Հոկտեմբերի 5-ից ԳԱԱ-ում մեկնարկել է «Շրջակա միջավայրի պահպանության հետբուհական նորարարական կրթություն. մեթոդներ և գործիքներ» խորագրով եռօրյա գիտաժողովը։ Ծրագիրն ամփոփում է «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)ե կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» (MENVIPRO) կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի արդյունքները, Հայաստանում և Վրաստանում հետբուհական նորարարական բնապահպանական կրթության զարգացման ներկա պահանջները, Եվրոպական միության գործընկերների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի լավագույն փորձը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղայանը հաջողություն մաղթեց ծրագրի ընթացքին, իսկ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ իրենց կենտրոնը ակադեմիայի համակարգի կառուցվածքային միավորներից մեկն է, որի խնդիրն է մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը։ «Դա ինքնանպատակ չէ, արագացնում է անցումը կրթությունից դեպի գիտական գործունեություն, որին նպաստում է այն հանգամանքը, որ կենտրոնի մասնագիտական ամբիոնները տեղաբաշխված են համակարգի համապատասխան գիտահետազոտական կազմակերպություններում, որտեղ աշխատում են գործող գիտնականներ, որոնք դասավանդում են կենտրոնում»,-նշեց ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենը։
Հավելեց, որ մագիստրոսների պատրաստումը այսպիսի միջավայրում հնարավորություն է տալիս հնարավորինս արագ ինտեգրվել գործող գիտական միջավայրին։
Գիտաժողովի ժամանակ ընդգծվեց այն միտքը, որ գիտությունն ու կրթությունը չեն կարող իրարից անկախ զարգանալ, եւ որ այսօր աշխարհում գիտության և կրթության ինտեգրման ամենաարդյունավետ միջոցը համարվում են հետազոտական համալսարանները, որոնց ներկայացվող էական պահանջներից են գիտական կազմակերպությունների առկայությունը համալսարանի կազմում։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին, այն հետազոտական համալսարանի առաջին և դեռևս միակ նախատիպն է ՀՀ֊-ի կրթական համակարգում։
ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն անդրադարձավ իրենց իրականացրած ծրագրի միջոցով տարածաշրջանում, շրջակա միջավայրի ոլորտում կրթական ծրագրերի մոդեռնիզացման անհրաժեշտությանը։Նրա խոսքով, ցավոք գրեթե չունենք համալսարանական հետազոտություն․ «Այսինքն` ուսանողները ստանում են գիտելիք ,բայց ոչ հմտություն։ Այդ խնդրի լուծման համար բացվեց համապատասխան ամբիոն, որի շնորհիվ կլրացնեք այդ բացը եւ կունենանք գիտահետազոտական մի փոքրիկ օջախ՝ մեր գիտական կազմակերպության շրջանակներում»։
Արփի ՄԱՆՈՒԿՅԱՆ