«Ես ցանկացածի հետ պատրաստ եմ համագործակցել, եթե խոսքը գնում է Արցախի կարգավիճակի այն ձեւաչափի մասին, որը համապատասխանում է ազգային ազատագրական պայքարի արդյունքին, ինչն, իր հերթին, համապատասխանում էր միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Հարցն այն է, որ Արցախի հարցի կարգավորման իրավական ճանապարհի մասին ՀԴԿ նախագահը մշտապես է բարձրաձայնել, վերջին շրջանում էլ այդ հարցերը Արցախի իշխանությունների հետ են քննարկել : 2017 թվականից Արցախի հարցի կարգավորման իրավական ճանապարհի մասին է հայտարարում նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը: Երեկ, Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ էլ Սամվել Բաբայանը հնչեցրել է Արցախի հարցը իրավական ճանապարհով լուծելու տարբերակի մասին: Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է համատեղել ջանքերը:
Մինչ դա, ըստ մեր զրուցակցի, պետք է կարողանանք հիմնովին հերքել Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, որպեսզի միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն տեսնեն՝ Հայաստանում կան ուժեր, որոնք չեն կիսում այն գիծը, որը վարում է Հայաստանի գործող իշխանությունը:
Այս համատեքստում, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, Արամ Սարգսյանը «լկտի սուտ» է որակում՝ ասելով, որ անգամ «Մադրիդյան սկզբունքներում», որոնք ՀԴԿ-ն մշտապես քննադատել է, հստակ նշված էին երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի բացառում: Այդ փաստաթղթով Արցախը նաեւ միջանկյալ կարգավիճակ էր ունենում, որը Արցախին հնարավորություն էր տալիս որպես սուբյեկտ հանդես գալու:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը հիշեցնում է կա՝ Հայաստանի եւ Արցախի միավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ԳԽ որոշում, որը ոչ ոք չի չեղարկել եւ ՀՀ որեւէ իշխանության որեւէ ներկայացուցիչ իրավունք չունի ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի մաս: 1994 թվականի հրադադարի համաձայնությունից հետո էլ, Արամ Սարգսյանի համոզմամբ, ԱՀ-ն եղել է սուբյեկտ, այս ընթացքում էլ գործել է իբրեւ սուբյեկտը, ինչը նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ն է ընդունել, մինչդեռ, իր նմանօրինակ հայտարարություններով, Նիկոլ Փաշինյանն իր վրայից պարզապես գցում է հարցը: Արամ Սարգսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նման վարքագծի պատճառը նրա պարտավորություններն են՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ. «Դրա վկան՝ այսօրվա նրա նվաստ վիճակը»:
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը Արամ Սարգսյանը մեծագույն հանցագործություն է համարում՝ ամբողջ հայության նկատմամբ. «Դա բերելու է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը պահանջելու է ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում Արցախից, իսկ դա նշանակում է՝ մեկ ժամվա ընթացքում 120 հազար մարդ Արցախից կարող է հեռանալ կամ կոտորվել: Սա է խաղաղության պայմանագրի իրական գինը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ