Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորներից մի քանիսը դեռ շարունակում են կախված մնալ իրենց անձնական շահերից, իրենց նախկին կապերից ու միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից». Կարեն Անդրեասյան

Հոկտեմբեր 06,2022 15:34

«Կաշառքը համատարած չէ, այլեւս դատական համակարգը չի հիշեցնում սուպերմարկետ: Շատ երկար ժամանակ է՝ դադարել է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու  Կարեն Անդրեասյանին եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարցրեց՝ ի՞նչ եղավ Կարեն Անդրեասյանի հետ 2013-ի դատական համակարգի զեկույցից հետո՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան: Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Մեկը հարցներ՝ ի՞նչ եղավ ձեզ հետ՝ որպես արդարադատության նախարար, երբ դու փորձեցիր ասել ինչ է մնացել այդ վատ ժամանակներից այսօրվա դատական համակարգում: Մի խումբ մարդկանց, որոնց դիմակների տակ կային ե՛ւ լրագրողներ, ե՛ւ փաստաբաններ, ե՛ւ դատավորներ, սկսեցին հիմա էլ հոշոտել, հարձակվել ինձ վրա, որ ես իբր հիմա էլ անարգանք եմ դրսեւորում դատական համակարգի նկատմամբ: Ես ասում էի, որ մնացորդները մնացել են, այո՛ շատ է զտվել, մաքրվել, կարելի է ասել՝ 70-80%-ով մաքրվել է: Ասում են՝ քանի՞սն են մնացել, ասում եմ՝ 40%-ը, ասում են՝ դե անուններ ասա: Հասկանում են, որ ես չեմ կարող ասել այդ անունները, որովհետեւ զրպարտության, վիրավորանքի հոդվածներով առաջինը ես կտուժեմ: Երկրորդը՝ այդ տվյալները, որ ես ստացել եմ, ստացել եմ գաղտնիության պայմաններում՝ որպես օմբուդսմեն ու իրավունք չունեմ հրապարակել»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջարկեց մոնիտորինգ անել ու պարզել, թե տարիների ընթացքում որ դատավորը ինչ որոշում է կայացրել՝ բացառելով շփոթմունքի դեպքերը. «Դատարանը պետք է արդար լինի, ոչ թե անկախ: Համակարգային փոփոխություններ պետք է լինեն: Վերջերս իմացել եմ, ասում են՝ դատարանը որոշում է կայացրել այսինչ կազմակերպությունը չաշխատի, չգիտեմ ինչ չունենա, դիմացի կազմակերպությունն ունենա, որպեսզի մրցակցություն լինի, սա խայտառակություն է: Քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի՝ կանգնել ձեր կողքին, համակարգի կողքին, որ այս բարեփոխումները մինչեւ վերջ իրականացվեն»:

Խոսելով անկախ դատական համակարգի մասին՝ Կարեն Անդրեասյանը նորից նախկիններից օրինակ բերեց՝ ասելով. «Որ այսքան մարդիկ բարկացած են ու կարծում եմ, հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ անարդարությունն էր նույն դատական համակարգում, ամբողջ ցասումը , զայրույթը, որ կուտակվել էր, նրանից էր, որ երբ լսեցին ինչ-որ մարդիկ, որոնք դատավորի պատմուճանի մեջ էին, նրանց դատավոր ասելն էլ իմ համար արդար չի, լսեցին, որ դատավորը պիտի լինի անկախ եւ իրենք իրենց զգացին անկախ՝ ամեն ինչից՝ տրամաբանությունից մինչեւ օրենք: Ամենասարսափելին այն էր, որ իրենց անկախությունը վերջանում էր Բաղրամյան 26-ի մատույցներում: Եվ այս տրամաբանությամբ եկած դատական համակարգը արդեն հիմա էլ ունի մի ուրիշ տրամաբանություն: Հիմա էլ իսկապես անկախ են քաղաքական իշխանությունից, արդարները, լավ դատավորները պահում են օրենքի տառը, իրավունքի ոգին, իսկ մի քանիսը դեռ շարունակում են կախված մնալ իրենց անձնական շահերից, իրենց նախկին կապերից ու միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից: Մենք ուզում ենք փրկել դատական համակարգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31