Լրահոս
Օրվա լրահոսը

«Կին լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգությունը նոր սպառնալիք է»

Հոկտեմբեր 07,2022 13:30

2018 թվականից միջազգային վարկանիշային աղյուսակներում հայկական լրատվամիջոցների դիրքը բարելավվել էր: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2021 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 180 երկրների մեջ զբաղեցրեց 63-րդ տեղը: Կազմակերպության զեկույցում ընդունվեց, որ մեր երկրում մեդիա բազմազանությունն առկա է՝ միաժամանակ արձանագրեցին՝ այն դեռեւս անկախ չէ:

Օրերս տեղեկացա, որ մասնագիտական լսարանի դատին է հանձնվել «Մեդիա ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային լրատվամիջոցները կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ» ուսումնասիրությունը, որը պատրաստել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Դր. Քրիստինա Ռոզգոնին եւ Շուշան Դոյդոյանը: Այն տասը բաժնից է բաղկացած՝ Մեդիա դաշտի ուսումնասիրություն, գործող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն, լրագրողների իրավունքների պաշտպանություն, ատելության խոսք, ապատեղեկատվություն…, որին հետեւում են առաջարկությունները, ինչին կանդրադառնամ առաջիկա համարներից մեկում, եւ՝ երկու հավելվածները:

Ինչպես փաստում են հեղինակները՝ 2022թ. զեկույցը ներկայացնում է Հայաստանում մեդիա ոլորտի իրավական եւ կազմակերպչական դաշտի, ինչպես նաեւ կազմակերպչական եւ նյութական կարողությունների՝ Եվրոպայի խորհրդի, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշներին համապատասխանության համեմատական վերլուծություն, հաշվի առնելով 2019 թվականից ի վեր տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Հատուկ ուշադրություն է հատկացվել մեդիա կառավարմանն առնչվող խնդիրներին. հանրային լրատվամիջոցներին, ԶԼՄ-ների սեփականատիրության թափանցիկությանը, ինքնակարգավորմանը, լրագրության որակին, ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարին:

Ուսումնասիրության բոլոր ուղղություններով հաշվի է առնվել «գենդերային ասպեկտը»։

Անդրադառնալով սահմանափակումներին, հեղինակները նշում են. «Հայաստանում լրագրողների իրավունքների նկատմամբ գործում են մի քանի սահմանափակումներ։ 2020 թվականի մարտին Հայաստանում «Covid-19» համաճարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը եւ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում պատերազմը, որը հանգեցրեց ռազմական դրության, էականորեն վերափոխել են լրատվամիջոցների ոլորտը եւ լրագրողների իրավունքների շրջանակը՝ կառավարության որոշմամբ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում արգելվել է պաշտոնականից բացի, որեւէ այլ տեղեկատվության հրապարակումը։ Ավելին, զգալի մտահոգություն էր առաջացել, որ այդ որոշումներին համապատասխանությունը վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից, նաեւ լրատվամիջոցների գործունեությանը հաճախ սուբյեկտիվ եւ կամայական մոտեցումներով միջամտությունը»։

Կա անդրադարձ լրագրողների անվտանգության խնդրին, այս առումով, ըստ հեղինակների, Հայաստանում իրավիճակը մտահոգիչ է, թեեւ լրագրողների մասնագիտական իրավունքները պաշտպանված են Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով։ Վերջին տարիներին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունն ու հարձակումները ճիշտ է՝ նվազել են, սակայն 2021 թվականին արձանագրվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական սպառնալիքների եւ բռնության մի քանի դեպքեր, եւ հայաստանյան շահագրգիռ կողմերն ընդգծել են, որ «կին լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգությունը նոր սպառնալիք է, որը խաթարում է Հայաստանի մեդիայում կանանց անվտանգությունը»:

Շատ դեպքերում լրագրողների նկատմամբ բռնության սպառնալիքները եւ հարձակումները պատշաճ կերպով չեն հետաքննվում։ «Նախորդ տարիների հարձակումների դեպքերին իրավապահ մարմինները ընթացք չեն տվել եւ չեն բացահայտել, եւ 2020-2021 թվականներին որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել լրագրողների վրա հարձակվելու համար։ Այս անպատժելիությունը քաջալերում է հանցագործություն կատարողներին եւ միեւնույն ժամանակ, ճնշող ազդեցություն է թողնում հասարակության, այդ թվում՝ լրագրողների վրա։ Լրագրողների անվտանգության հետ կապված եւս մեկ կարեւոր խնդիր էր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի պայմաններում լրատվամիջոցների աշխատանքը։ Ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների մեծամասնությունը համապատասխան կարողություն, գիտելիք կամ փորձ չունեին»,-նշվում է ուսումնասիրության մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31