Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ազատ արձակեց «պապիկների գործով» ամբաստանվող Տարոն Մանուկյանին՝ ԱԺ պատգամավոր դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդուն և ՀՅԴ ՀԵՄ ղեկավար, արցախյան երկու պատերազմների մասնակից Գոռ Սարգսյանին։
Նրանցից յուրաքանչյուրն ազատ արձակվեցին 3 միլիոն գրավի դիմաց։ Այս գործով այլևս կալանավորված անձինք չկան։
Այս մասին մեզ տեղեկացրեց երիտասարդների փաստաբան Աբգար Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այս գործով 7 երիտասարդները մեղադրվում են ընդդիմադիրների՝ Գյումրիում կազմակերպած հանրահավաքի օրը՝ մայիսի 8-ին, Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։
Կարդացեք նաև
Դատավորը Ռոման Սմբատյանն է։
Նշենք, որ Տարոն Մանուկյանին դուրս են թողել ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետից, քանի որ նրան թույլ չէին տվել քննությունները հանձնել կալանավայրում։
Երեկ այս մասին գրառում էր կատարել արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ հայտարարելով, որ ինքը չի ստորագրել Տարոն Մանուկյանի հեռացման հրամանի տակ։
Ռուբեն Մելքոնյանը գրել էր․
«Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայում քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը:
Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր:
Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում:
Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը։
Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք, երևի, դեռ մնացել էին:
Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ` այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ