«Սաղսարա» մշակութային, երաժշտական, վավերագրական-հետազոտական նախագիծը մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերին՝ նախագծի ռեժիսոր Արմեն Պապյանի եւ օպերատոր Բագրատ Սարոյանի մտահղացմամբ։ Նախագծի շրջանակներում հետազոտող եւ նկարահանող խումբը մեկնում է Հայաստանի ընտրված մարզ, բնակություն հաստատում գյուղերից մեկում եւ սկսում ժողովրդական երգերի փնտրտուքները։ Ողջ ընթացքը վավերագրվում է՝ երգերից բացի, ներառելով տվյալ մարզի/գյուղի կենցաղավարությունը, բանահյուսական նյութը, ավանդական խոհանոցը, տեղի ապրելակերպն ու պատկերը։ Երեւանում արդեն հավաքագրված երգերը արխիվացվում են, սկսվում է ֆիլմի հետարտադրական աշխատանքը, իսկ երգերից մեկն ընտրվում է որպես հիմնական եւ մշակվում «Սաղսարա» բենդի կողմից։
Օրեր առաջ թողարկվեց «Սաղսարա-Շիրակ» նոր ֆիլմը, որն ընդգրկում է Շիրակի մարզի շուրջ 10 գյուղեր (ֆիլմը կարող եք գտնել Սաղսարա յութուբյան էջում)։ Նոր ֆիլմի, աշխատանքային ընթացքի, զարգացումների, ինչպես նաեւ այդքան սպասված «Սաղսարա-Սյունիք» դեռեւս չթողարկված ֆիլմի մասին զրուցել ենք նախագծի համահիմնադիր, գլխավոր պրոդյուսեր Անուշ Քոչարյանի հետ։
– Երկար դադարից հետո ի վերջո թողարկվեց «Սաղսարա»-ի նոր ֆիլմը։ Ինչո՞վ էր պայմանավորված այս դադարը։
– Իրականում թիմային աշխատանքը այս երեք տարիների ընթացքում չի դադարել եւ ոչ մի օր։ Արտակարգ դրության պայմաններում նկարահանված եւ թողարկված ֆիլմին ցավալիորեն հաջորդեց պատերազմը։ Այդ ընթացքում, որքան հնարավոր էր՝ պայմանավորված նաեւ տեխնիկական եւ հոգեբանական վիճակով, շարունակել ենք աշխատել… Բայց լիարժեք նյութ հավաքելու եւ մատուցելու համար մոտ կես տարի անկարելի էր դարձել մարդուն մոտենալը։ Մեր առաջին եւ հիմնական հարցը գյուղացուն հետեւյալն է. «Կա՞ ժողովրդական երգ, որ գիտեք, հիշում եք»… Դե պատկերացրեք` պատերազմական եւ հետպատերազմական վիճակում հայտնվես գյուղում ու հետն էլ այսպիսի հարցադրումով, հետն էլ տեսախցիկներով, ձայնագրման սարքերով…
Կարդացեք նաև
– Բայց 2021-ին թիմով Սյունիք մեկնեցիք հենց այս նույն հարցադրումներով, տեսախցիկներով ու ձայնագրման սարքերով…
– Ճիշտ եք։ Ավելին՝ որոշեցինք, որ մեր մեկնելը «բոլորի ցանկությամբ պիտի լինի»։ Ավելի պարզ ասած՝ «Սաղսարա համայնքը» եւ նախագծի հետեւորդները՝ եւ Հայաստանից, եւ արտերկրից, մեր նախաձեռնության շրջանակներում սկսեցին նվիրատվություններ կատարել, որպեսզի Սյունիքի ֆիլմը կյանքի կոչվի՝ այդկերպ նաեւ «կանաչ լույս» տալով մեր որոշմանը։ Հուզիչ եւ միաժամանակ պարտավորեցնող էր, որ ընթացքին միացան ավելի քան 300 նվիրատու, 100-ից ավելի աջակիցներ, ովքեր պատրաստ եղան տրամադրել ֆինանսական միջոցներ, կացության վայր, սնունդ, մեքենա, ցանկացած աջակցություն, միայն թե իրականացնենք ֆիլմի աշխատանքները։
– Իսկ ինչու դեռեւս չի թողարկվել «Սաղսարա-Սյունիք» ֆիլմը։ Ե՞րբ սպասենք պրեմիերային։
– Պատճառները մի քանիսն են։ Նախեւառաջ նկարահանման ընթացքը տեւել է շուրջ 6 ամիս։ Նկարահանումներ իրականացրել ենք երեք եղանակային պայմաններում: Միայն գարունն ենք բաց թողել։ Սա առաջինը։
Երկրորդ՝ նկարահանված եւ հետազոտված նյութը ահռելի է, քանի որ ի տարբերություն մյուս էպիզոդների (մեկ մարզ-մեկ գյուղ ձեւաչափ), այս դեպքում մենք հատել ենք ողջ Սյունիքը՝ Սիսիանից մինչեւ Մեղրիի գյուղեր… Այդ տեսակ խիտ բովանդակությունը ենթադրում է մանրամասների մեջ խորացում, ժամանակ եւ տարածություն՝ նյութին մոտենալու եւ հեռանալու կոնտեքստում։
Երրորդ՝ հետարտադրական աշխատանքները ծավալուն են՝ պայմանավորված եւ պատկերով, եւ ձայնով, եւ համադրումներով, եւ խմբագրումներով։ Առհասարակ դոկումենտալ նյութին մոտենալու կերպը ժամանակ եւ տարածք է պահանջում։ Չգիտեմ՝ որքանով է հասկանալի ասածս, բայց որպեսզի ավելի լավ պատկերացնեք, նշեմ ուղղակի՝ ամիսներ տեւած աշխատանքը ամբողջանում է 20-25 րոպե տեւողությամբ ֆիլմով եւ մեկ ընտրված երգի մշակմամբ։ Սյունիքի դեպքում՝ այդ ծավալը բազմապատկեք երեքով, չորսով… Ժամանակն ու տարածությունը՝ եւս։
Չորրորդ՝ Սյունիքի մարզը բազմաշերտ է։ Այն, ինչ տեսար եւ ընկալեցիր Գորիսի շրջանում, ամբողջությամբ տարբերվում է Մեղրիի շրջանի գյուղերում տեսածից, այն, ինչ ընդունեցիր, որպես տրամաբանություն հյուսիսում, հարավում՝ շրջվում է։ Մեկ ամբողջական ֆիլմի համատեքստում պիտի կարողանանք չհեռանալ մաքուր վավերագրությունից՝ միաժամանակ պահպանելով տարբերության չեղարկումներն ու հաստատումները, տեղի մարդու ընդգծվածությունն ու կերպը, Սյունիքի տարբեր մասերի բարբառն ու մոտեցումները: Այսպես անվերջ կարող եմ շարունակել…
Կարճ ասած՝ «Սաղսարա-Սյունիքը» կլինի։ Շուտ կլինի։ Եթե ամեն ինչ բնականոն հունով գնա, կարծում եմ՝ ոչ ուշ, քան այս տարվա ավարտը։ Հավատացեք, մենք ինքներս անհամբեր ենք այս հարցում, բայց չենք կարող վրիպել եւ/կամ շտապել այն բովանդակության կոնտեքստում, որն այսչափ կարեւոր է ե՛ւ մեզ համար, ե՛ւ ձեր։
– Շիրակի մարզը կարծես թե ձեզ հարազատ է, որովհետեւ արդեն երրորդ անգամ է «Սաղսարան» հայտնվում այդ մարզում։
– Շիրակի մարզը շատ հետաքրքիր շերտեր ունի, բացառիկ է իր նշանային համակարգով, մարդկանց բնավորության առանձնացվող գծերով, պահպանվող նյութի (ժողովրդական եւ գուսանական երգեր, բանահյուսական նյութ, հումոր, պատմություններ, ծեսեր եւ այլն) տեսանկյունից՝ եւս։
Առհասարակ Շիրակի մարզի այն գյուղերը, որտեղ եղել է «Սաղսարան», ընդգծվել են յուրահատուկ կերպով, որովհետեւ նյութն ինքնաբերաբար է տրվել նաեւ։
Շիրակի մարդը պատրաստ է անմիջապես կիսվել ունեցածով, որ հասցնի տեղ իր համար կարեւոր պահպանվածը։ Հիշո՞ւմ եք երկրորդ ֆիլմում, որտեղ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղն է, տղամարդը տնից դուրս է բերում քարտեզը, որպեսզի ցույց տա Մուշում իրենց պապենական ջաղացի տեղը, իսկ այդ նույն տղամարդու կինն անմիջապես հայտնվում է «թնդրա գաթայով»՝ իր հետ ակամայից բերելով խոսքի բովանդակային պատկերը։
Այսպիսի իրավիճակներ եւ մաքուր վավերագրություն հազվադեպ է պատահում։ Շիրակցին հե՛նց վավերագր(վ)ող կերպ է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ էր այդ տեսակին եւս մեկ անգամ անդրադառնալ… Եվ ոչ վերջին անգամ։
– Ի՞նչ միջոցներով է պահպանվում «Սաղսարա»-ն։ Թիմը մեծ է, իրագործվող աշխատանքները ծավալուն եւ ծախսատար, տարածքը՝ փոփոխական։
– Նախ նվիրումն է։ Բացառիկ ու անգին մի բան, որով օժտված է յուրաքանչյուր սաղսարեցի։ Մեր թիմի կամ ավելի ճիշտ՝ «Սաղսարա ընտանիքի» ամեն անդամ գիտակցում եւ արժեւորում է իր արածի բովանդակությունն ու կարեւորությունը, բայց միեւնույն ժամանակ հասկանում, որ մեր ունեցած ահռելի ժառանգության մի փոքր մասի հետ միայն գործ ունի: Այդպիսով մերոնք, բացի նվիրումը, նաեւ համբերատար են, համեստ, պատրաստ են աշխատել ու ստեղծագործել հնարավոր ու անհնար բոլոր պայմաններում։ Անչափ ուրախալի է, որ ինչպիսին թիմն է, այնպիսին էլ օր օրի աճող լսարանն է. «Սաղսարայի» հետեւորդներից շատերն այս ընթացքում հնարավոր ամեն բան արել են, որ նախագիծը կանգ չառնի։
Նախագծի իրագործման առաջին իսկ օրից ինձ համար՝ որպես պրոդյուսերի, պահպանման երկու սխեմա է գործել. մեկի մասին արդեն ասացի՝ թիմն է՝ իր նվիրվածությամբ եւ ոչ պակաս նվիրվածությամբ լսարանի առկայությունը, երկրորդը՝ աջակցության մեխանիզմն է, որն ընդգրկում է հնարավոր բոլոր սեկտորները՝ անհատից մինչեւ պետական համապատասխան կառույցներ, ոչ առեւտրային կազմակերպություններից մինչեւ միջագային կազմակերպություններ։ Բարեբախտաբար, այս կոնտեքստում մենք ստացել ենք ե՛ւ անհատի նվիրատվությունը, ե՛ւ մասնավորի, ե՛ւ պետության՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։
«Սաղսարան» անդադար ընթացք է, եւ իմ պատկերացմամբ չի կարող սահմանափակվել մեկ ֆինանսական աղբյուրի աջակցությամբ. այդ է պատճառը, որ մեր ունեցած 6 ֆիլմերը ստեղծվել են տարբեր միջոցներով. առաջինը՝ մեր միջոցներով, երկրորդը եւ երրորդը՝ նվիրատվությունների շնորհիվ, չորրորդը, հինգերորդը եւ յոթերորդը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհների շրջանակներում, իսկ վեցերորդը՝ «Սաղսարա-Սյունիքը», ինչպես արդեն նշեցի, 300-ից ավելի նվիրատուների եւ 100-ից ավելի աջակցիների եւ մասնագետների շնորհիվ։
– Ամփոփելով զրույցը՝ ինչպես հասկացա, «Սաղսարա-Սյունիք» ֆիլմը շատ սպասեցնել չի տա, եւ մինչ 2023 թվական թիմը ֆիլմի եւ երգի աշխատանքները կամբողջացնի։ 2023-ին ի՞նչ է սպասվում. «Սաղսարան» կլինի՞ այն մարզերում, որտեղ դեռ չի եղել, ինչպես օրինակ՝ Տավուշի, Վայոց ձորի մարզերն են։ Արդյոք կլինե՞ն նոր ֆիլմեր եւ ի վերջո՝ արդեն ունեցած երգերով համերգային ծրագիր։
– «Սաղսարան» հիմա զարգացման շատ հետաքրքիր ու կարեւոր փուլում է։ Ձեր տված հարցն իր ողջ բովանդակությամբ մեր առջեւ դրված պատասխանատվության ու իրագործման շրջանակներում է։ Այո՛, կլինեն նոր ֆիլմեր, կլինի «Սաղսարա-Սյունիքը», եւ, կարծում եմ՝ շատ սպասեցնել չենք տա նաեւ համերգի հարցում. 3 տարին բավարար էր (ծիծաղում է-Ա. Ղ.):
Հարցազրույցը՝
Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ «Սաղսարա» նախագծի արխիվից
«Առավոտ» օրաթերթ
06.10.2022