Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց նկատառմանը, որ վերջին հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի փաստը ցույց է տալիս, որ մենք պաշտպանված չենք։ «Ո՞վ ասաց, իսկ դուք գիտե՞ք՝ իրենք ինչքան զոհ ունեն։ Ձեր համար կարեւոր չի՞, թե մեր տղաներն ինչպես են դիմադրել։ Իմ համար կարեւոր է։ Դա աննախադեպ հերոսություն է, որ շատ տեղերում հետ են շպրտել իրենց գերազանցող հակառակորդին»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում բոլոր հնարավոր միջոցները գործի են դնում՝ ՀՀ-ի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար․ «Ոչ ոք չի ասել, որ պատերազմ չի լինելու։ Դրա համար ասում ենք՝ խաղաղության օրակարգ, իսկ որոշ «դոշ ծեծող» եւ հեքիաթ պատմող քաղաքական գործիչներ հարցազրույց են տալիս, ասում՝ ծովից ծով Հայաստան, կենաց ասում ու գնում։ Պատասխանատվության զրո աստիճան։ Անգամ ԱԺ չեն կարողանում գալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ