Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ԲԴԽ անդամ ընտրված Կարեն Անդրեասյանը սուտ եւ ապատեղեկատվություն որակեց խոսակցությունները, թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանն իր հետ կիսում է որոշ քրեական գործերի վրա ներազդելու պատրաստակամությունը․ «Հուսամ՝ այդ սուտը ձեր համար չի դառնա տիրաժավորման հերթական թեմա»։
Լրագրողները հիշեցրին ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկոտ ձայնագրությունը, որում նա ասում էր, որ իշխանությունն «իր վզին դրել է», եւ հետաքրքրվեցին՝ չեք վախենո՞ւմ, որ ձեզ էլ կձայնագրեն։
Կարեն Անդրեասյանը պատասխանեց․ «Մինչեւ այդ ձայնագրության հրապարակումն էլ քանիցս ասել եմ՝ եթե որպես նախարար կամ ՄԻՊ իմ ժողովների ժամանակ որեւէ տեսախցիկ միացված կամ անջատված լինի, տարբերություն չկա, որովհետեւ ես երբեք չեմ խոսում բաներ, որոնց համար կամաչեմ։ Լինի աշխատասենյակ, թե ռեստորան։ Չեմ զլանա անգամ հանգիստ հրավիրել։ Միայն խոսքիս որակը կարող է վատը լինել՝ համեմատած պաշտոնական հայերենիս հետ։ Ձեր ասած բառամթերքը չկրկնեմ, որովհետեւ իմը չի։ Պարոն Ջհանգիրյանին չեմ տեսել այդ ձայնագրությունից հետո։ Լսել եմ իր հարցազրույցը, որում ասում է՝ իրեն չեն ճնշել, ինքն է պատասխանատվություն վերցրել։ Հակված եմ հավատալու նրա հարցազրույցին»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ չկա այնպիսի դատավոր, որն իր ասածը չանի, Կարեն Անդրեասյանը նշեց․ «Ես այդ խոսքից հասկացել եմ, որ վարչապետն ասում է՝ ունի ազդեցության լծակներ, բայց չի ուզում դա անի։ Ինչո՞ւ եմ ես հավատում վարչապետին։ Ես իր խոսքը կոնտեքստից չեմ կտրել եւ մեկ տարվա աշխատանքի ժամանակ տեսել եմ, որ նա չի փորձել ազդել դատական համակարգի վրա։ Դրա համար վստահ եմ, որ գործադիրից իմ վրա ազդեցություններ չեն լինելու։ Անգամ եթե իշխանություն փոխվի եւ ուզենան իմ վրա ազդել, չեն կարողանալու»։
Իշխանության քաղաքականության մասին խոսելով՝ Կարեն Անդրեասյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի դեմ պատերազմ հրահրել եւ իրականացրել է Ադրբեջանը․ «Եվ շահարկումների հետ համաձայն չեմ։ Որեւէ իշխանության օրոք չեմ հավատացել, որ որեւէ ղեկավար հրահրել է պատերազմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ճեպազրույցը եղել է Կարեն Անդրեասյանի՝ մինչեւ ԲԴԽ անդամ ընտրվելը