Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը Արցախի եւ Հայաստանի պաշտոնաթող նախագահներին եւ Արայիկ Հարությունյանին խնդրում է հանդիպել

Հոկտեմբեր 06,2022 19:55

«Խնդրում եմ, ամսի (հոկտեմբերի) 9-ին, Արցախում, այստեղ, մեր քաղաքում հանդիպենք, այս ստեղծված վիճակից փորձենք ելք գտնենք»,- Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ երեկ, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  հնչեցրած կոչն է: Այն ուղղված է Արցախի եւ Հայաստանի պաշտոնաթող նախագահներին եւ Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Սամվել Բաբայանը վստահ է, հավաքվածներին էլ վստահեցնում է՝ արցախցու փոխարեն ոչ ոք չի որոշելու իր ճակատագիրը: Նա առաջարկում է՝ ամրանալ եւ հզորանալ: Միավորված ազգերի կանոնադրությունն, իր փոխանցմամբ այդ հնարավորությունը տալիս է ժողովուրդներին՝ ինքնապաշտպանվել. «Մենք, այսօր, անհապաղ, պետք է մեր անվտանգության խնդիրը լուծենք : Մեր ժողովուրդը պետք է անվտանգ լինի: Վերջ»:

Սամվել Բաբայանն ու «Միասնական հայրենիքը» Արցախի խնդրի կարգավորումը տեսնում են իրավական ճանապարհով. «Մենք ունենք բոլոր փաստաթղթերը, ես դրա մասին բազմիցս արտահայտվել եմ, որ մենք պետք է մտնենք միջազգային դատարան եւ դատի տալով՝ մենք կարողանանք մեր անկախությունը հաստատել, որովհետեւ այլ ճանապարհ չունենք: Մենք դատապարտված ենք լինելու՝ գնալ այդ ճանապարհով»:

Սամվել Բաբայանը նաեւ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Արցախի քաղաքական ուժերը մերժել են իրենց իսկ հնչեցրած համախմբման կոչին միանալու իր պատրաստակամությունը: Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք կայացավ, որի ժամանակ կոչ արվեց՝ համախմբվել ու միասնաբար հաղթահարել ստեղծված իրավիճակը:

«Ես կապվում եմ՝ արձագանքում եմ էդ կոչին, գիտե՞ք ինչ են ինձ պատասխանում. ասում ա՝ նստալ ենք, որոշալ, որ չէ, օզում չինք կյալ: Այս հավաքը դրա համար եմ արել, որ այդ մարդկանց հասկացնեմ՝ եթե իրոք, անկեղծ ուզում եք համախմբվել, պետք չի հրաժարվել»:

Պատասխանելով հավաքվածներից մեկի հարցին՝ ինչ՞ու է 44-օրյա պատերազմից հետո հեռացել Արցախից, Սամվել Բաբայանն ասաց, որ այդ հարցին քանիցս պատասխանել է. պատճառն այն է, որ Արցախի իշխանություններն իր թիկունքում են համաձայնվել հրադադարին, այդ ժամանակ, ինքը եղել է Երեւանում՝ գործուղման մեջ. «Ես տեղյակ չեմ եղել, որ բանակցությունները գնում են հաշտության կամ հայտարարության՝ պատերազմը կանգնեցնելու. էդքանն անելուց հետո, ես իրիկունն եմ իմացել, որ փաստաթուղթ են ստորագրելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ․ Գ․ Սամվել Բաբայանն անդրադարձել է նաեւ Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում լինելու փաստին եւ Մովսես Հակոբյանի պատմածներին։ «4-5 հոգի իրա հետ մարդ է եղել: 45 րոպեից հետ եմ եկել շտաբ՝ պրեզիդենտսկի, թողել են գնացել, ես էլ էդ մարդուն չեմ տեսել: Եթե ձեր էդ ասած անձին տեսել եմ բերանը բացած էնտեղ մեկի հետ խոսելիս, ես գլխով պատասխան եմ տալիս: Էդ հեքիաթը, որ պատմում են… գիտե՞ք ինչ են պատմում, որ Աննան եկել ա ֆրոնտը ղեկավարել, դրա համար էլ տանուլ ենք տվել,- ասել է Բաբայանը և հավելել,- Մարդը ինքը պաշտոնի նստած՝ Նիկոլը աշխատավարձ է տալիս, զադաչա դնում, ասում են՝ Բաբայանը նիկոլական է, դուք ոչխա՞ր եք, արա: Դու նրան ծառայում ես, Բաբայա՞նն է նիկոլական»:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը 2020-ի նոյեմբերին ասուլիսում պատմել էր․ «Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ, տեսել՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, և կողքը կանգած է Բաբայան Սամոն։ Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր դիտարժան մարտ, բոլորը շատ երկար ժամանակ լուսաբանում էին՝ հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ են ջախջախել։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել, կաշկանդվում են ձեզնից, ասաց՝ լավ։ Մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31