նրանց օգտին ամեն քայլափոխի, հետեւողականորեն ու ցինիկաբար: Ալիեւի ու Էրդողանի ստերը իրենց երկրների տարածքն են ավելացնում, իսկ Նիկոլի ստերի նպատակը միայն իր ճղճիմ իշխանության պահպանումն է՝ թքած թե դրանից հետո Հայաստան ընդհանրապես չի լինի…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վճռականություն չունեցան՝ հարեւանների հետ փոխզիջման գալու:”

    Սա լեւոնանիկոլական պարզունակ սուտ է, եւ դրա հերքման համար շատ հեռու պետք չէ գնալ. կարելի է կարդալ նույն այդ Մադրիդյան սկզբունքները, եւ ամեն ինչ պարզ կլինի: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հենց այս սկզբունքներով էին փոխզիջման հասնելու: Եւ կհասնեին, եթե իշխանությունը չզավթեր մի ստախոս-պոռոտախոս-զազրախոս թրքահպատակ ու չջրեր այդ սկզբունքները, որոնք, ի դեպ, մշակված էին միջազգային հանրություն կոչեցյալի կողմից: Հիշեցնեմ, որ հենց Նիկոլն էր, որ դեբիլավարի դուրս էր տալիս, թե բա հլը մի հատ եկեք ինձ բացատրեք, թե էդ Մադրիդյան սկզբունքները ի՞նչ են նշանակում, ինչի՞ հետ պիտի ուտենք, ո՞նց ու ու՞մ հետ…

    “Նիկոլ Փաշինյանը նույնպես իր մեջ ուժ չգտավ դա անելու, բայց գումարած դրան՝ չկարողացավ խուսափել աղետալի պատերազմից:”

    Իսկ սա արդեն զուտ լեւոնական սուտ է: Նպատակը՝ մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ սպանել: Նախ՝ Քոչարյանին ու Սարգսյանին հավասարեցնել Նիկոլին՝ դնելով նրանց միեւնույն հարթության մեջ (ձեռի հետ էլ՝ արդարացնելով Նիկոլին), եւ հետո, խուսափել սեփական պատասխանատվությունից՝ նիկոլի ստեղծման, հասունացման ու իրենց իսկ նպատակները փայլուն կերպով իրականացնելու գործում: Եւ դա այն դեպքում, երբ պողոսն անգամ արդեն հասկացել է, որ Նիկոլի նպատակն է եղել բերել աղետալի պատերազմը, այլ ոչ թե դրանից խուսափել…

  4. Anonymous says:

    „Политик должен уметь предсказать, что произойдет завтра, через неделю, через месяц и через год. А потом объяснить, почему этого не произошло.“ — Уинстон Черчилль

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “այսօր գոյություն ունի «ներկաների» եւ «նախկինների» յուրահատուկ սիմբիոզ”

    Իրականում, յուրահատուկ սիմբիոզի մեջ են ազգակործան պատուհասն ու իր հիմնադիր կնքահայր ԼՏՊ-ն: Իբր թե մեկը մյուսից նեղացած են, իբր թե իրար քննադատում են, բայց իրենց ընդհանուր գործը նույն քիրվայական միջավայրից ծնունդ առած կադրերով լավ էլ առաջ են տանում: Սերգո-ջանն արդեն երջանկության գագաթնակետին է հասել, իսկ հիմնադիրն ու իր սիրասուն պատուհասը ժպիտով-բանով թխում են նոր երանելի կապիտուլյացիաներ…

    “իրականում, համենայնդեպս, Արցախի հարցում լուրջ հակասություններ չունեն:”

    Իյա, իրո՞ք: Մադրիդյան սկզբունքների հարցում էլ հակասություններ չունե՞ն: Լավ, ենթադրենք՝ պողոսները ծանոթ չեն այդ սկզբունքներին, Արցախի տեղն էլ չգիտեն, բայց դուք էլ հո ծանոթ եք, մի տոկոսն էլ հո շատ լավ գիտի այդ մասին: Եթե հակասություն չկա, էն խեղճ Աշոտյանը ինչո՞ւ է պարբերաբար հերքում Նիկոլի ստերը Արցախի հարցով: Ինչու էր մարդը քիչ առաջ լայվ մտել՝ գժին նոպայից հանելու… 🙂

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31