Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի

Հոկտեմբեր 07,2022 13:00

«Հայկական 2-րդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունը 2022 թվականի սեպտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի՝ 2022 թվականի մարտի 24-ին հայտարարված մրցույթում հայցվոր ընկերությանը հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցվորը նշել էր, որ վարչական մարմնի կողմից ստացել է վարչական ակտի ընդունման մերժում, որը «հետապնդում է բարենպաստ վարչական ակտի ընդունում եւ այն ենթակա է քննության Վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցի, այլ ոչ թե նույն օրենսգրքի 217-րդ հոդվածով սահմանված գործերի սպառիչ շրջանակում»:

Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին հայցվոր ընկերությանը հաղթող ճանաչել 2022 թվականի մարտի 24-ին հայտարարված մրցույթում եւ ընդունել լիցենզիա տրամադրելու մասին որոշում: Նշենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի մարտի 24-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով, որում հաղթող է ճանաչվել «ԲՈՒՆ» գիտամշկութային հիմնադրամը եւ Հանձնաժողովի հուլիսի 15-ի թիվ 103-Ա որոշմամբ վերջինիս տրամադրվել է Երեւան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Ըստ այդ օրվա պաշտոնական հաղորդագրության. «Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության եւ հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին: Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՅԱՆ ԹԻՎԻ» եւ «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 եւ 69 միավոր: Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը»:

Հայկական երկրորդ հեռուստաալիքը, պահանջելով մրցույթում իրեն հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին որոշում՝ վիճարկում է Հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 103-Ա որոշումը, որով, ըստ էության, մերժվել է իր՝ հայցվորի հայտը:

Ըստ վարչական դատարանի, ընդունելի չի հայցվորի այն մոտեցումը, որ միայն լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը վերացնելու պահանջով գործերն են ներառված ՎԴ օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, իսկ լիցենզիան տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջը պետք է քննվի ընդհանուր կարգով: Դա բերում է անտրամաբանական հետեւանքի, քանի որ միեւնույն լիցենզիան ստանալու հարցով կարող է լինել երկու գործ, որից մեկը քննվի ՎԴ օրենսգրքի 219-րդ հոդվածով սահմանված հատուկ ռեժիմով, իսկ մյուսը՝ ընդհանուր ընթացակարգերով:

Հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 103-Ա որոշումը հայցվորը ստացել է 2022 թվականի հուլիսի 21-ին, ուստի վերջինս բաց է թողել ՎԴ օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 15-օրյա ժամկետը եւ ՎԴ օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներկայացրել ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու մասին միջնորդություն: Հետեւաբար, դատարանը ընկերության հայցադիմումը վերադարձնելու որոշում է կայացրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31