Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտագործել արտաքին քաղաքականության միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթության ընդլայնման. հրապարակվել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևը

Հոկտեմբեր 06,2022 15:17

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի քննարկումների արդյունքներով ընդունվել է բանաձև, որի տեքստը հրապարակվել է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Բանաձևն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևում մասնավորապես նշվում է.

«Համատեղ քննարկումներից հետո խորհրդաժողովն արձանագրում է.

  • Արցախի Հանրապետությունում կրթության և գիտության առկա վիճակը և հիմնախնդիրները,
  • որոշ երկրներում հայեցի կրթության կազմակերպման համար ոչ բարենպաստ քաղաքական-իրավական պայմանների առկայությունը,
  • Սփյուռքում կրթության կազմակերպման և դասավանդման հիմնախնդիրները, մասնավորապես՝
  • հայագիտական և հայրենագիտական առարկաների միասնական կրթական քաղաքականության, մեկօրյա և ամենօրյա դպրոցների համար ուսումնամեթոդական համալիրի (կրթական-առարկայական ընդհանուր չափորոշիչներ, ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր) բացակայությունը,
  • հայագիտական, հայրենագիտական, ինչպես նաև հայերենով դասավանդվող հանրակրթական այլ առարկաների մանկավարժական կադրերի պակասը,
  • համագործակցության և հաղորդակցության, փորձի և կրթական նյութերի փոխանակման միասնական, մշտապես ակտիվ հարթակի զարգացման անհրաժեշտություն:

Ելնելով վերոնշյալից՝ խորհրդաժողովն անհրաժեշտ է համարում.

  • հետամուտ լինել հայրենաճանաչությանը, հայկական ինքնության պահպանմանը, հայ դպրոցի և Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի զորացմանը, ազգային, հոգևոր, բարոյական և արժանապատիվ նկարագրով հայի կրթությանն ու դաստիարակությանը,
  • մշակել հայոց լեզվի և հայ գրականության, հայոց պատմության, հայրենագիտության, հայ մշակույթի և Հայոց եկեղեցու պատմության կրթական չափորոշիչներ՝ Սփյուռքում առկա կրթական ներուժի օգտագործմամբ և տեղական կարիքների հաշվառմամբ,
  • մշակել և իրականացնել Սփյուռքի համայնքների կարիքներին ուղղված հեռավար ձևաչափով կրթության կազմակերպման ծրագրեր (սկզբնական շրջանում առանձին կրթական ծրագրերի, մոդուլների տեսքով),
  • օգտագործել արտաքին քաղաքականության միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթության ընդլայնման և բովանդակային զարգացման,
  • նպաստել արևմտահայերենի պահպանմանը և խրախուսել դրա գործածությունը։

 

Այս տեսլականն իրագործելու նպատակով անհրաժեշտ է.

  • շարունակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համահայկական ծրագրերի իրագործումը,
  • հետամուտ լինել Հայաստանում արևմտահայերենի ուսուցիչների պատրաստման մագիստրոսական կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը,
  • ավելացնել հայալեզու ամենօրյա դպրոցների համար ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող կրթական ծրագրերով պետպատվերով ընդունելության տեղերի թվաքանակը՝ ապահովելով շրջանավարտների մրցունակությունը իրենց երկրների կրթական համակարգում,
  • մանկավարժամեթոդական աջակցություն ցուցաբերել Սփյուռքի կրթօջախներին կիրառվող ուսումնական համալիրի բարելավման ուղղությամբ,
  • ստեղծել Սփյուռքում մանկավարժների և աշակերտների՝ հայերենի իմացության աստիճանի որակավորման մեխանիզմներ՝ տրամադրելով պետական հավաստագիր,
  • Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ սովորողների մասնագիտական և ազգային-մշակութային ուղղվածությամբ ամառային դպրոցներ, ճամբարներ, օլիմպիադաներ, շրջայցեր,
  • մշակել և իրականացնել սփյուռքահայ կրթական հաստատությունների ուսուցիչների, ծնողական համայնքի մանկավարժահոգեբանական աջակցության ծրագրեր,
  • հետամուտ լինել այլ պետություններում գործածվող այլալեզու դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում Հայաստանի և հայերի մասին նյութերի և տեղեկատվության պատշաճ ներկայացմանը,
  • նպաստել օտարերկրյա համալսարաններում և գիտական կենտրոններում հայագիտության զարգացմանը»:

 Նշենք, որ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովն անցկացվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թ. օգոստոսի 16-21-ին Աղվերանում: Խորհրդաժողովը միավորել էր Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Խորհրդաժողովին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները, արևմտահայերենի պահպանման ուղղությամբ կատարվող գիտական աշխատանքները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեությունը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Սփյուռքի համար իրականացվող ծրագրերը։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31