Սյունիքի թիվ 35 ընտրատարածքային հանձնաժողովը հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ նիստում գրանցել է Քաջարան համայնքի ավագանու ընտրված անդամներին։ 15 մանդատից 1-ը «Հանրապետություն» կուսակցությանն է․ ավագանու անդամ գրանցվեց ցուցակը գլխավորող, Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։
4 մանդատ բաժին ընկավ «Քաղաքացիական պայմանագրին»․ ցուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող Անի Խաչյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ավագանու ընտրված անդամներ են համարվում ցուցակը գլխավորող, գործարար Արմեն Առաքելյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավտոգրեյդավար Համլետ Ալավերդյանը, 6-րդ հորիզոնականում գտնվող Քաջարանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Գոհար Վարդանյանն ու ԶՊՄԿ–ի թիվ 1 մանկապարտեզի վարիչի տեղակալ, ընտրացուցակի 9-րդ համար Համեստ Ծատրյանը։
«Դեպի միասնություն» դաշինքի ընտրացուցակի 1-ից մինչեւ 10 համարի թեկնածուները ստացել են ավագանու անդամի մանդատ։ Ցուցակը գլխավորում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Մանդատներ են ստացել նաեւ ԶՊՄԿ–ի աշխատակիցներ Կարեն Համբարձումյանը, Արեւիկ Հայրապետյանը, Հովիկ Մարգարյանը, Կարեն Աթայանը, Արմեն Առաքելյանը, Կարինե Մակիյանը, Դավիթ Գեւորգյանը, Քաջարանի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցչուհի Աննա Դանիելյանը, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Առաքելյանը։
Նկատենք, որ անդամներից երկուսը նույն անուն ազգանունն ունեն՝ Արմեն Առաքելյան․ մեկը՝ կառավարող ուժից է, մյուսը՝ «Դեպի միասնություն» դաշինքից։
Կարդացեք նաև
Իրավունքի ուժով համայնքի ղեկավար է ընտրվելու Մանվել Փարամազյանը, քանի որ վերջինս գլխավորած դաշինքը ստացել է ընտրողների 67 տոկոս քվեն։
Նշենք, որ «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող ու ավագանու անդամ դարձած Վարդան Գեւորգյանն ու Արմեն Առաքելյանը շնորհավորել են Մանվել Փարամազյանին, պատրաստակամություն հայտնել աջակցել համայնքի զարգացման ծրագրերին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ