Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի «Սևանա լճի բնական պաշարների պահպանման և վերականգնման գիտական հիմքերը» վերահրատարակված և գրականագետ Ավիկ Իսահակյանի «Սևանա կղզի…» հուշապատում գրքերի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակին:
Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Ռաֆայել Հովհաննիսյանի հետ աշխատել ենք հանձնաժողովներում, համագործակցել ենք որպես ինստիտուտների տնօրեններ: Ակտիվ, պայծառ, հեռանկարային ծրագրեր ունեցող անձնավորություն էր: Ցավոք, ժամանակից շուտ հեռացավ կյանքից: Բայց իր գործը, այս գիրքն անմահացնում են իրեն:
Այսօր նշում ենք նաև Ավիկ Իսահակյանի «Սևանա կղզի…» հուշապատում գրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է Ավետիք Իսահակյանի անցկացրած օրերը Սևանի ափին, լավ օրեր, որոնք այսօր պատմություն են»,- ասաց Աշոտ Սաղյանը:
Կարդացեք նաև
«Այս տարիների ընթացքում մենք ավելի ու ավելի ենք գնահատում Ռաֆայել Հովհաննիսյանի դերը: 1977թ. նա ստեղծեց Սևանի հիդրոէկոլոգիայի ուսումնասիրության բազմակարգային համակարգ: Մինչ այդ Սևանա լճի համար այդպիսի համակարգ չկար: Դրանից հետո նա սկսեց Սևանի էվտրոֆիկացիայի ուսումնասիրությունը: Այն, որ 2001թ. ընդունվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, զգալի չափով իր ներդրումն է»,- ասաց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:
«Ռաֆայել Հովհաննիսյանի կատարած մեծ գործի պտուղները քաղում ենք մինչ օրս: Մենք այժմ էլ սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի հետ, որի սկիզբը դրել է Ռաֆայել Հովհաննիսյանը, և նախատեսում ենք իրենց պատրաստած սարքավորումները, որոնք ջրի հետազոտման համար են, համատեղ օգտագործել Հայաստանում՝ Սևանում, ինչպես նաև այլ ջրամբարներում քիմիական կազմ, կենսաբանական միացությունների կազմ հետազոտելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը:
Ռաֆայել Հովհաննիսյանի դուստրը՝ Լուսինե Համբարյանը, շնորհակալություն հայտնեց գրքի վերահրատարակման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր մասնակիցներին: «1994թ. էր լույս տեսել գիրքը: Տարբեր մասնագետներ ուզում էին գիրքը, բայց գրքի այդ տարբերակն արդեն բացակայում էր: 2019թ. մասնակցեցի Հարավային գիտական կենտրոնում անցկացվող միջազգային գիտաժողովին, որտեղ ներկայացվում էին ջրային ռեսուրսներին վերաբերող գլոբալ փոփոխություններն ու խնդիրները: Ես ներկայացրի Սևանա լիճը, էվտրոֆիկացիան, էկոլոգիական խնդիրները և համատեղ նախագիծ անելու առաջարկ ստացա: Մտքիս եկավ այդ գաղափարը՝ վերահրատարակել հայրիկիս գիրքը: Այսօր ես շատ ուրախ եմ, որ այս նախագիծն իրականացել է, և կարող ենք գիրքը տրամադրել մարդկանց, ովքեր աշխատում են Սևանա լճի խնդիրների ուղղությամբ:
Հարավային գիտական կենտրոնի հետ մեր կապերը շատ սերտ են, և նոր գործիքները, որոնք առաջարկում են լճի ուսումնասիրությունների համար, թույլ կտան մեկ քայլ առաջ գնալ Սևանա լճի մոդելի հետ կապված: Իմ հայրը շատ շահագրգռված էր այդ գաղափարով և ուզում էր, որ Սևանա լճի մոդելը պարտադիր ստեղծված լինի»,- ասաց Լուսինե Համբարյանը:
Ռաֆայել Հովհաննիսյանի կյանքի և գիտական գործունեության մասին, իրենց հուշերի մասին ելույթներով հանդես եկան ակադեմիկոսներ Սերգեյ Մովսիսյանը և Վիլեն Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, ակադեմիկոս Արարատ Գոմցյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը:
1973-2006թթ. Ռաֆայել Հովհաննիսյանը ղեկավարել է ՀՀ Սևանի ջրակենսաբանական կայանի աշխատանքները՝ նվիրվելով Սևանի խնդրի լուծման գործին։ Նրա նախաձեռնությամբ կայանում կազմակերպվել են հիդրոֆիզիկայի, հիդրոքիմիայի, էկոլոգիական ֆիզիոլոգիայի, փորձարարական էկոլոգիայի լաբորատորիաներ, զարգացել են գիտական ֆունկցիոնալ հիդրոէկոլոգիայի, պրոդուկցիոն հիդրոկենսաբանության նոր ուղղություններ, կիրառվել՝ նորագույն մեթոդներ և մոտեցումներ։ Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերի շնորհիվ Սևանի ջրակենսաբանական կայանը 1990թ. վերակազմավորվել է որպես ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի։
Ռաֆայել Հովհաննիսյանը նոր փորձարարական ուղղության՝ խոշոր լիմնոհամակարգերի հիդրոէկոլոգիական ցուցանիշների փոփոխության հիման վրա էկոսեյսմոկանխագուշակման հեղինակն ու ղեկավարն էր։
Նա մշակել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել նաև Հայաստանում «Էկոլոգիական գիտության զարգացման հիմնական ուղիները» ծրագիրը։
Գիտական մեծ ավանդ է Ռաֆայել Հովհաննիսյանի դոկտորական դիսերտացիան «Սևանա լճի անթրոպոգեն աղտոտման և նրա բացասական հետևանքները կանխելու ուղիները» թեմայով, որը նա պաշտպանել է 1988թ․Մոսկվայի պետական համալսարանում։ Այն միակ ամփոփ աշխատությունն է, որը ոչ միայն ընդգրկում է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանին վերաբերող բազմամյա հետազոտությունների արդյունքները, այլև խոր գիտական վերլուծությամբ ցույց է տալիս Սևանի հիմնահարցի լուծման հնարավոր լավագույն տարբերակները՝ օգտագործելով ժամանակակից մաթեմատիկական մեթոդները, առաջադրելով կենսածին տարրերի ներհոսքը կարգավորելու ճանապարհով լճի էկոլոգիական վիճակի վերականգնման ինքնատիպ մոդել։
Հիդրոէկոլոգիական ցուցանիշների հիման վրա Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել է ջրի որակի ռետրոսպեկտիվ վերլուծություն, որը կարևոր նշանակություն ունի խոշոր հիդրոէկոհամակարգերի էկոլոգիական վիճակի գնահատման և կանխագուշակման համար։ Ստացված գիտական հետազոտության արդյունքներն օգտագործվել են Սևանա լճի ջրահավաք ավազանի բնապահպանական միջոցառումների մշակման ժամանակ, որոնք իրենց արտացոլումն են գտել ԱՊՀ և ՀՀ կառավարական և վարչական մարմինների հատուկ որոշումներում։
Ռաֆայել Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել է նաև հանրապետության մյուս խոշոր հիդրոէկոհամակարգերի՝ Սև քարի, Ակնալճի, Ապարանի, Կեչուտի, Մանթաշի ջրամբարների և Հայաստանի խոշոր գետերի էկոլոգիական վիճակի հետազոտում և գնահատում։ Ստացված արդյունքների հիման վրա մշակվել և ՀՀ կառավարությանն են ներկայացվել Հայաստանի հիդրոհամակարգերի բնական պաշարների պահպանման, վերականգնման և արդյունավետ օգտագործման բազմաթիվ էկոլոգիական մշակումներ և ծրագրեր։
Հովհաննիսյանը հեղինակ է 125 գիտական աշխատությունների, ներառյալ 2 մենագրությունները, որոնց գիտական ուղղվածությունը էկոլոգիական պրոցեսների հետազոտման ֆունկցիոնալ մոտեցումն է։
Մտահոգվելով Սևանա լճի ճակատագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի աշխատակիցները ձեռնամուխ են եղել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի նախագծի ստեղծմանը, որի առանցքային խնդիրը լճի ջրի դրական հաշվեկշռի ապահովումն էր։
Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների աջակցությամբ Ռաֆայել Հովհաննիսյանը հիմնավորել է լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և ՀՀ ԳԱԱ Սևանի փորձագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պայքարում էր լճի ջրային և ձկնային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման համար։
Գրականագետ Ավիկ Իսահակյանը բարձր գնահատեց Ռաֆայել Հովհաննիսյանի գիտական գործունեությունը և ավանդը Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում: Ներկայացնելով «Սևանա կղզի…» հուշապատում գիրքը՝ նա ասաց. «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ իրենց կյանքի կոչումով Սևանի սիրահարներ են: Սևանի զավակ ու որդի է եղել Ավետիք Իսահակյանը, որը չի դիտել Սևանը որպես բնության երևույթ, աշխարհագրական երևույթ, այլ դիտել է որպես կենդանի էակ: Եվ այս գիրքը երկու ասելիք ունի: Առաջին ասելիքն այն է, որ ես երեք տարեկանից մեծացել եմ Սևանի ափին՝ կղզում, որտեղ Գրողների միության հանգստյան տունն էր, Վարպետի կողքին: Ամեն ինչ տեսել եմ, զգացել, թե՛ ջրի սառնությունը, թե՛ ջրի քաղցր համը, թե՛ այդ գեղեցկությունը: Եվ երկրորդ ասելիքն այն է, թե ինչպես Վարպետը սկզբում միայնակ, հետո կամաց-կամաց իր բանակը շատացավ, պայքար էր տանում Սևանի չորացման հանցագործ ծրագրի դեմ»,- ասաց Ավիկ Իսահակյանը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին