Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գործող 649 գրադարաններից մնացել է 416-ը

Հոկտեմբեր 06,2022 15:29

«Հայաստանի Հանրապետությունում գործում է 649 գրադարան, որից 12-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայութամբ՝ պետական գրադարաններ են, 629-ը՝ համայնքային»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը՝ վկայակոչելով վիճակագրական ծառայության անցյալ տարվա տվյալները։

Նազիկ Հովասափյան

Ապա հավելեց․ «Ըստ մեկ այլ վիճակագրության՝ գործող գրադարանների թիվը կրճատվել է, մասնավորապես համայնքային գրադարանների թիվը դարձել է 370։ Վերջին տվյալներով գրադարանների թիվը շուրջ 300-ով կրճատվել է, մնացել է 370 գրադարան, 12 պետական, 34՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Ընդհանուր լինում է 416 գրադարան»։ Նազիկ Հովասափյանի խոսքով, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների աշխատողների թիվը շուրջ 800 է, որոնք վարում են 12 գրադարանները, 10-ը՝ մարզային, եւ 2 ազգային՝ Հայաստանի ազգային գրադարան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։

ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի դիտարկմամբ, գրադարանների թվի կրճատումը պայմանավորված է համայնքների խոշորացմամբ․ «Խոշորացված համայնքներ ստեղծվելուն զուգահեռ՝ որոշ գրադարաններ փակվում են կամ լուծարվում։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ համայնքները ֆինանսապես չեն կարողանում ապահովել իրենց ենթակայությամբ գործող գրադարանների բնականոն կենսագործունեությունը, ու ավագանու որոշմամբ փակվում են»։ Նա նշեց, որ փակված գրադարանային հավաքածուների մի մասը հանձնվում է դպրոցներին, մի մասը ուղղակի պահվում է՝ լավ օրերի հույսով։

Մարիամ Համբարձումյան

Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանի խոսքով, թյուր կարծիք կա, թե ընթերցողները գրադարաններ չեն գնում եւ նախընտրում են միայն էլեկտրոնային գրքերը։ «Ունենք ընթերցողների մի խումբ, որը նախընտրում է հենց անմիջապես գրքի հետ շփումը, ոմանք նախընտրում են էլեկտրոնային գիրքը, մյուսները՝ երկուսն էլ։ Գրադարանների առաջ մարտահրավեր է դրված՝ գրադարանը համալրել ժամանակակից տեխնոլոգիաներով, որպեսզի հնարավոր լինի բավարարել ցանկացած ընթերցողի նախասիրությունը»,-նշեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը։

Գևորգ Ամիրյան

Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանի խոսքով եւս, գրադարանների մասին թյուր կարծիք է ստեղծվել․ «Մտածում են՝ ինֆանտիլ ինչ-որ կազմակերպություններ են, պասիվ՝ իրենց գործունեության մեջ։ Նույնիսկ մի շրջան կար, որ քիչ էր մնում խոսեին գրադարանների մահվան մասին»։

Գևորգ Ամիրյանն ընդգծեց, որ գրադարանային գործի ճգնաժամը հաղթահարվել է։ Նրա ձեւակերպմամբ, մարզային գրադարանները այլ խնդիր չունեն, բացի համալրումից․ «Մենք պետական կազմակերպություն ենք, սուբսիդավորվում ենք ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում, այդ գումարը աճել է, բայց համալրման համար օգտագործում ենք նաեւ այլ միջոցներ՝ բարեգործություն, նվիրատվություն եւ այլն․․․Կարծում եմ, եթե հրատարակչություններն այնքան հզոր լինեն, որ կարողանան ընթերցողների պահանջները բավարարել, մենք ընթերցողական խնդիր չենք ունենա»,-ասաց նա։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31