Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերջնանպատակը միշտ եղել է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանի կապիտուլյացիան. Լիմկենի ինստիտուտ

Հոկտեմբեր 06,2022 16:10

Ադրբեջանի պայմաններով խաղաղություն երբեք հնարավոր չի եղել. որպես Ադրբեջանը 1993թ-ից կառավարող ընտանեկան կլանի մաս՝ Իլհամ Ալիևի ռեժիմը Ադրբեջան է, իսկ Ադրբեջանը՝ Ալիև։ Այս մասին ասվում է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի կայքում հրապարակված հոդվածում:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանությունը պահելու Ալիևի մոտեցումը (բացի դաժան բռնաճնշումներից) եղել է հայերի նկատմամբ ռասայական ատելության սերմանումը՝ հրահրելով էթնիկ ատելության խոսք և փառաբանելով ատելության հանցագործությունները, ասվում է հոդվածում:

Հեղինակը նկատում է, որ տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում Ալիևն այժմ ընդլայնել է իր ագրեսիան հենց Հայաստանում՝ ղարաբաղյան հակամարտությունը վերափոխելով միջպետական պատերազմի և այդպիսով ստեղծելով նոր նախադեպ: Քանի որ Հայաստանի, այսպես կոչված, անվտանգության երաշխավորի՝ Ռուսաստանի ձեռքերը կապված են Ուկրաինայով, Հարավային Կովկասում ուժի աճող վակուումը գործնականում պայմաններ է հասունացրել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման համար:

«2020թ. ղարաբաղյան պատերազմը և հարձակումը Հայաստանի վրա ցույց տվեց, որ ժամանակակից թուրքական պետության վերջնանպատակը միշտ եղել է և կմնա հայ ժողովրդի բնաջնջումը ՝ իր թուրք դաշնակցի՝ Ադրբեջանի միջոցով։ Նրանց ցեղասպանական արշավի նկատմամբ միջազգային անպատժելիությանը պետք է վերջ դրվի: Դա նշանակում է՝ ոչ մի էներգետիկ անվտանգության գործարքներ Եվրամիության և Ադրբեջանի միջև, ԱՄՆ-ի կողմից ոչ մի տարեկան ռազմական օգնություն Ադրբեջանին, և վերջապես, Թուրքիային պատասխանատվության ենթարկել մեծ տարածաշրջանում տեղի ունեցած լիակատար ավերածություններին և տառապանքներին անմիջականորեն նպաստելու համար»,- առաջարկում է հոդվածագիրը:

Հեղինակը նկատում է, որ Եթե Արևմուտքն այդքան դեմ է Հայաստանի կախվածությանը Ռուսաստանից, ապա պետք է դադարի ռազմական օգնություն տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին, ինչը գործնականում Հայաստանին այլ ելք չի թողնում, քան վերադառնալ Ռուսաստանի գիրկը:

«Արևմուտքն ապացուցել է, որ ի վիճակի է մատնանշել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համատեքստում վայրագությունները, ներխուժումը և նույնիսկ ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, երբ Հայաստանի գոյաբանական ճգնաժամի հետ կապված գործոնները չեն համընկնում եվրո-ամերիկյան քաղաքական-տնտեսական շահերի հետ (օրինակ՝ Ալիևի պետությանը նավթադոլարներով ֆինանսավորելը), ապա ՆԱՏՕ- և ԵՄ-ի ավտորիտարիզմի դեմ զորակցությունը որևէ քննադատության չի դիմանում: Այսպիսի երկակի ստանդարտները խաթարում են ժողովրդավարության և ինքնիշխանության սկզբունքները, որոնց, ինչպես Արևմուտքն է պնդում, ինքը հավատարիմ է: Ինչպես Ուկրաինայի դեպքում, Հայաստանի առջև ծառացած գոյաբանական ճգնաժամը «վիճահարույց» չէ, պարզապես Հայաստանի անվտանգության ճգնաժամը քաղաքականապես հարմար չէ հակաավտորիտարիզմի ներկայիս եվրո-ամերիկյան պատմույթի համար: Ասել է թե՝ այս հակամարտությունը որպես «վիճահարույց» պիտակավորելը շարունակում է միայն կանաչ լույս վառել ճնշողի համար և ճնշել զոհին՝ անտեսելով ուժի անհամաչափությունը, որ գոյություն ունի Հայաստանի և Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի միջև»,- ասվում է հոդվածում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31