Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դասական երաժշտությունը կարող է դառնալ Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացման ուղղություններից մեկը

Հոկտեմբեր 06,2022 14:50

Հոկտեմբերի 5–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Գրեմմիի մրցանակակիր՝ ամերիկացի լեգենդար ջութակահար Գիլ Շահամին և աշխարհում ամենաճանաչված օպերային տենորներից՝ մալթացի Յոզեֆ Կալեյային: Համաշխարհային երաժիշտների հետ բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Այս բացառիկ համերգը կազմակերպվել էր սիմֆոնիկ նվագախմբի ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում : Փառատոնն անցկացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի հեղինակությունը՝ որպես մշակութային ակտիվ կենտրոն, ինչպես նաև երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ «Դասական երաժշտությունը կարող է դառնալ Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացման ուղղություններից մեկը, որը ընդունված պրակտիկա է աշխարհում: Տուրիստներին հնարավորություն կտա վայելել Հայաստանում հայկական և միջազգային մակարդակի դասական երաժշտություն»,-նշեց նա:

Մինչ համերգի կայանալը՝ օպերային տենոր Յոզեֆ Կալեյան տեսաուղերձով էր հանդես եկել, որտեղ դիմում էր հայ հանդիսատեսին՝ ասելով, որ անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը Երևանում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հանրային կապերի և լրատվության բաժնի ղեկավար Ծովինար Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 5–ի համերգային ծրագիրը նվագախմբի համար շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ մասնակցում էին երկու անվանի երաժիշտներ. «Երկուսի ներկայությունն էլ հայաստանյան բեմում ձեռքբերում էր, ինչպես մեր նվագախմբի, այնպես էլ մեր երկրի համար: Յոզեֆ Կալեյան առաջին անգամ էր Հայաստանում, իսկ Գիլ Շահամը արդեն երկրորդ անգամ ելույթ ունեցավ մեզ մոտ: Նրա առաջին ելույթն անցած տարի էր՝ կրկին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում»։

Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31