Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած ավագանու անդամի համամասնական ընտրության քվեարկության օրը արձանագրված մի քանի խախտումների մասին։
Մասնավորապես, թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ, ըստ դիտորդի կողմից գրանցամատյանում կատարած գրառման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Արամ Հովհաննիսյանը քվեաթերթիկների տրցակի վրայից խլել է «թիվ 13 քվեաթերթիկներից մեկը, ճմրթել՝ այն դարձնելով անվավեր»։ Նշենք, որ 34/06 տեղամասը գտնվում էր Սիսիան համայնքի թիվ 2 դպրոցում, քվեարկությանը 1788 ընտրողից մասնակցել է 891-ը։ «Քաղաքացիական պայմանագիրը» այստեղ ստացել է 349 քվե, իսկ 13-րդ քվեաթերթիկը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը 178 քվե, «Ապրելու երկիրը»՝ 199, «Հանուն Հանրապետությանը»՝ 60, ՀՅԴ–ն՝ 34, «Մեկ Հայաստանը»՝ 36, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 31 քվե։
Մեկ այլ հաղորդման համաձայն, սեպտեմբերի 25-ին՝ քվեարկության օրը ժամը 12.00-ից մինչեւ ժամը 14-ը ընկած ժամանակահատվածում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ահազանգ է ստացվել, որ 34/16 ընտրական տեղամասում քվեաթերթիկներին փակցվելու համար նախատեսված ինքնասոսնձվող դրոշմապիտակները սոսնձվել են այնպես, որ դրանք միաժամանակ « կպել են քվեաթերթիկին եւ ծրարին»։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ահազանգի մասին զգուշացրել է Բռնակոթի մշակույթի կենտրոնում գտնվող 34/16 տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Վերահաշվարկի ընթացքում պարզվել է, որ 34/16 տեղամասային հանձնաժողովի կողմից նման 11 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հետաքրքիր է, որ այդ 11 անվավեր համարված քվեաթերթիկներից 9-ը մեկ ուժի օգտին են քվեարկված եղել։
Սյունիքի մարզի դատախազին հասցեագրված մեկ այլ հաղորդման մեջ նշվել է, որ Շաքիի դպրոցում ձեւավորված 34/29 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկելու իրավունք ունեցող Շողիկ Կարապետյանը ՝ տեխնիկական սարքի մասնագետին իր նույնականացման քարտի փոխարեն տվել է հարեւանուհու՝ Սաթենիկ Գրիգորյանի նույնականացման քարտը: Սարքի միջոցով կտրոնը տպվելուց հետո սարքի մասնագետը պարզել է, որ ընտրողը ներկայացրել է այլ մարդու նույնականացման քարտ, որի մասին կազմվել է արձանագրություն: Վերահաշվարկի ժամանակ 34/29 տեղամասային հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Ս.Գրիգորյանը քվեարկության օրն եղել է Երեւանում։ Առկա է այլ անձի փոխարեն քվեարկելու առերեւույթ փորձ:
Կարդացեք նաև
Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ Սիսիան համայնքի ավագանու անդամի 21 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինք՝ 5 մանդատ, «Ապրելու երկիր»՝4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան»՝ 2-ական մանդատ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ