Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող պատերազմել Թուրքիայի դեմ․ մեր 2 հարեւանի համար պետք է ամրագրենք այն ՀՀ-ն, որը կա․ այլ տարբերակ չկա»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 06,2022 16:22

«Թույլ տվեք հարցին չպատասխանել, որովհետեւ վարչապետն այսօր հանդիպելու է այդ երկրի նախագահի հետ։ Կարելի է ասել՝ ռեալ բանակցային գործընթաց է, նոր՝ առաջին քայլերն են։ Հիմա չեմ ուզում հայտարարություն անել, որ հետո այնտեղ ասեն՝ տեսեք, նման բան ասացին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Պրահայում սպասվելիք Փաշինյան-Էրդողան հանդիպմանը՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եկեք երկուստեք զգույշ լինենք։ Այս գործընթացի շահառուները բոլորս ենք։ Չանենք այնպիսի բան, որը կփչացնի վիճակը, որը որ կա»,-հավելեց Ալեն Սիմոնյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ դեռեւս սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի հետ կապված հույս եւ ակնկալիք չկա, ուստի հիմա ի՞նչն է փոխվել, որ Փաշինյանը երեկ պնդեց, թե բանակցություններում առաջ գնալու տեղ է տեսնում, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Հաշվի առնելով, թե այդ խաղաղության պայմանագրի հակառակ կողմն ով է, մինչեւ այդ պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որեւէ հույս չեմ ունենա, որովհետեւ շատ փոքր վստահություն ունեմ մեր հարեւանների հանդեպ։ Իրենց գործողությունները ստիպել են վստահության բացակայություն ձեւավորել»։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Տեսնում ենք ճանապարհ, որով կարող ենք գնալ։ Կստացվի, թե ոչ․․․տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերներ, մասնավորապես՝ հանդիպում է լինելու Մակրոնի մասնակցությամբ։ ԱՄՆ աջակցությամբ 17 գերիներ վերադարձվել են։ Այստեղ տեսնում ենք եւս մի հնարավորություն, որ այդ խողովակով այսօրվա հանդիպումը եղավ։ ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, վարչապետն ասում են, որ ՀՀ 29 800 ք/մ-ն անքննելի է։ Դա մեր համար կարմիր գիծ է»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ հիմա բանակցելն իրատեսական է համարում․ «Հիմա մենք տեսնում ենք, որ անգամ Ադրբեջանի կողմից արդեն հայտարարություններ են հնչում լավատեսության մասին։ Երկար չասենք, թե լավատեսությունը որտեղից է գալիս։ Կրկին նշեմ, որ Արցախին մենակ չենք թողնելու։ ՀՀ տարածքն ու ինքնիշխանությունն անքննելի կարմիր գծեր են։ Խոսակցությունները, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ-որ բանի դիմաց են, հիմք չունեն եւ չեն կարող ունենալ»։

Հարցին՝ Պրահայում որեւէ փաստաթուղթ քննարկվելո՞ւ է, տեքստ կա՞, Սիմոնյանը պատասխանեց․ «Չկա, որովհետեւ սա նոր ձեւաչափ է՝ ԵՄ նախագահ, Ֆրանսիայի նախագահ եւ երկու երկրների ղեկավարներ։ Մենք ավելի շատ սպասումներ ունենք այս ձեւաչափից։ Այսօր արձանագրենք, որ ավելի բարձր ձեւաչափի վիճակ ունենք։ Եթե այն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մակարդակով էր, ապա այսօր ՌԴ-ն, Ֆրանսիան ներգրավված են նախագահի մակարդակով, ԱՄՆ-ն՝ պետքարտուղարի։ Եթե կբերի փաստաթղթի, ուրեմն այդ մանդատն ավելի բարձր է։ ՀՀ սահմանից այն կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չպետք է լինի։ Ուստի իմ համար մեկ է՝ խանդ կլինի՞, թե ոչ։ Իմ համար ՀՀ տարածքային ամբողջականությունն է կարեւոր։ Կարեւոր է, որ, այո, ՀԱՊԿ-ին ստիպենք աշխատել։ Սպասում ենք քաղաքական գնահատականի, բայց չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի։ Սպասելու ժամանակ ու տարածք էլ չունենք։ Որքան սպասեցինք՝ հերիք է»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ո՞րն է երաշխիքը, որ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո Ադրբեջանը կդադարի կրակել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այդ մտավախությունը միշտ կա բոլոր երկրների մոտ։ Ի վերջո, պետք է ամրագրենք, թե ՀՀ-ն ինչ է։ Մեկի համար պատմական ՀՀ- է, մյուսի համար՝ հարեւանի կտորը, ուստի պետք է ամրագրենք այն ՀՀ-ն, որն ունենք։ Պետք է ամրագրենք երկու՝ մեզ սպառնալիք հանդիսացող երկրների համար։ Այլ տարբերակ չկա։ Հիմա ՀՀ-ն իր ռազմական ներուժով չի կարող պատերազմել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի հետ։ 90-ականներին ուրիշ էր։ Ըստ ձեզ՝ 3 միլիոնանոց ՀՀ-ն կկարողանա՞ր պայքարել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի հետ։ Հասցնենք Թուրքիային այն օրի, որ տնտեսություն չունենա՞»։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումն ու հայ ռազմագերիների վերադարձը պետք է նախորդեն բուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ որպես վստահության քայլ, որն իրապես հիմք կդնի երկու երկրների միջեւ հարաբերություններին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31